Հոգեկան առողջության հարցերին նվիրված միջազգային գիտաժողովը սկսեց իր աշխատանքներն այսօր «Կոնգրես» հյուրանոցային համալիրում։ Բացմանը ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը փոխանցեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ողջույնի խոսքը, որը դրական է գնահատում այս նախաձեռնությունը և մեծ սպասելիքներ ունի այս ծրագրից։
Բացմանը իրենց ողջույնի խոսքն ասեցին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան» –ի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, ովքեր նունպես դրական գնահատեցին այս քայլը և հույս հայտնեցին, որ այս ծրագրի իրականացումից հետո Հայաստանում հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց վիճակը կփոխվի դեպի դրականը։
Դ. Ամիրյանը Aravot.am–ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ առաջին գործնական քայլերը՝ կապված համայնքային մակարդակով օգնություն ցուցաբերելու հետ, իրենք արել են 2000 թվականին ։ «Խնամք» կազմակերպության հետ համատեղ գնել են սեփական տուն գյուղական տարածքներց մեկում, որտեղ սկսել են ապրել խնամքի կարիք ունեցող հոգեկան խնդիրներով մարդիկ։ Տունը նախատեսված է 3–7 անձի համար և այդ թվերի շրջանակներում բնակվողների քանակը փոփոխության է ենթարկվում։ Այժմ իրենք ուսումնասիրում են այդպիսի աշխատանքների տարբեր մոդելներ՝ Հայաստանի համար ճիշտ մոդել ընտրելու նպատակով։
Դ. Ամիրյանը կարծում է, որ այս ծրագրի զարգացման հետ մեկտեղ նաև բարձր որակ ունեցող հոգեբանների, հոգեբույժներ, սոցիալական աշխատողների պահանջարկը կբարձրանա։
Կարդացեք նաև
Նա հավելեց նաև, որ շատ կարևոր է համարում այդ ծառայություններից օգտվող մարդկանց ներկայությունը և նշեց, որ իրենք հրավիրել են այդ հարցերով զբաղվող կազմակերպությունների և կարծում է, որ նրանց բացակայությունն այսօր պայմանավորված է զուտ տեխնիկական պատճառներով։
Գիտաժողովի ընթացքում ներկաներին իր տեսակետը հայտնեց Հայկական հոգեբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, որը նշեց, թե այս դաշտի կարգավորումը կապված է նաև քաղաքացիական, օրենսդիր և իրավական դաշտերի հետ։ Նա նաև շատ կարևորեց բժշկական հոգեբանությունը բժշկական մասնագիտությունների ցանկի մեջ ներառելը, որը մինչ այժմ իրագործված չէ։
Հունգարիայից ժամանած հոգեկան առողջության գծով միջազգային փորձագետ Ժոլտ Բուգարսկին նշեց, որ այս հարցն արդիական է նաև Հունգարիայում և որ իրենք չպետք է սպասեն մինչ ինչ–որ մեկը կառաջարկի ֆինանսավորել իրենց ծրագրերը, այլ պետք է գործեն։
Նա դրական համարեց Սլովենիայի և Պրահայի փորձն այդ ոլորտում. նշեց, որ այժմ Սլովենիայում գործում է զբոսաշրջային գործակալություն, իսկ Պրահայում՝ ռեստորան, որտեղ աշխատում են հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ։ Նրա համոզմամբ` սա շատ ճիշտ քայլ է, քանի որ այս կազմակերպությունները հստակ աշխատող և շահույթ հետապնդող կազմակերպություներ են և աշխատելով այնտեղ՝ այս մարդիկ իրենց ռեալիզացնելու հնարավորություն են ստանում։
Ղրղզստանից ժամանած «Այլընտրանքների խթանում» ասոցիացիայի ներկայացուցիչ Բոլոթ Թեմիրբեկովը նշեց, որ իրենց մոտ բնակչության 1%-ն ունի խնդիրներ հոգեկան առողջության հետ կապված և այդ ոլորտում ծախսերի 87% –ը արվում է միայն 3–րդ աստիճանում , այսինքն՝ հոգեբուժարաններում։
Չեխիայից ժամանած հոգեբույժ Յան Պֆայֆերը նշեց, որ այս տեսանկյունից վիճակը դրական է հյուսիսային երկրներում , ինչպես նաև Իսպանիայում և Իտալիայում։ Նա շատ կարևորեց նաև այս հարցում հոգեկան խնդիր ունեցող անձանց կարծիքը։
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ