Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մահացու ելքով ավտովթարի վերաբերյալ վճռաբեկ բողոք է ներկայացվել

Նոյեմբեր 22,2013 22:28

2012թ.  ապրիլի 24-ն Տավուշի մարզի Ջուջեւան  գյուղում «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհից՝ հարվածել է  քարին եւ շրջվել: Նոյեմբերյանի բնակիչ, 1975թ. ծնված  Սասուն Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա  վարելով իրեն պատկանող ավտոմեքենան,ճանապարհային երթեւեկության անվտանգությանը հակասող գործողություններ է կատարել,որի հետեւանքով մեքենայի  ուղեւորը՝ Նոյեմբերյանի բնակիչ Սմբատ Գուլքանյանը  տեղում մահացել է: Սասուն Խաչիկյանը վթարի հետեւանքով վնասվածքներ է ստացել, տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ: Ավտովթարի հետեւանքով  զոհված Ս. Գուլքանյանը  Ս. Խաչիկյանի քենակալն էր, Նոյեմբերյանի փրկարար ծառայության աշխատակից: Ս. Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով («Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է  մահ»):

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության  դատարանում դատաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքներով, ինչպես նաեւ այլ ապացույցներով հիմնավորվել է, որ  վթարի ենթարկված  մեքենայի ղեկին եղել  է ոչ թե դրա սեփականատեր Սասուն Խաչիկյանը (նա վարորդի կողքի նստատեղին քնած է եղել), այլ ՝ Սմբատ Գուլքանյանը: 2013թ. հուլիսի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության  դատարանի  դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է   Սասուն Խաչիկյանին առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ եւ արդարացնել: Այս դատավճռի դեմ վերաքննիչ  բողոք է բերել Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը, ով խնդրել է ամբողջությամբ բեկանել Սասուն  Խաչիկյանի նկատմամբ կայացված դատավճիռը, Ս. Խաչիկյանին  մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով եւ նրա նկատմամբ այդ հոդվածի սանկցիայով նախատեսված հիմնական եւ լրացուցիչ  պատիժների սահմաններում նշանակել համաչափ պատժաչափեր: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ Մ. Պետրոսյանի)  վճռաբեկության կարգով  քննության առնելով գործը՝ 2013թ.  հոկտեմբերի 17-ին որոշել է  մասնակիորեն բավարարել  Աննա Մանթաշյանի վերաքննիչ բողոքը, բեկանել Ս. Խաչիկյանի վերաբերյալ  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ գործն ուղարկել  նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ  բողոք է ներկայացրել Սասուն Խաչիկյանի  պաշտպան, փաստաբան Գուրգեն Հարությունյանը, ով վճռաբեկ բողոքում նշել է, որ  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործի քննության ընթացքում թույլ են տրվել  իրավունքի կոպիտ խախտումներ: Գուրգեն Հարությունյանը խնդրել է բավարարել  վճռաբեկ բողոքը եւ բեկանել Ս. Խաչիկյանի նկատմամբ վերաքննիչ քրեական դատարանի վճիռը, օրինական ուժ տալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության  դատարանի 2013թ. հուլիսի 4-ի դատավճռին: Վճռաբեկ բողոքի մեջ  Գ. Հարությունյանը նշել է. «Փորձաքննության եզրակացությունը գործով ձեռք բերված ապացույցներից մեկն է, այն մյուս ապացույցների նկատմամբ որևէ նախապատվություն ունենալ չի կարող, այն ենթակա է իրավական գնահատման և պարտադիր չի, որ գործով ձեռք բերված ապացույցները լինեն բացառապես նույն բովանդակության, կարևորն այն է, որ դրանք իրենց համակցությամբ թույլ են տալիս հանգելու հետևության, որ դեպքին նախորդող պահին մեքենան վարել է ոչ թե արդարացված Սասուն Խաչիկյանը, այլ տուժող Ս. Գուլքանյանը: Այս առումով զարմանալի է վերաքննիչ դատարանի կողմից նշված ձևակերպումն այն մասին, որ իբր թե առաջին ատյանի դատարանը վեր չի հանել ապացույցների միջև եղած էական հակասությունները և դրանց իրավական գնահատական չի տվել»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930