Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ նկարչուհի Նանա Արամյանի «Մանուշակագույն հեղեղ» անհատական ցուցահանդեսի բացումը «Դալան» ցուցասրահում: Ցուցահանդեսում տեղ են գտել 13 նկար, այն կտևի երկու շաբաթ՝ մինչև դեկտեմբերի 6-ը: Նկարներն հիմնականում սև և մանուշակագույն գույների մեջ էին:
Նկարչուհու այս անհատական ցուցահանդեսը հանդիսանում է 2009 թվականի մեկ այլ ցուցահանդեսի («Սև և մանուշակագույն զրույցներ») շարունակությունը: Նանա Արամյանի խոսքով շարքի հիմնական թեման սյուրռեալիստական, մետաֆիզիկ կանացի կերպար է, որին նկարչուհին անվանել է Սև-մանուշակագույն կիրք, և ում կարելի է հանդիպել բոլոր նկարներում.
«Ինձ համար սև գույնը, մթությունը ասես սիրո, կյանքի հանդեպ ունեցած դրական արարչական էներգիայի խորհրդանիշ է: Եվ ընդհանրապես մանուշակագույնը ինձ համար և՛ էմոցիայի, և՛ կրքի, և՛ հոգևոր մետաֆիզիկ վիճակի գույն է: Այս նկարներն, ասես խոսակցություններ են երկու տարբեր ֆիզիկական և հոգևոր կիրքը միավորելու»:
Aravot.am-ի հետ զրույցում Նանա Արամյանը իր այդ կանացի կերպարն անվանեց սյուրռեալիստական կենդանի մի քանդակ, որը փոխակերպվում է նկարից նկար: Նկարներից միայն մեկում է լուսավոր տեսարան, մնացածում գիշեր է, այդ փաստը նկարչուհին պարզաբանեց իր՝ սև գույնի համակրանքով.
Կարդացեք նաև
«Իմ համար այնտեղ կա ջերմություն, խորություն, մի բան, որ բազում պատկերներ է իր մեջ պարունակում: Եվ երևի թե այդ սևի հանդեպ սերը գալիս է իմ երկու հիմնական շատ մեծ նախասիրություններից՝ ռոք, մետալ երաժշտությունը և բարոկկո արվեստը»:
Նանա Արամյանը նշեց նաև, որ ի տարբերություն նախորդի նա չի ցանկացել ուղղակի զրույցների տեսքով ներկայացնել ստեղծագործությունները, այլ ներկայացրել է նրանք տարափի տեսքով: Նկարչուհին չբացառեց սև-մանուշակագույն շարքի շարունակական լինելը, բայց հիմա նա աշխատում է մեկ այլ նախագծի վրա.
«Ավելի մելանխոլիկ, մի քիչ ինքնամփոփ թեմա է: Նախագծի հիմնական հերոսը մի փոքրիկ «կախարդիկ» աղջիկ է, ով ապրում է հին, մաշված, ճաքված պահարանում»:
Արվեստագետ Սահակ Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը շատ է հավանում Նանա Արամյանի համառությունն ու սերը դեպի արվեստ և նկարչություն.
«Այսօր՝ այս ցուցահանդեսում, ևս մեկ անգամ մենք համոզվում ենք, որ նկարչուհին համառորեն փնտրում է մի գույն, մի տեսք, մի գաղափար և օր օրի վրա կարծես մոտենում է այն երազանքին, այն հեքիաթային իր պատկերացումների իդեալին, որ ամենաշատը ես ուրախ եմ, որ նա անում է դա տոնով: Ինչ-որ անում է, անում է ոչ թե ինչպես աշխատանք, այլ ինչպես տոն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ