Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարվեցին «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի հաղթողների անունները

Նոյեմբեր 23,2013 23:00

Նոյեմբերի 23 -ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Վիքին սիրում է հուշարձաններ»  միջազգային մրցույթի հայաստանյան փուլի մրցանակաբաշխությունը և ցուցահանդեսի բացման արարողությունը։

Մրցույթի մասնակիցները սեպտեմբեր ամսին պետք է բեռնեին իրենց կատարած նկարները Վիքիպեդիայի քույր նախագիծ Վիքիպահոցում։ Մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2010 թվականին Նիդեռլանդներում, այս տարի նրան մասնակցում էին 50 երկրներ։ Հայ լուսանկարիչները, առաջին անգամ հնարավորություն ունենալով ներկայացնել հայկական հուշարձանների լուսանկարները՝ լուսանկարների քանակով գրավեցին չորրորդ տեղը, զիջելով Լեհաստանին, Գերմանիային և Ուկրաինային։

Բեռնված 24000 նկարներից ժյուրին ընտրել է 37 հեղինակների կատարած լավագույն 100 լուսանկարները։ Հայաստանյան ժյուրիի անդամներն են՝ լուսանկարիչ Պողոս Պողոսյանը, «Երևան» ամսագրի հրատարակչության տնօրեն Էդուարդ Այանյանը, Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը։

Մրցանակաբաշխության ընթացքում նախ շնորհվեցին հատուկ մրցանակներ նրանց, ովքեր առավել շատ նկարներ էին բեռնել, ապա լավագույն յոթնյակը, որտեղ տեղ էին գտել 11 լուսանկարներ։

Մրցույթի կազմակերպիչ Մհեր Բեքարյանը Aravot.am-ին հայտնեց, որ ժյուրիի կողմից ընտրված տասը լավագույն լուսանկարները մասնակցելու են նաև միջազգային մրցույթին, որի արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 10-ին.

«Մենք այս տարի առաջին անգամ մասնակցեցինք, մենք գրավեցինք քանակով չորրորդ տեղը աշխարհում, դա շատ լավ է։ Չհարցնե՛ք՝ մեր հարևան երկրներն ինչքա՞ն են բեռնել. նրանք կարելի է ասել՝ չունեին։ Ինձ թվում է վատ չի, արդյունքն է, որ մենք այսօր ցուցահանդես ենք կազմակերպել, տպագիր ալբոմ ենք ունենալու»։

Ցուցահանդեսը Հայաստանի ազգային գրադարանում մնալու է մեկ շաբաթ, այնուհետև տեղափոխվելու է Գորիս, Վանաձոր, Գյումրի և Շուշի։

Լավագույն լուսանկարի հեղինակ Աիդա Այդինյանը մրցույթի մասին պատահաբար իմացել էր սոցիալական ցանցերից և ընդհանրապես հաղթելու ակնկալիքներ չի ունեցել.

«Երկրորդ տեղը, որ հայտարարեցին, ասացի. «Լավ, էլ առաջին տեղը գրավելու շանսեր չունեմ»։ Հաղթող լուսանկարը Գեղարդավանքից էր,  այդ անգամ՝ հանգստյան օրերին,  ընկերներով գնացել էինք,  մի անգամից լուսանկար արեցի,  որը,  փաստորեն,  հաղթեց»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Բիշարյան չեմ ժողովուրդ, Բեքարյան։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930