Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան Ռուբեն Պողոսյան. «Մանկավարժները հաճախ ոչ թե խստաբարո, այլ խստաշունչ են»

Նոյեմբեր 25,2013 12:56

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ դպրոցում ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող են ունենալ երեխաները: «Ընդհանրապես ուսուցման, դաստիարակության նպատակային պրոցեսը մարդը անցնում է 12 տարի, ինչի արդյունքում նա պետք է կարողանա շատ կարեւոր հոգեբանական հատկանիշներ ձեռք բերել, որպեսզի ձեւավորվի որպես քաղաքացի, անձ, սոցիալական դաշտում իր ակտիվությունը դրսեւորելով: Ինչ խոսք, դա դժվար պրոցես է: Մոտավորապես վեց տարեկանից սկսվում է երեխայի՝ ուսումնադաստիարակչական պայմաններում հայտնվելու վիճակը: Մեծահասակները երեխային անընդհատ ուղղորդում են նորմերի մեջ, որոնք « վերեւից», սոցիալական ինստիտուտից են նախանշված: Պատկերացրեք՝ ինչքա՜ն դժվար է այդ հանդիպումը՝ երեխան ներսից իրեն ազատ է զգում, բայց անընդհատ նրան ասում են, որ այլ ճանապարհով պետք է գնա»,- նշեց մասնագետը:

Հոգեբանի խոսքով, այս ամենը կարող է առաջանալ բազմաթիվ խնդիրներ՝ դաստիարակության, ուսուցման, մտավոր կառույցների, անձնային որակների ձեւավորման առումով:
Մասնագետը մանկավարժներին խորհուրդ է տալիս հատկապես դեռահասության շրջանում, օրինակ, սիրահարված երեխային նկատողություն անելիս նրբանկատ լինել. «Պետք է հաշվի նստել դեռահասի հետ, հասկանալ՝ ո՞վ է նա որպես անհատականություն, մարդ, հարգել զգացմունքները: Ցավոք, մանկավարժները հաճախ առաջնորդվում ենք նրանով, թե դեռահասը չի կարող է այդ տարիքում սիրել, ունենալ հասուն զգացմունքներ: Բնական է, որ չի ունենա, բայց պետք է ընդունել եղածը: Մանկավարժները մեծահասակության զարգացման մակարդակի վրա են դիտում դեռահասին, մինչդեռ երեխային պետք է ի սկզբանե հարգանքի արժանացնել»: Ռուբեն Պողոսյանի գնահատմամբ՝ մեր մանկավարժությունը երբեմն գաղափարայնացված է, ու ամեն ինչ դիտարկվում է սոցիալական նորմերի, կարծրատիպերի համատեքստում. «Արդյունքում ՝ դեռահասն ուզում է միանգամից հեռանալ մեծահասակների խմբից, դաշտից, ընկղմվել իր իսկ մեջ: Նույն պատճառով ստեղծվում են ենթամշակույթները, որոնք միջոց են դեռահասների ներքին ազատությունը ինչ-որ ձեւով դրսեւորելու»:

Ինչ վերաբերում է մի շրջան դպրոցականների կողմից ագրեսիվ ուսուցիչներին նկարահանելուն ու համացանցում տեղադրելուն՝ մասնագետը հետեւյալ կարծիքը հայտնեց. «Հաճախ մեր ուսուցիչները ոչ թե խստաբարոյություն են դրսեւորում, այլ խստաշունչ վերաբերմունք: Նրանց մեծ մասն ուզում է իր սաներին միանգամից կտրել դեռահասի արմատներից եւ տեղադրել հասուն, գիտակցական կյանքի մեջ, ինչն էլ առաջացնում է ներքին կոնֆլիկտ, ագրեսիա, բողոք, մինչդեռ կարեւոր է նաեւ հոգեպես երեխաների կողքին լինել»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930