Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան տապալեց Արեւելյան գործընկերության ծրագիրը

Նոյեմբեր 23,2013 14:45

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝  Եվրոպան պատրաստ չէր ՌԴ-ի նետած մարտահրավերին

Երկու ամիս առաջ Ուկրաինայի գործադիր եւ օրենսդիր մարմինները միաձայն որոշումներ կայացրեցին վիլնյուսյան գագաթնաժողովում ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին: Ի՞նչը փոխվեց այդ երկու ամսում, որ Ուկրաինան կտրուկ փոխեց իր դիրքորոշումը եւ հայտարարեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու մասին: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այս հարցերին՝ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ միանգամից մի քանի գործոններ են այստեղ դեր խաղացել: Գործոններից մեկը քաղաքագետը համարում է ՌԴ-ի կողմից Ուկրաինայի վրա ճնշումները. «ՌԴ-ն ցավոտ է ընդունում Ուկրաինայի եվրոպական կողմնորոշումը, ՌԴ-ի ներկայիս ղեկավարությունը համարում է, որ դա ՌԴ-ի նկատմամբ թշնամական քայլ է եւ ճնշում է` «մթերային պատերազմը», երբ ուկրաինական մթերքների դեմ փակվեցին ռուսական շուկայի դռները, «գազի պատերազմը»` այսօր Ուկրաինան ՌԴ-ին Եվրոպայից ավելի մեծ գումար է վճարում գազի դիմաց եւ այլն: Վերջին մեկ ամսվա ընթացքում Յանուկովիչն ու Պուտինը մի քանի անգամ հանդիպել էին, եւ ՌԴ նախագահը բավական մանրամասնորեն ներկայացրել էր Յանուկովիչին, թե ինչ է սպասվում իրեն»: Որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինայի կողմից ստորագրվելուց հետո ՌԴ-ն կանցներ գործնական քայլերի եւ կփակեր իր դռները Ուկրաինայի առջեւ՝ մեր զրուցակիցը մեկ վայրկյան անգամ չի կասկածում. «Ուկրաինայի արդյունաբերության մոտ հիսուն տոկոսի համար գլխավորը ռուսական շուկան է, ու ակնհայտ է, որ ստորագրումից հետո Ուկրաինայի, որտեղ մեծ եւ զարգացած քիմիական, սննդի եւ այլ արդյունաբերական հիմնարկներ կան, գործարանների կեսը կկանգնեին: Այսինքն՝ ՌԴ-ի կողմից կիրառվելիք սանկցիաներից հետո Ուկրաինայի տնտեսության համարյա կեսը, գոնե առաջին փուլից հետո, կտուժեր: Ի դեպ, Ուկրաինան նաեւ Եվրոպայի հետ էլ ակտիվ է աշխատում, եւ առեւտուրը Եվրոպայի հետ ավելի մեծ է, քան ՌԴ-ի հետ»:

Բայց, ըստ քաղաքագետի, Ուկրաինայի դիրքորոշման նման փոփոխության մեջ առավել մեծ դեր ունեցավ Եվրամիության դիրքորոշումը. «Եվրոպան Արեւելյան գործընկերությանը եւ այդ ինտեգրացիոն գործընթացին գլոբալ չէր նայում, այլ ավելի տեխնիկական, որպես կոնկրետ ծրագիր Ուկրաինայի հետ: Եվրոպան այդ հարցին չէր նայում որպես խոշորագույն պայքար` երկու բեւեռների միջեւ: Ակնհայտ է, որ դա Ուկրաինային ձեռնտու չէր: Եթե ԵՄ-ն այդ հարցին նայում էր որպես տեխնիկական, ուրեմն Ուկրաինայի այդ հզոր կորուստները նույնիսկ մասամբ չէր կոմպենսացնի: Մինչդեռ ՌԴ-ի համար այդ ինտեգրումը գլոբալ հարց է, կողմնորոշման փոփոխություն»: Մեր զրուցակիցը ոչ պակաս կարեւոր է համարում Արեւելյան գործընկերության ծրագրի նկատմամբ տարբեր դիրքորոշումները Եվրոպայի ներսում: Այդ իմաստով նա Եվրոպան երեք խմբի է բաժանում. «Այն երկրները, որոնք ընդհանուր սահման ունեին Ուկրաինայի եւ ՌԴ-ի հետ` Լեհաստան, Չեխիա, Հունգարիա, Սլովակիա, Բալթյան երկրներ, շահագրգռված էին Արեւելյան գործընկերության ծրագրի զարգացմամբ: Բայց Եվրոպայում կան երկրներ` Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Հունաստանը, որոնց համար միջերկրական խնդիրները` միգրացիան աֆրիկյան երկրներից, ավելի կարեւոր էին: Եվ կան երկրներ` Գերմանիան, Հոլանդիան, Շվեդիան, որոնք հարցն ակնհայտ քաղաքականացնում էին` առաջ մղելով Յուլյա Տիմոշենկոյի խնդիրը: Այսինքն՝ Արեւելյան գործընկերության ծրագրում երկրների երեք տարբեր շերտերը տարբեր խնդիրներ էին տեսնում, ծրագրի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը միասնական չէր: Ու այդ տարաձայնություններն առավել արտահայտվեցին Ուկրաինայի հարցում: Պատկերացնում եք, խոշորագույն վերադասավորման հարց է լուծվում, իրենք գալիս ասում են` Տիմոշենկոյին ազատ արձակեք: Պարզ է, որ դա ակնհայտ, ամոթալի, անլուրջ մոտեցում է, անգամ քննարկել չարժե այդ թեման: Մանավանդ, ի պատիվ Տիմոշենկոյի՝ հենց Տիմոշենկոն հայտարարեց, որ իր հարցը պետք չէ առաջ բերել, քանի որ խոշոր հարց է լուծվում»:

Երրորդ գործոնը, որը նպաստեց Ուկրաինայի որոշմանը, Ստեփան Գրիգորյանը համարում է ԱՄՆ-ի պասիվ դիրքորոշումը. «Լուրջ ու մեծ գործընթաց էր գնում, որտեղ մենք չտեսանք ԱՄՆ-ի շահագրգռվածությունը: Ես նույնիսկ կասեի, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէր Արեւելյան գործընկերության ակտիվացումից: ԱՄՆ-ի նման հզոր խաղացողի պասիվ դիրքը նույնպես իր դերը խաղաց: Կարծես թե ԱՄՆ-ն ակնհայտ սոլիդար պետք է լիներ Եվրոպայի հետ, բայց մենք դա չտեսանք»:
Դիտարկմանը` կարելի՞ է արձանագրել, որ խոշոր հաշվով Եվրոպան ինքը պատրաստ չէր այս ծրագրին, մեր զրուցակիցը համաձայնեց` հավելելով, որ Եվրոպան պատրաստ չէր ՌԴ-ի մարտահրավերին՝ այն իմաստով, որ հարցը չէր դիտարկում կողմնորոշումների փոփոխության եւ խոշոր վերադասավորումների համատեքստում: Ու քանի որ Եվրոպայում նաեւ տարբեր մոտեցումներ կային Արեւելյան գործընկերության զարգացման առումով, բնական էր, որ կորուստների փոխհատուցում չի նախատեսվում. «Դա ուղղակի նշանակում է, որ Եվրոպան չի օգնի Ուկրաինային իր տնտեսական կորուստների հարցում, եւ սա ընդամենը գումարի փոխհատուցման հարց չէ արդեն, այլ երկրի գոյատեւման հարց: Պատկերացնո՞ւմ եք, եթե մեկ-երկու ամսում մի քանի միլիոն մարդ կորցնի աշխատանքը: Ուկրաինայում սոցիալական բունտ կբարձրանար: Այստեղ շատ կարեւոր էր Եվրոպայի մոտեցումը, եւ ճիշտն ասենք, դժբախտաբար, Եվրոպան պատրաստ չէր այդ մարտահրավերին»: Մեր զրուցակիցը բերում է նախկին սոցճամբարի երկրներից Լեհաստանի օրինակը, որի արդյունաբերության կեսը եւս կապված էր նախկին սոցճամբարի երկրների հետ` երբ ինտեգրվում էր Եվրոպային, ու եթե Եվրոպան չփոխհատուցեր, չօգներ Լեհաստանին տրանսֆորմացիայի հարցում, բնական է, որ այնտեղ էլ անկայուն իրավիճակ կստեղծվեր:

Հարցին` ի՞նչ է մնում անել այդ երկրներին, լծվել Մաքսային միությունը կայացնելու գործի՞ն, քաղաքագետը պատասխանեց. «Ոչ: Ակնհայտ է, որ ինչ-որ ժամանակ հետո պատկերը կփոխվի, քանի որ այն խոստումները, որոնք այսօր ՌԴ-ն տալիս է Ուկրաինային, Հայաստանին, իսկ խոսքը բավականին լուրջ գումարների մասին է, չեն կատարվի: Եվ չեն կատարվի ոչ թե, որ ՌԴ-ն վատն է, այլ ուղղակի ՌԴ-ն չունի այդ գումարները: Այն փուչիկը, որն այսօր փչում է ՌԴ-ն, կես տարուց, մեկ տարուց կպայթի: Ուղղակի հիմա ՌԴ-ն թասիբի ընկավ, բայց հետո՝ վիլնյուսյան գագաթնաժողովից հետո, կյանքը շարունակվելու է, այդ երկրները պետք է զարգանան, եւ արդեն ակնհայտ կդառնա, որ Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ պետք է աշխատել, այնտեղ տեխնոլոգիաներ, մշակույթ կա, զարգացած արդյունաբերություն, ու կամաց-կամաց գործընթացը կգնա: Ուկրաինայի, Հայաստանի համար ուղղակի անիմաստ է ՄՄ գնալը: Կարող է հիմա ուժով տանեն, բայց շատ արագ պարզ կդառնա դրա սին լինելը»: Ի դեպ, մեր զրուցակիցը չի բացառում, որ այժմ Մոլդովան էլ ետ կանգնի ստորագրումից, քանի որ Մոլդովայի համար, նույնիսկ աշխարհագրական տեսանկյունից, Ուկրաինայի որոշումը հիմնաքարային էր:

Մեկ այլ դիտարկման հետ, որ վիլնյուսյան գագաթնաժողովը, որին այդքան երկար ժամանակ սպասում էին բոլորը, այսօր փաստացի կարելի է տապալված համարել, մեր զրուցակիցը համաձայնեց` հավելելով. «Այն, որ Եվրոպան այդքան մեծ տեղ էր տալիս վիլնյուսյան գագաթնաժողովին, հենց դրանով էլ տապալեց այն: Ինչի՞ մասին էր խոսքը: Ուկրաինան սեպտեմբերին պատրաստ էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը` ստորագրեիք, Հայաստանը պատրաստ էր օգոստոսին` ստորագրեիք: Ինչո՞ւ նման մեծ տեղ տվեցիք այդ գագաթնաժողովին, որտեղ կարելի էր ընդամենն ամփոփել աշխատանքները: Ես չգիտեմ՝ այդ մեթոդիկան ո՞ւմ մտահղացումն էր, բայց սխալ էր: 2005-07 թվականներին Եվրոպական հարեւանության քաղաքականության տարբեր փաստաթղթեր էին ստորագրվում, որոնք ոչ մի բանով չէին զիջում, եթե չասեմ, որ ավելի լուրջ դրույթներ էին պարունակում, բայց դրանց նման արհեստական մեծ նշանակություն չէր տրվում. երկիրն ավարտում էր` ստորագրվում էր: Փաստորեն, Արեւելյան գործընկերության ծրագիրը տապալվեց: Ճիշտ է, Ուկրաինան էլ, Հայաստանն էլ ասում են, որ կվերադառնան այդ ծրագրերին, բայց դա արդեն նոր բան կլինի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    «մթերային պատերազմը», երբ ուկրաինական մթերքների դեմ փակվեցին ռուսական շուկայի դռները,

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/11/23/408323/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

    ինչքան մակերեսային մոտեցում ու նյւոթի չիմացություն : ու սա գրում է քաղաքագետը՞…

    «Ոչ: Ակնհայտ է, որ ինչ-որ ժամանակ հետո պատկերը կփոխվի, քանի որ այն խոստումները, որոնք այսօր ՌԴ-ն տալիս է Ուկրաինային, Հայաստանին, իսկ խոսքը բավականին լուրջ գումարների մասին է, չեն կատարվի: Եվ չեն կատարվի ոչ թե, որ ՌԴ-ն վատն է, այլ ուղղակի ՌԴ-ն չունի այդ գումարները: Այն փուչիկը, որն այսօր փչում է ՌԴ-ն, կես տարուց, մեկ տարուց կպայթի:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/11/23/408323/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
    հայկական լիբերալի երազանք… բա ով՞ ունի այդ գումարները, Ֆրանսիա՞ն՞շ, ԱՄՆ-ը՞, Անգլիան՞… թե՞ խեղճուկրակ Եվրոմոիւթյունը…

    ւ արդեն ակնհայտ կդառնա, որ Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ պետք է աշխատել, այնտեղ տեխնոլոգիաներ, մշակույթ կա, զարգացած արդյունաբերություն, ու կամաց-կամաց գործընթացը կգնա:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/11/23/408323/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
    ասում եք ԱՄՆ, Եվրոպա ու մշակույթ՞ …. էտ ինչ՞ մշակույթի մասին է խոսքը գնում ու Ռուսաստանը չունի, իսկ ԱՄՆ-ը ունի: Էլ չեմ ասում արդյունաբերության և ընդանրապես մարդկայնության մասին:
    մի խոսքով, հերթական լիբերալական անլուրջ “ջուր պղտորել” :

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930