Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ Սանկտ Պետերբուրգում նորից բացեց Շանհայի համագործակցություն կազմակերպությանը Թուրքիայի միանալու խոսակցությունը: Գրում է «Հյուրիեթ» թերթը:
Ռուսաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի համատեղ ասուլիսի ժամանակ ուրբաթ օրը Վլադիմիր Պուտինին հարցրեցին, թե ինչ կարծիք ունի Ուկրաինայի՝ Եվրամիության հետ համաձայնագրերի ստորագրումից անակնկալ կերպով հրաժարվելու մասին: Պուտինը պատասխանեց, որ որոշումը քաղաքական ոչ մի ենթատեքստ չունի, եւ նշեց, թե ուկրաինացիները պետք է դասեր քաղած լինեին Եվրամիության հետ Թուրքիայի ունեցած փորձից:
«Մենք կարող ենք Թուրքիայից հարցնել, թե ինչպես վարվենք: Թուրքիան Եվրամիության հետ բանակցությունների մեծ փորձ ունի»,- ասաց Պուտինը:
Էրդողանն իր հերթին ավելացրեց. «Ճիշտ եք: 50 տարվա փորձը հեշտ չէր մեզ համար: Ընդունեք մեզ Շանհայի համագործակցության կազմակերպություն, ու մեզ ազատեք այս հոգսերից»:
Կարդացեք նաև
Թուրքիան նախկինում էլ բարձրացրել է հարցը, իսկ ապրիլ ամսին դիմել է այս կազմակերպության դիտորդ անդամ դառնալու համար: Ի դեպ, կազմակերպությանը նույն կարգավիճակով միանալու համար ամիսներ առաջ դիմել է նաեւ Հայաստանը:
Շանհայի համագործակցություն կազմակերպության անդամներ են Ռուսաստանը, Չինաստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Ղազախստանը:
Պատրաստեց՝ Հովհաննես Իշխանյանը