Parliament.am. Նոյեմբերի 22-ին ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները այցելեցին Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի, որտեղ հայ խորհրդարանականներին ողջունեց Ուրուգվայի թեմի առաջնորդ Տեր Հակոբ արքեպիսկոպոս Քլնճյանը: Հայ պատգամավորները եղան Ներսիսյան կրթական հաստատությունում, հանդիպեցին ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ուրուգվայն այն երկիրն է, որտեղ ապրում են ոչ միայն ազգությամբ հայեր, այլեւ հոգով հայեր՝ ի դեմս բարեկամ ու սրտակից ուրուգվայցիների: «Ես վստահ եմ, որ գտնվում եմ եղբայրական երկրում, որտեղ նաեւ իմ հայրենակիցների շնորհիվ ջերմ մթնոլորտ է ստեղծված Հայաստանից ժամանած խորհրդարանականներիս համար: Այդ մթնոլորտի ակունքները գալիս են շատ հեռվից, մասնավորապես այն ժամանակներից, երբ երկրի իշխանություններն ու ուրուգվայցիները գրեթե մեկ դար առաջ երկիր ներգաղթած հայերին ընդունել են եղբայրների ու քույրերի պես, եւ այդ բարեկամությունը շարունակվում է մինչեւ օրս», -ասաց ԱԺ նախագահը: Նա եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Ուրուգվայի իշխանություններին՝ աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու եւ դատապարտելու համար: «Ուրուգվայի ղեկավարության արդարամտության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ այստեղ երկրի Նախագահի մակարդակով պաշտոնապես հայտարարվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մայրաքաղաք Մոնտեվիդեոյում հատուկ թանգարանի կառուցման մասին»,- նշեց ԱԺ նախագահը: Նա շնորհակալություն հայտնեց հայ համայնքի ներկայացուցիչներին՝ տարածությամբ Հայաստանից հեռու՝ բարեկամ երկրում, հայ ժողովրդի անունն ու պատիվը բարձր պահելու, Հայաստանն ու Ուրուգվայը մերձեցնելու ջանքերի, հայապահպան գործունեության ու հայ մնալու համար: Նա կոչ արեց պահպանել ինքնությունն ու ազգային գիտակցությունը, ավանդույթները, լեզուն ու մշակույթը: «Ի դեմս ձեզ՝ մենք ունենք հուսալի հենարան եւ ամուր կամուրջ երկու պետությունների ու ժողովուրդների միջեւ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Աժ նախագահը եւ պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: