Aravot.am-ի հետ զրույցում հայտնի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, որը ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի քանդակի հեղինակն է, ասաց, որ նեղսրտած է: Պատճառը` քանդակի հետ կապված, երգչուհու հարազատների դժգոհությունն է:
Լեւոն Թոքմաջյանը, ներկայացնելով ողջ ճշմարտությունը, առ այն, թե ինչպես է եղել, որ ինքն է հանձն առել դառնալ քանդակի հեղինակը, պատմեց. «Անցյալ տարի, երբ նրա քրոջ ընտանիքն ու իր երեխաները Ամերիկայից եկան Հայաստան, թաղման արարողության ավարտից հետո եկան ինձ մոտ:
Այդ ընտանիքը ինձ շատ հարազատ է, քանի որ քրոջ ամուսինը իմ ընկերն է եղել եւ ինձ հետ երգչախմբում երգել է: Նրանք ցանկություն հայտնեցին, որ այդ գործը ես անեմ, քանի որ այդտեղ զուտ քանդակի խնդիրը չէր, պետք էր երաժշտությունը կարողանալ զգալ, այն երաժշտական դարձնել: Նրանք գտան, որ այդ գործն ամենալավը ես կանեմ: Ես հանձն առա, որ իրենք իմ պատվիրատուն լինեն, ապա էսքիզներ արեցի, նրանք տեսան, հետո վերադարձան Ամերիկա:
Անցավ մի քանի ամիս, դա անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսներն էր եւ ես ոչինչ չէի նախաձեռնել, քանի որ, բնականաբար, ինձ պետք է կանխավճար տային, որ ես քարի ընտրություն անեմ, քարի ընտրությունը եւս թողել էին ինձ վրա: Դա խնդիր էր, քանի որ ձյուն էր, ցուրտ, ես ընկա Հայաստանի շրջանները, որ քարը գտնեմ, բացի այդ Ֆլորայի կերպարը շատ փարթամ ու ճոխ է, կլորավուն, եւ ես որոշեցի երկու կտորից այն անել, քանի որ մեկ կտորից անհնար էր, որովհետեւ գերեզմանի պայմաններն էլ փոքր էին ու ես չէի կարողանա հսկայական ֆիգուր անել:
Կարդացեք նաև
Հետո ապրիլ ամսին ինձ զանգեց քրոջ ընտանիքն ու ասաց, թե Լեւոն ջան, դու պետք է ազատ աշխատես, քանի որ միայն ազատության մեջ կարող ենք տեսնել Ֆլորայի իրական կերպարը` լուսեղեն, ժպտերես, եւ ոչ այնպես, ինչպես լուսանկարներում է: Իսկ մենք գիտենք, թե ինչպիսին է նա լուսանկարներում, դրանցում` շատ գունեղ է, կոսմետիկան շատ է եւ այլն, իսկ այդ ամենը մի կտոր սպիտակ մարմարի մեջ արտահայտելը անհնար է:
Նրանք ինձ հայտնեցին, թե իրենք են պատվիրատուն, ապա մեկ ամիս անց տեղեկացրին, որ պատվիրատուն փոխվում է, դառնում Ֆլորայի ամուսինը, որը հիվանդ մարդ է ու մի ոտքը հիվանդանոցներում է, եւ նա երբեք չէր գալու տեսներ իմ աշխատանքը: Նա առողջական խնդիրներ ունի եւ շատ հիվանդագին էր ընդունում ամեն ինչ եւ ուզում էր, որ նա ճիշտ լուսանկարի նման դառնա…»:
Լեւոն Թոքմաջյանը նաեւ ասաց, որ իր համար անհասկանալի պատճառներով Ֆլորա Մարտիրոսյանի քանդակի պատվիրատուն փոխվեց: Եվ ինքն այդ գործը չէր ուզում անել, քանի որ հոգեկան այնպիսի վիճակի էին հասցրել, որ հիասթափվել էր: «Ամեն անգամ տարբերակներ էի անում, ուղարկում Ամերիկա, այնտեղից նրանք իրենց դիտողություններն էին անում, իսկ այստեղ` հարազատներն էին գալիս նայում, իրենց նկատառումներն անում, հետո նրանց թույլտվությամբ ես ձուլեցի գիպսը ու, կարծես թե, ամեն ինչ նորմալ էր, եւ սկսեցի մարմարի տաշելը: Ապա` ինձ խնդրեցին, որ ես հասցնեմ մինչեւ սեպտեմբերի 15-ը՝ Սուրբ խաչի օրը, ես էլ ժամանակից շուտ այն ավարտեցի, նրանք` եղբոր ընտանիքը, խնդրեց, որ դա տեղափոխենք:
Անցավ երեք ամիս, մեկ էլ` եղբոր ընտանիքը զավակների հետ եկավ ու սկսեց հայտարարել, թե մենք Ֆլորայի քանդակը չենք հավանում: Այստեղ հարց է առաջանում, այն ժամանակ երբ գալիս տեսնում էին, ի՞նչ էին մտածում, թող այն ժամանակ ասեին»,- ասաց Լեւոն Թոքմաջյանը, ավելացնելով, որ այստեղ դիտավորություն է տեսնում: Եվ փոխանակ երգչուհու հարազատները գան նրա հիշատակը հարգեն` ցեխ են շպրտում իր վրա: Լեւոն Թոքմաջյանին ցավ է պատճառում այս ամենը, քանի որ ինքը համզված է, որ գլուխգործոց է սարքել ու այն պետք է հասկանալ, ճիշտ ընկալել:
Նա նաեւ նշեց, որ ենթադրում է` դա ընտանիքների տարաձայնության արդյունք է, կամ գուցե այլ դրդում կա, որ ինքը չգիտի:
«Ինձ ցավ է պատճառում, որ նրանք, փոխանակ Ֆլորայի հիշատակով զբաղվեն, մանր բաների հետեւից են ընկնում, ասում են քարը լավ չի, դե եթե լավը չէր, դուք բերեիք, բայց ինչպես բերեին, որ ԱՄՆ-ում էին: Եվ հիմա նրա ամուսինը փոխանակ շնորհակալություն հայտնի, չարախոսում է: Ես ամբողջ աշխարհով մեկ, բազում փողոցներում, հրապարակներում արձաններ եմ կանգնեցնել, միջազգային եվրասիական ակադեմիայի ակադեմիկոս եմ ընտրվել, ամենուրեք հայի պատիվն եմ բարձրացրել, դրա համար նրանք եկան ինձ մոտ: Հիմա ինչո՞ւմն է բանը, չեմ հասկանում, նրանք այդ կերպ ոչ թե ինձ, այլ Ֆլորային են վարկաբեկում: Նրանք դեռ կզղջան, որ ինձ հետ վատ են վարվել: Ես երեկվա երեխան չեմ, ես վաստակ ունեմ, վիրավորված եմ, ես ժողովրդի հարգանքն ու սերն ունեմ, ժողովրդական արվեստագետ եմ, ինչո՞ւ են ուզում արատավորել իմ անունը»,-ասաց Լեւոն Թոքմաջյանը՝ հավելելով, որ ամեն մի գլուխգործոց, իսկական արվեստ իր ժամանակին ճիշտ չի ընկալվում, ժամանակ է հարկավոր լինում…
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Արձանի լուսանկարները տրամադրել է Լեւոն Թոքմաջյանը
Հիանալի գործ է, բայց Ֆլորան չէ:Մազերի պատճառով է կարծում եմ:
Բացարձակ նմանություն չեմ տեսնում, ներեցեք
Բացի այն,որ բացարձակ նմանություն չունի,նաև շատ փնթի գործ է արված:Կարծում եմ պետք է ապամոնտաժել:
Մասնգիտությամբ քանդակագործ չեմ, բայց գիտեմ, որ քանդակը եւ գեղանկարը չեն կարող լուսանկարչական ճշգրտությամբ կրկնել մարդուն, որովհետեւ այն գեղարվեստական ստեղծագործություն է:Այդ տրամաբանությամբ կարելի է նաեւ սխալ հանել Դալիին, Պիկասոյին…
Դալին և Պիկասոն գերեզմանաքարեր չեն քանդակել հարազատների պատվերով: Կա արվեստի գործ որի հետ կարող ես չհամձայնվել, չառնել տունդ չդնել, բայց կան ասպարեզներ (գերազմանոց, եկեղեցի) որտեղ գործում են կոշտ կանոններ պատկերների հետ կապված: