30 դատապարտյալ դիմում է արդարադատության նախարարին
«Մենք՝ ներքոստորագրյալ դատապարտյալներս, մեր եւ մյուս դատապարտյալների անունից դիմելով Ձեզ, ներկայացնում ենք արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում տիրող հիմնախնդիրը, որը երկար տարիներ լուծում չի ստացել, այլ ընդհակառակը՝ խորացել եւ մեծանում է օրինախախտումների քանակի տեսքով:
Այն կապված է վաղաժամկետ -պայմանական ազատման հետ, որը գործում է միայն ձեւի համար:
Մենք 26. 09. 2013-ին դիմել էինք Ձեզ՝ պարոն Թովմասյան, բաց նամակով, սակայն այդպես էլ պատասխան չստացանք, եւ մեր կողմից բարձրացված հարցը չի լուծվել, մեզ շարունակում են հակառակ ՀՀ քրեական օրենսգրքի 76, 77 եւ քրեակատարողական օրենսգրքի 114, 115 հոդվածների պահանջներին՝ ոտնահարելով, անօրինական կերպով չազատել, ենթարկելով բարոյահոգեբանական ճնշման:
Կարդացեք նաև
Պարոն նախարար, հայտնում ենք ձեզ, որ մեզանից ոմանք փորձել են դատական կարգով վիճարկել այս գործընթացը, սակայն ստացել ենք անիմաստ, աբսուրդ դատական որոշումներ, ավերջանալի դատական քննությունից հետո: Որեւէ արդյունքի չենք կարողանում հասնել՝ վերոնշյալ հարցի լուծման խնդրում, այս կամ այն պետական մարմիններին դիմելով, ներկայացնելով խնդրի անօրինական ընթացքի եւ մերժման փաստերը:
Մենք հիմնարար եզրահանգման ենք եկել, որ դատապարտյալներիս թվաքանակը ձեռնտու, շահավետ է մի խումբ անձանց, շահագրգիռ պետական պաշտոնատար անձանց համար: Դատապարտյալներս օգտագործվում ենք որպես թրաֆիքինգի առարկաներ հանդիսացող շրջանառու միջոց:
Մենք չենք բարձրաձայնում ուրիշ, այլ խնդիրների մասին, քանի որ դրանք, համեմատած այս խնդրի հետ, երկրորդական, երրորդական են:
Թիվ մեկ խնդիրը. «վաղաժամկետ պայմանական ազատման գործընթացը կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու խնդիրը», երկրորդը. «առանց ուղեկցողի տարեկան երկու անգամ կարճաժամկետ մեկնման տրամադրումը որպես խրախուսանքի միջոց», ինչը դատապարտյալներին հասարակություն վերադարձնելու, աստիճանաբար հանրությանը մոտեցնելու կարեւոր գործընթաց է:
Պարոն նախարար, մեր մեջ կան, իհարկե, քրեական հանցագործներ, կրկնահանցագործներ, բայց նաեւ դրական բնութագրվող, մեր աշխատանքով, վարքագծով, նախկիում չդատված, բազմիցս խրախուսված դատապարտյալներ էլ:
Եթե վաղաժամկետ պայմանական ազատումը չի կիրառվում, ապա ինչո՞ւ է այդ մասին հիշատակվում օրենսգրքերում:
Այլ պետությունների վրա տպավորություն գործելու համա՞ր:
Պարոն նախարար, ինչո՞ւ չեն գործում մեր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 76, 77 եւ քրեակատարողական օրենսգրքի 114,115 հոդվածների պահանջները, ինչո՞ւ ենք մենք դատապարտյալի կարգավիճակից հայտնվել գերու կարգավիճակում:
Մենք՝ բոլոր դատապարտյալներս, միահամուռ մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում նախագահին, կաթողիկոսին, ԱԺ-ին, Ձեզ՝ պարոն նախարար, որպեսզի անվերապահորեն ուժի մեջ դրվի վաղուց ընդունված, հրապարակված օրենքների ողջ համակարգը, որը վերաբերում է մեզ՝ դատապարտյալներիս, մեր իրավունքներին, եւ դրանց հարգմանը:
Հոկտեմբերի 31-ին կայացած նիստով վարչական հանձնաժողովը ազատման հավանություն տվեց 118-ից 19-ին միայն, իսկ «անկախ հանձնաժողովն», ինչպես միշտ, հավանություն կտա 4-6 մարդու, եւ այդպես յուրաքանչյուր ամիս:
Սեպտեմբեր ամսին դիմած 150-ից ազատվեցին 11-ը, մի՞թե նրանք՝ մերժվածները, կրկնահանցագործներ էին:
Արցախյան պատերազմի
մասնակից Գեորգի Դանիելյան,
եւս 30 դատապարտյալ
Ի դեպ, Արցախյան պատերազմի մասնակից Գեորգի Դանիելյանը դիմել է 4 անգամ, մերժվել է: Սա այն դեպքում, երբ չկա տույժ, քաղհայց: Դատապարտյալներից Արամ Գասոյանը տույժ-քաղհայց չի ունեցել, մերժվել է 6 անգամ: 3 անգամ խրախուսանքի ենթարկված, որեւէ անգամ տույժ չունեցող Հակոբ Կլեչյանը մերժվել է 6 անգամ, Ֆելիքս Մխիթարյանը՝ 2 անգամ:
Արսեն Գրիգորյանը մերժվել է 10 անգամ: Իսկ Ռաֆիկ Այվազյանը մերժվել է 11 անգամ՝ «իմ նկատմամբ անհիմն չի կիրառվել 3 համաներման՝ պատժի չկրած մասի կրճատման պահանջը»:
«Առավոտ» օրաթերթ