Անդրանիկը կնոջը տված խոստման միայն առաջին մասը կատարեց
Տիկնոջ՝ Սոֆյայի ծննդյան օրը՝ մայիսի 7-ին, մահապարտների մի խումբ իր վրա է վերցնում հարձակման պատրաստվող հայկական ուժերի դասավորությունից ադրբեջանցիների ուշադրությունը շեղելու դժվար գործը: Ազատամարտիկները, որոնց թվում էր նաեւ 22-ամյա Անդրանիկը, բացում են Շուշին գրավելու ամենակարեւոր ճանապարհը, որից հետո հրամանատար Կոմանդոսի տղաները սկսում են գրոհը՝ ադրբեջանցիների համար միանգամայն անսպասելի վայրից: Շուշին ազատագրում են, բայց Անդրանիկը կնոջը տված խոստման երկրոդ մասն այդպես էլ չի կատարում: Մարտերից հետո վերջին անգամ Անդրանիկին տեսնում են ծառի տակ՝ ոտքից վիրավոր նստած, եւ մինչ օրս որեւէ մեկը չի կարողանում նրա գտնվելու վայրի, կենդանի լինել-չլինելու մասին մի տեղեկություն հայտնել: Չնայած նրան, որ հարազատների համար Անդրանիկի ճակատագիրն անհայտ է, սակայն տարիների հետ ամուսնու կենդանի լինելու հույսը կնոջ՝ Սոֆյայի համար գրեթե մարել է:
«Իմ փոքրիկ լուսանկարը միշտ գրպանում էր պահում: Աշխույժ, ուրախ ու անկանխատեսելի մարդ էր: 1000 դրամով էլ քեֆ-ուրախություն կսարքեր, երբ տեսնում էր, որ բակում նստած մեր հարեւաններն անտրամադիր են, գնում էր ու ընկերներով, զուռնա-դհոլով գալիս, շուրջպար էին բռնում ու բոլորին ներգրավում էին: Մի լավ բան անելու համար իրեն պետք չէր երկար մտածել:
Ասում էր՝ 4 որդի ենք ունենալու, մեկը՝ երգող, մյուսը՝ պարող, մեկը՝ նվագող, իսկ մյուսն էլ՝ ըմբշամարտիկ: Ասում էր, որ այն երեքին նեղացնեն, բա մեկը չլինի՞, որ նրանց պաշտպանի»,- հիշում է տիկին Սոֆյան ու մեզ ցույց տալիս ընտանեկան ալբոմում փակցված Անդրանիկին նվիրված «Սովետսկի կոմսոմոլեց» թերթում տպագրված հոդվածը: Ռուսական լրատվամիջոցն իր էջերում անդրադարձել էր Անդրանիկի՝ պարում ունեցած հաջողություններին՝ նրան բնութագրելով որպես մի հայազգի տաղանդավոր երիտասարդի: Սոֆյա Հարությունյանի պատմելով՝ Անդրանիկը պարել է պարուսույց Մուրադ Հակոբյանի խմբում, եւ չնայած պարում ունեցած մեծ հաջողություններին՝ 22 տարեկանում հասկացել ու գիտակցել է, որ ամեն ինչից վեր հայրենիքն է: Չնայած նրան, որ այս տարիների ընթացքում տիկին Սոֆյան առանձնապես չի զգացել պետության հոգածությունը, ամուսնուն անգամ «Մարտական խաչ» շքանշանի չեն արժանացրել, սակայն որդին նույն հայրենասիրական ոգով է դաստիարակվել: Այսօր Անդրանիկի որդին ճիշտ նույն տարիքում է՝ 22 տարեկան: Հորը չի տեսել, ծնվել է հոր՝ անհայտ կորելուց 1 ամիս անց, բայց այս 20-22 տարիների ընթացքում մայրը նրան գրեթե ամեն օր հոր մասին պատմել է: Տիկին Սոֆյան որդու անունն էլ է Անդրանիկ դրել՝ ամուսնու անունն իր տան մեջ ամեն օր հնչեցնելու համար:
Կարդացեք նաև
«Հորս բացակայությունը միշտ էլ զգացել եմ եւ փորձել եմ ստեղծել երեւակայական կերպար, թե հայրս կողքիս է»,- ասում է կրտսեր Անդրանիկը: Նրա համոզմամբ՝ հայրենիքի նկատմամբ սերը հորից ժառանգաբար է անցել, եւ ի տարբերություն իր սերնդակիցների, որոնք մտածում են մեր երկրից գնալու մասին, Անդրանիկը երազում է մնալու եւ իր գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու. «Մտածում եմ ստեղ մնամ, կայանամ, որ մեր երկրի համար մի լավ բան անեմ, որ բոլորը մտածեն ոչ թե Հայաստանը լքելու, այլ երազեն՝ վերադառնալու մասին»:
Ամուսնուց հետո Անդրանիկը տիկին Սոֆյայի միակ մխիթարանքն է: Տիկին Սոֆյան ճիշտ է՝ շատ ծանր է տարել ամուսնու կորուստը, սակայն չի կոտրվել, մեծ դժվարություններով որդուն ուսման է տվել: Որդին էլ մոր չարչարանքները փոխհատուցել է գերազանց գնահատականներով, գովասանագրերով ու պատվոգրերով: Անդրանիկը Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո այժմ սովորում է մագիստրատուրայում եւ համատեղության կարգով աշխատում հայաստանյան բանկերից մեկում: Ինչպես տիկին Սոֆյան է ասում, ամուսնու մասին այնքան է պատմել, որ որդին հոր մասին պատմություններն անգիր է արել, սակայն ամեն անգամ էլ Անդրանիկը հպարտությամբ ու համակ ուշադրությամբ է լսում: Սոֆյա Հարությունյանն ամուսնու հետ ընդամենն ութ ամիս է ապրել: Նրա խոսքերով. «Շուշին գրավելուց մի քանի օր առաջ Անդրանիկը Կոմանդոսից թույլտվություն էր ստացել՝ ծննդյանս օրը՝ մայիսի 7-ին, Երեւան գալու: Ստեփանակերտում, երբ պատրաստվում է բարձրանալ ուղղաթիռ, տեսնում է զարմիկին, որն իր երեխաներին ու կնոջը ճանապարհելիս է լինում Հայաստան: Երբ երեխաներին բարձրացնում են ուղղաթիռ, սկսում են աղիողորմ լաց լինել հոր հետեւից, սակայն այդ տարիներին տղամարդկանց թույլ չէին տալիս լքել Ղարաբաղը: Երբ Անդրանիկը տեսնում է, թե ինչպես են լաց լինում երեխաները, հանում է իր թույլտվությունն ու տալիս երեխաների հորը, այսինքն՝ իր տեղը զիջում է նրան՝ ասելով, թե Սոֆյային կասես՝ Շուշին կազատագրեմ, կգամ»:
Սոֆյայի խոսքերով՝ այդպես էլ չեկավ. «Հղի վիճակով՝ ոտաբոբիկ ամեն օր գնում էի փոքր օդանավակայան, որ Անդրանիկից մի լուր իմանայի, վերմակների մեջ փաթաթված մարմիններ էին բերում, վիրավոր, կտրտած, մի օր էլ լուր եկավ, թե Գորիսի հիվանդանոցում ոտքից վիրավոր մի տղա կա՝ Անդրանիկ անունով, հասանք Գորիս: Այնքան լուրեր էին գալիս մեկը մյուսի հետեւից, որ արդեն խճճվել էինք, չգիտեինք՝ սուտը որն է, ճիշտը որն է: Հիմա արդեն կինոյի ժապավենի պես այդ ամենը գալիս է ու անցնում, տարիների հետ ամրանում ես, բայց ես չեմ ուզում ամրանալ, կան բաներ, որ որպես կին՝ բնությունից քո համար չէ. երբ անում ես, դու դադարում ես կին լինելուց»:
Սոֆյայի հայրը, եղբայրն ու ամուսնու հայրը Շուշիի մարտերից հետո մի քանի անգամ եղել են այն վայրում, որտեղ վերջին անգամ տեսել են Անդրանիկին, անտառները տակն ու վրա են արել, սակայն Անդրանիկից ոչ մի հետք չեն գտել:
Տիկին Սոֆյան ամուսնու անձնազոհությունն անտեղի չի համարում, սակայն ինչպես ինքն է ասում՝ ցավ է ապրում, երբ պետության անտարբերության պատճառով Երեւանում դատարկված փողոցներ է տեսնում. «Եթե ես անտեղի համարեի այդ զոհերը եւ ասեի՝ չարժեր սրանց համար, ես ինքս ինձ կարժեզրկեի եւ սխալ մարդ կմեծացնեի, բայց այն մարդը, որ մի թիզ հողի համար պայքարել է, նրա ընտանիքը, զավակը, երբ այսօր խաղաղ պայմաններ են, չպիտի ապրելու համար մաքառի, այնպես չէ, որ այդ վատ ապրուստը համատարած է, չէ՛, մեր շրջապատում կա այդ լավ ապրելակերպը, որը մեզ նմաններին հասու չէ»: Տիկին Սոֆյային վիրավորում է նաեւ այն, որ պետությունը զոհված ազատամարտիկների ընտանիքներին թոշակը կամայականություններով է տալիս. «Գոնե այդ թոշակը պետք է ցմահ դարձնեն, որ մեր ցամաք հացի հարցը գոնե կարողանան հոգալ: Չէ՞ որ ես իմ բարեկեցիկ ապրելու հնարավորությունը մտածված տվել եմ քեզ, որ ամուսինս կենդանի լիներ՝ ինձ 20-30 տարի կպահեր: Գոնե մի բան արա, որ իրավունք ունենաս զոհվածի սերնդի վրա»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ