Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Պուտինի այցը շոու է». 168.am

Նոյեմբեր 24,2013 17:28

 168.amՀարցազրույց ԱԺ պատգամավոր, արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ

 – Ինչպես հայտնի է, դեկտեմբերին նախատեսված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Արդյոք այցը պայմանավորված է Հայաստանի անդամակցությա՞մբ Մաքսային միությանը:

– Իհարկե, կապն ակնհայտ է: Դրվում է սկսված գործընթացի վերջնակետը: Սեպտեմբերից սկսած՝ շատ ագրեսիվ կերպով Ռուսաստանը քաղաքականություն է վարում խորհրդային պետությունների առնչությամբ, մասնավորապես՝ այն երկրների, ովքեր ձգտում են Եվրամիության հետ իրենց կապերն ամրապնդել: ՌԴ-ն ուժով, սպառնալիքներով, տարբեր տեսակի ճնշումներով քայլ է անում ներքաշելու այդ պետություններին Մաքսային միություն, որի մասին որևէ պատկերացում դեռևս չկա, իսկ Հայաստանից պաշտոնյաներ կան, հայտարարում են, թե ուզում են հիմնադիրները լինեն մի կառույցի, որից տեղյակ չեն: Սա հաղթարշավի վերջն է` Ռուսաստանը կարողացավ հասնել նրան, որ Հայաստանն անմիջապես շրջադարձ կատարեց ու Մաքսային միության ձևավորման, ընդլայնման  գործընթացում հայտարարեց իր ամենաակտիվ մասնակցության մասին: Ռուսաստանի, Եվրամիության համար շատ կարևոր երկիր էր Ուկրաինան, բայց Ռուսաստանը կարծես դա էլ, եթե չասենք` խափանեց, ապա երկարաձգեց Ասոցացման պայմանագրի ստորագրումը Եվրոպայի հետ: Պուտինի այցը, ըստ իս, շոու է` ցույց տալու համար, որ Հայաստանն ամբողջովին մտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական ծիրի մեջ, ինչը շատ վտանգավոր է մեր սուվերենության սահմանափակման առումով: Եվ կարծում եմ, որ առաջիկայում կլինեն նաև անակնկալներ` կխոսվի նոր, երկարաժամկետ նախաձեռնությունների ստեղծման մասին:

 – Պարոն Արզումանյան, բազմիցս խոսվեց այն մասին, թե Ռուսաստանն իբրև կորցրել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, այլևս հետաքրքրված չէ ՀՀ անդամակցությամբ: Արդյոք Վ. Պուտինի այցը գալիս է ապացուցելու հակառա՞կը:

– Չէ, ո՞վ է ասում, որ Ռուսաստանը կորցրել է հետաքրքրությունը: ՌԴ-ին Հայաստանը որպես տնտեսություն, անշուշտ, չի հետաքրքրում, Մաքսային միության մեջ Հայաստանը  0.1 տոկոս է իր ամբողջ ծավալներով ներկայացնելու: Ինչքան էլ խոսենք տնտեսական կառույցի մասին, սա աշխարհաքաղաքական խնդիր է, և Հայաստանը ՌԴ-ին հետաքրքրում է քաղաքական տեսանկյունից, ինչի հետևանքով վտանգվում է անկախությունը: Կարծում եմ` Հայաստանին որպես մոդել կիրառում են` ցույց տալու համար հետխորհրդային մյուս պետություններին, թե ինչ է սպասվում իրենց՝ Եվրամիության հետ կապերը սերտացնելու դեպքում:  Սրանք աշխարհաքաղաքական նոր իրողություններում Ռուսաստանի վերջին ճիգերն են, որոնք միտված են վերականգնելու Ռուսաստանի դիրքերը՝ որպես համաշխարհային տերություն: Բայց ես վստահ եմ, որ այդ ճիգերը դատապարտված են կործանման:

– Չե՞ք կարծում, որ գնահատականները, թե Ռուսաստանը կարողացավ ազդել Հայաստանի, հիմա էլ՝ Ուկրաինայի վրա, նպաստում են «տերության վերականգնմանը»: Արդյունքում չի՞ ստացվում, որ Ռուսաստանն այնքան ուժեղ գտնվեց, որ հաղթեց Եվրոպային:

– Աշխարհը նոր զարգացումների միջոցով է անցնում, կլինեն նոր փոփոխություններ, և հարցը պետք չէ դիտարկել առանձին գերտերությունների մակարդակով: Մենք ունենք քիչ ինֆորմացիա, թե ի՞նչ է կատարվում, բայց այն, որ Ռուսաստանը մեզ օգտագործում է` հաստատ է: Սա PR քայլ է ՌԴ-ի կողմից՝ ցույց տալու իր հզորությունն այս տարածաշրջանում: Հիմա որքանո՞վ մենք կկարողանանք առաջնորդվել միասնական շահով, մնալ մեր սկզբունքներին, հետևել ժողովրդի ցանկություններին` ժամանակը ցույց կտա, բայց այն, որ որքան թույլ, տկար ռեժիմ է, այնքան հեշտ է պարտադրել որոշումներ կայացնել, միանշանակ է: Մենք այս պահին սպասարկում ենք ՌԴ աշխարհաքաղաքական նկրտումները, որոնք հաջողության չեն հասնելու` Մաքսային միությունը չունի երկարաժամկետ հեռանկար, Եվրասիական միությունն էլ մնալու է պրոյեկտ թղթի վրա:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էմիլիա says:

    Ձեր համար ամեն ինչ շոու է,ինչպես տարիներ առաջ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930