Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նարեգ Հարթունյանն՝ ընդդեմ իր կողմից լիազորված անձանց

Նոյեմբեր 23,2013 12:52

pastinfo.am․ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննում է սփյուռքահայ գործարար ու բարերար Նարեգ Հարթունյանի բողոքը թվով 6 բնակարանների առուվաճառքի պայմանագրերը վերադարձնելուն պարտավորեցնելու և բնակարանների օտարման գործարքներով գոյացած գումարից 97.100.000 ՀՀ դրամը իրեն հանձնելու պահանջների մասին:

Հունիսի 28-ի վճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Սուքոյանի, մերժել էր Նարեգ Հարթունյանի հայցն ընդդեմ Սևակ Արզարունիի, Արտյոմ Մարտիրոսյանի, երրորդ անձ «Ռենշին» ՍՊ ընկերության` Երևանի Բաղրամյան պողոտա 2-րդ փակուղի, թիվ 8 հասցեի շենքի թիվ 19, 20, 21, 22, 23, 24 բնակարանների առուվաճառքի պայմանագրերը վերադարձնելուն պարտավորեցնելու և բնակարանների օտարման գործարքներով գոյացած գումարից 97.100.000 ՀՀ դրամը իրեն հանձնելու պահանջների մասին։ Վճռով Նարեգ Հարթունյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 1.942.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար։

Վճռում նշվում է, որ հայցվոր Հարթունյանը 27.02.2007թ. լիազորագրի հիմքով լիազորել է Սևակ Արզարունիին իր փոխարեն իր ուզած գնով և պայմաններով մասնակի կամ ամբողջությամբ վաճառել ք. Երևան, Բաղրամյան 2 նրբանցքի թիվ 8 հասցեում կառուցվելիք շենքի 0-ից բարձր 10 և 11 հարկերում 800,0քմ. մակերեսով տարածքի սեփականության իրավունքը, ստանալ գումար, հանդես գալ Նոտարական գրասենյակում, Անշարժ գույքի կադաստրում, կնքել անշարժ գույքի իրավունքի առուվաճառքի պայմանագիր, տալ հայտարարություն ձեռք բերելիս իր ընտանեկան վիճակի մասին…, «Ռենշին» ՍՊԸ-ում ներկայացնել իր շահերը, կատարել բոլոր վճարումները…։

Հետագայում Ն. Հարթունյանը, հաշվի առնելով պատասխանողներից Սևակ Արզարունու տեղեկատվությունը վիճելի բնակարաններին հասցեներ և համարներ տրամադրելու հանգամանքը, համարել է, որ բնակարանների բոլոր փաստաթղթային ձևակերպումներով զբաղվելու է պատասխանողներից Արտյոմ Մարտիրոսյանը։ Ն. Հարթունյանը 19.09.2008թ. լիազորագրի հիմքով` լիազորել է Արտյոմ Մարտիրոսյանին իր փոխարեն իր ուզած գնով և պայմաններով վաճառել /ինչպես գույքի գնի վճարման միանվագ, այնպես էլ` տարաժամկետ վճարման պայմանով/, գրավ դնել և գրավից հանել, վարձակալության, անհատույց օգտագործման հանձնել, փոխանակել, մասնատել, առանձնացնել, միավորել, սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 2-րդ փակուղի, հ. 8 շենքի թիվ 19, 20, 21, 22, 23 և 24 բնակարանները։ Դրա հետ կապված` հանդես գալ Նոտարական գրասենյակում` ստորագրել համապատասխան պայմանագիրը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում…։ …Ստորագրել իր փոխարեն և կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները և ձևական կողմերը, որոնք կապված են տվյալ հանձնարարության հետ։

Դատարանը հիմնավոր է համարել նաև պատասխանողի ներկայացուցչի տեսակետն այն մասին, որ հայցվորն իր խախտված իրավունքների պաշտպանության համար բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը: Արձանագրել, որ Ն. Հարթունյանի և Ա. Մարտիրոսյանի միջև 19.09.2008թ. լիազորագրի հիման վրա առաջացած ներկայացուցչության իրավահարաբերությունում լինելով ներկայացվող անձ` Ն. Հարթունյանը պարտավոր էր տեղյակ լինել ներկայացուցչի` տվյալ դեպքում Ա. Մարտիրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 2-րդ փակուղի, 8 շենքի թիվ 19, 20, 21, 22, 23 և 24 բնակարանների վերաբերյալ իրականացված գործարքների և դրանցից բխող իրավական հետևանքների մասին, այն հիմնավորմամբ, որ վերոնշյալ բնակարանների նկատմամբ գործարքները իրականացվել են նրա անունից և ի շահ նրա, ըստ էության որպես վաճառող կողմ հանդես է եկել հենց Ն. Հարթունյանը, հետևաբար վերջինս պետք է տեղյակ լիներ վիճելի գործարքների արդյունքներով իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, հենց գործարքների կնքման օրը։

Դատարանը գտել է, որ հայցի իրավունքի ծագման համար անհրաժեշտ է ոչ միայն իրավախախտման առկայություն, այլև այդ մասին իրավազոր անձի` տվյալ դեպքում հայցվորի իմանալու կամ չիմանալու փաստը։ Դատարանը բացառել է, որ հայցվորը իր խախտված իրավունքների մասին կարող էր չիմանալ անփութության, անտնտեսվարության կամ անզգուշության պատճառով, և վերջինս չի ներկայացրել դատարանին որևէ փաստ, որ առկա են եղել այնպիսի հանգամանքներ, որոնք թույլ կտային ենթադրելու, որ նա ուշ է իմացել իր խախտված իրավունքների մասին։

Գործով հաստատված փաստերի հիման վրա, դատարանը եկել է եզրահանգման, որ եթե հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը և պատասխանողն էլ պահանջում է կիրառել հայցային վաղեմություն, դատարանը պարտավոր է մերժել հայցն անգամ այն դեպքում, երբ գործի հանգամանքներից նույնիսկ հնարավոր է ենթադրել, որ պատասխանողը թույլ է տվել իրավախախտում։

Դատարանը չի անդրադարձել գործի մյուս փաստական հանգամանքներին` մասնավորապես, պատասխանող կողմի իրավախախտման փաստի առկայության կամ բացակայության վերաբերյալ, այն հիմքով, որ խախտված իրավունքների պաշտպանության ժամանակ հայցվոր Ն. Հարթունյանը պարտավոր էր ղեկավարվել հայցային վաղեմության` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ժամկետներով, որն էլ բաց է թողել։

Այս դատական ակտի դեմ Ն.Հարթունյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, եւ դեկտեմբերին նախատեսվում է Քաղաքացիական վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումը։

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930