Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն որոշել է ուժեղանալ

Նոյեմբեր 23,2013 14:59

«Ավանդական կուսակցությունները հայ ժողովրդի հարստությունն են և նրա շահերից է բխում դրանց գործունեությունը»,-ասված է վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքում, որն այսօր ընթերցեց նրա օգնական Հայկ Թութունջյանը` ՍԴՀԿ 9-րդ համագումարում:

Համագումարը մեկնարկեց ՀՀ պետական հիմնով, ապա հնչեց կուսակցության օրհներգը: Համագումարի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սիրիայի զոհերի հիշատակը:

«Ռամկավար ազատական» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սարգսյանն էլ իր ողջույնի խոսքում նախ նկատեց, որ ավանդական կուսակցությունները Հայաստանում և սփյուռքում չունեն նախկին հեղինակությունը: «Այսօր ՌԱԿ-ը մեծ ուրախությամբ է մասնակցում այս համաժողովին, և մենք հայտարարում ենք, որ սատարում ենք ձեր հետագա բոլոր կարևորագույն գործընթացներին: Բոլորս հստակ գիտենք, թե ՀՀ-ն այսօր ինչպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, և Հնչակյան կուսակցությունն այն քաղաքական ուժն է, որը մեծ կարևորություն պետք է ունենա երկրի զարգացման գործում»,- այնուհանդերձ ասաց նա:

«Ես տասնամյակներ է, որ առնչվում եմ ձեր կառույցի գործունեության հետ, ինձ տպավորել են այն աշխատանքները, որոնք տարվում են հատկապես հայապահպանության գործում: Ինձ համար հոգեհարազատ է կուսակցության գաղափարախոսությունը, ինձ համար սոցիալական և դեմոկրատական արժեքներն անփոխարինելի են»,- այսպիսին էր տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի ողջույնի խոսքը: Բանախոսն ասաց, որ իրեն հատկապես ուրախացնում է երիտասարդների մասնակցությունը կուսակցության աշխատանքներին:

Հնչակյան երիտասարդների անունից ողջույնի եւ շնորհակալական խոսք ասաց ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Վարազդատ Եղիազարյանը, հալեպահայության անունից խոսեց կուսակցության հնաբնակներից Վազգեն Մեսրոպյանը:

«Անցել է երկու տարի, երկարամյա ցնցումներից մենք այսօր գնում ենք այս համագումարին միասնական, ուժեղացված: Չենք սխալվի, եթե նշենք, որ Հայաստանի անկյունադարձային այս իրավիճակը շարունակվում է»,-իր խոսքում ասաց ՍԴՀԿ վարչության ատենապետ Գևորգ Պերկուպեկյանը (լուսանկարում): Նա նաեւ նկատեց, որ իրենք այսօր չափից ավելի թույլ են, սակայն ժամանակն է իրավիճակը փոխելու. «Այո, իրավիճակի մեջ կան նաև որոշակի դրական դրսևորումներ, սակայն բավարար չեն»:

Ներկուսակցական հարցերից անցնելով աշխարհաքաղաքականին, Գեւորգ Պերկուպերկյանն ասաց, որ ՍԴՀԿ-ն ողջունում է ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը` հորդորելով ՀՀ իշխանություններին չկորցնել զգոնությունը:

Ինչ վերաբերվում է Արցախի հարցին, հնչակյանները գտնում են, որ այն պետք է որոշի Արցախի ժողովուրդը:
Համագումարի առաջին աշխատանքային օրն այս հանդիսավոր մասով ավարտվեց: Կուսակցության ատենապետի ընտրությունները կլինեն վաղը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930