Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի այցը Հայաստան կարագացնի՞ ՀՀ-ի անդամակցության գործընթացը Մաքսային Միությանը

Նոյեմբեր 25,2013 13:53

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցի և Հայաստանի`Մաքսային Միության (ՄՄ) անդամակցության մտադրության միջև կապ տեսնում են գրեթե բոլոր շրջանակներում: Արդյոք Պուտինի այցը կարագացնի՞ ՀՀ-ի`Մաքսային միության անդամակցման գործընթացները, և արդյոք ՌԴ նախագահի այցը գալիս է ապացուցելու հակառակը վերջերս փորձագիտական շրջանակներում ակտիվացած այն բոլոր պնդումներին, թե հնարավոր է նաև ՀՀ-ն չանդամակցի Մաքսային միությանը:

Քաղաքագետների կարծիքներն այս հարցում գրեթե համընկնում են:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Aravot.am-ի բարձրացրած վերոնշյալ հարցերին ի պատասխան ասաց. «Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն արագացված կերպով պայմանավորված է որոշմամբ, որը ՀՀ և ՌԴ նախագահներն արդեն հնարավորություն ունեցել են քննարկելու: Իսկ եթե տեխնիկական խնդիրեր էլ կան, որոնք շտկելու կարիք ունեն, դրանք կքննարկվեն այս այցի շրջանակներում: Պուտինի այցի ընթացքում ավելի շատ կքննարկվեն ընդհանուր զարգացումներ` կապված ԵՄ-ՌԴ մրցակցության ուժեղացման հետ, ինչպես նաև կհստակեցվեն ՌԴ-ի և ՀՀ-ի դիրքորոշումները: Ինչ վերաբերում է Ռուսաստանի` հաղթանակ տանելու մասին հարցին, ապա դրա ընկալումը գոնե Արևմտյան Եվրոպայի երկրների համար ճիշտ չէ: Եվրոպայի ներսում էլ կա մրցակցություն»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Պուտինի այցը Հայաստան կարագացնի Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության գործընթացը և նշում. «Պուտինը վերջին անգամ Հայաստան էր այցելել 2006-ին, որից հետո 2008-ին, երբ նա արդեն նախագահ չէր: Փաստորեն, նա 7 տարի ՀՀ չէր այցելել, ինչը շատերը համարում էին ոչ տրամաբանական: ՀՀ-ն և ՌԴ-ն ռազմավարական դաշնակիցներ են, ՀՀ նախագահը տարեկան բազում անգամներ այցելում է Մոսկվա, իսկ Պուտինը` ոչ: Ուստի Պուտինի այցը կապված է ՀՀ-ի` եվրաինտեգրման պրոցեսի հետ, որը դժգոհություն էր առաջացնում Մոսկվայում: Ուստի Պուտինի այցը կարագացնի ՀՀ-ի` Մաքսային միության անդամակցության գործընթացները»:

Երվանդ Բոզոյանը չի կարծում, թե այստեղ հարցը Ռուսաստանի հաղթանակի մասին է ու մանրամասնում է. «ՀՀ-ի պարագայում այդ հաղթանակը հեշտ էր, քանի որ ՀՀ ամբողջ անվտանգության, տնտեսական, հատկապես էներգետիկ համակարգը կախված է ՌԴ-ից, ունենք չլուծված ԼՂՀ հակամարտություն, ՀՀ-ն ՌԴ-ից մեկ բյուջեի չափ տրանսֆերներ է ստանում»:
Ըստ պարոն Բոզոյանի` ՀՀ-ի առաջ կամ-կամ ընտրության հարց դրվեց այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները, խախտելով բալանսը, սկսեցին «ավելի ռադիկալ ձևով գնալ դեպի Եվրոպա»: Նա մասնավորապես նկատեց. «Երկար ժամանակ ՀՀ իշխանությունները կարողանում էին այդ բալանսը պահել, բայց վերջին երկու-երեք տարիների ընթացքում, երբ որոշեցին հարաբերությունները լավացնել Եվրոպայի հետ, դա Մոսկվային բարկացրեց, և ՀՀ-ի առաջ դրվեց կամ-կամ-ի հարցը: Հայաստանն այլևս ռեսուրս չուներ դիմադրելու Ռուսաստանի պահանջներին և ստիպված էր որոշում կայացնել` միանալ Մաքսային Միությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930