Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ

Նոյեմբեր 23,2013 15:41

 Parliament.am. Նոյեմբերի 22-ին Մոնտեվիդեոյում՝ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայում, ՈւԱՀ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ:

Ողջունելով ԱԺ նախագահին` Խերման Կարդոսոն նշեց, որ Ուրուգվայը կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Նրա համոզմամբ միջխորհրդարանական համագործակցությունը մեծ դերակատարություն ունի միջպետական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում, եւ նման այցերը նպաստում են երկու երկրների բարեկամության ամրապնդմանը:

Հովիկ Աբրահամյանը նույնպես կարեւորեց երկկողմ համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով եւ երկու խորհրդարանների համագործակցությունը տարբեր ձեւաչափերով: Նա անհրաժեշտ համարեց երկու երկրների միջեւ ձեւավորված իրավական դաշտի արդիականացումը եւ ընդլայնումը, որը պարարտ հող կստեղծի տարբեր ոլորտներում, հատկապես առեւտրատնտեսական բնագավառում ակտիվ համագործակցության համար:

Զրուցակիցները կարեւոր համարեցին միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, բարեկամական խմբերի համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Կողմերը շեշտեցին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: «Այսօր Հարավային Կովկասում ստեղծված փխրուն անվտանգության պահպանման անհրաժեշտության պարագայում առավել գիտակցված պետք է լինի միջազգային հանրության կողմից տարածաշրջանի երկրների հանդեպ հավասարակշիռ եւ անկողմնակալ դիրքորոշման կենսական նշանակությունը: Իսկ Ուրուգվայի՝ որպես բարեկամ երկրի սկզբունքային եւ արդարացի մոտեցումը հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ կարող է էական դերակատարություն ունենալ միջազգային ասպարեզում»,- ասաց ԱԺ նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Հովիկ Աբրահամյանը Խերման Կարդոսոյին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930