«Այո, այո, սպառնացել է: Սպառնացել է բացահայտել ճշմարտությունը: Լրատվական դաշտում երբ եւ որտեղ էլ եղել է սուտ ու կեղծիք՝ մենք միշտ սպառնացել ենք՝ ամենավտանգավոր ու ամենացավալի երեւույթով՝ ճշմարտությամբ»,- Aravot.am-ի հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ Ձեր օգնականը սպառնացել է լրագրողներին, այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Անդրադառնալով սպառնալիքի պատճառներին՝ մեր զրուցակիցն ասաց. «Խոսքը հերթական ռուսական գրանտների արդարացումն ապահովելու նպատակով կազմակերպված մի խղճուկ կոնֆերանսին է վերաբերվում, որի նախապես պատրաստված հյուրերի ցանկից, ներկա էր մեկ հոգի՝ ձեր խոնարհ ծառան: Ներկա չէին ոչ միայն հայաստանյան կողմից հրավիրյալները, այլեւ՝ ռուսաստանյան կողմից: Իսկ կազմակերպիչների բացակայությունը՝ չգիտեմ էլ ինչպես բնութագրել: Նշված ժամանակին ժամանելուց, 40 րոպե հարկադրված սպասելուց, ապա լրագրողներին հետաքրքրող հարցերին եմ պատասխանել, շնորհակալություն հայտնել հրավերի համար՝ հեռացել»:
Ըստ պատգամավորի, այնուհետ կազմակերպիչներին պատկանող լրատվական կայքը՝ արդարացնելով միջոցառման տապալումը, անհասկանալի պատճառներով թիրախ է ընտրում իրեն: Իր բնութագրմամբ՝ հավանաբար, Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու խնդիր ունեին:
Ի դեպ, քննարկման կազմակերպիչը Հայաստանում ոչ անհայտ Անդրանիկ Նիկողոսյանն է, ում անունը ժամանակ առաջ նշանավորվեց ու շրջանառվեց՝ Երեւանում «Պուտին» ակումբ հիմնադրելու գաղափարով: Քննարկմանն իրենց իսկ չմասնակցությունը կազմակերպիչները բացատրում են ռուսաստանյան կողմի, մասնավորաբար, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչների չմասնակցությամբ:
«Այդ արհամարհական վերաբերմունքը Հայաստանում քննարկումների նկատմամբ, որոշ ռուսական գործընկերների կողմից, արդեն հայտնի է»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը՝ հավելելով. «Արժեզրկելով Եվրասիական ինտեգրացիայի գաղափարը՝ մարդիկ փորձում են իրենց սեփական մեքենաներին տրամադրված կարմիր դիվանագիտական համարները եւ ռուսաստանյան գրանտներն արդարացնել: Եվ ինչպե՞ս են այս պարագայում ընտրում մարդկանց, ովքեր միջպետական մակարդակում իրապես կատարում են լրջագույն աշխատանք, ինձ համար անհասկանալի է: Լավ կլիներ, որ «տերերը» դրա վրա ուշադրություն դարձնեին»:
Հարցին՝ դուք նախապես գիտեիք, թե ովքեր են կազմակերպիչները եւ շատ լավ գիտեիք նրանց անլուրջ համբավի մասին, ինչո՞ւ եք որոշել մասնակցել այդ քննարկմանը, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ, իրեն մշտապես հետաքրքրել է եւ ինքն էլ կարեւորել է Եվրասիական ինտեգրմանն ու ՄՄ-ին վերաբերվող քննարկումներին մասնակցելը, քանի որ բազմաթիվ ասելիքներ կան: Բացի դա, քննարկմանը մասնակիցների ցանկը, որը նախապես է ներկայացված եղել, բավական ներկայացուցչական է եղել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ