Ավստրալիայում Թուրքիայի դեսպանատունը օգտագործեց Կանբերայի խորհրդարանը, որպեսզի տարածի իրենց քարոզչությունը, թե հայերի, հույների և ասորիների ցեղասպանություն տեղի չի ունեցել: Թուրքիայի դեսպանատունը իր շնորհակալությունն է հայտնել ավստրալիացի գործիչներին, որոնք ամերիկացի պատմաբան Ջասթին Մաքարթիին հրավիրել էին ելույթ ունենալու: Գրում է «Գրիք Ռիփորթեր» լրատվականը:
Դեռ ավելին, Թուրքիայի դեսպանատունը նշել է, որ պատմաբանը շրջել է Ավտրալիայով մեկ և ելույթներ ունեցել Մելբուրնում, Սինդեյում և Կանբերայում՝ վերականգնելու 1915թ. տեղի ունեցած պատմական «ճշմարտությունը»:
Խորհրդարանի, հայերի, հրեաների ու հույների կազմակերպության մի շարք անդամներ քննադատել են միջոցառումը՝ անընդունելի համարելով ավստրալիական խորհրդարանում ցեղասպանության մերժման կարծիք հայտնելը և հակապատմական տեսակետներ ներկայացնելը: Խորհրդարանը դատապարտել է Մաքարթիի ծայրահեղական դիրքորոշումները, ինչպես նաև այն պաշտոնյաներին, որոնք թույլատրել էին նրան ելույթ ունենալ:
Մաքարթին իր ելույթում խոստովանել է, որ 20-րդ դարի սկզբին միլիոնավոր հայեր են սպանվել, սակայն ասել է. «Դա չի արվել ցեղասպանության համակարգված ծրագրով»:
Կարդացեք նաև
Լեյբորիստական կուսակցության նախկին պատգամավոր Սթիվ Գեորգանասն իր ափսոսանքն է հայտնել Կանբերայի խորհրդարանում Թուրքիայի քարոզչությունը թույլատրելու համար, այն որակելով՝ անընդունելի արարք:
Ջասթին Մաքարթին Կանբերայի խորհրդարանում ելույթ է ունեցել նոյեմբերի 21-ին՝ ցեղասպանության ճանաչման դեմ «Ի՞նչ է տեղի ունեցել 1915-1923թթ.» միջոցառմանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ