Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Ներսիսյան. «Ինչ-որ մարդկանց ձեռնտու է, որ հեղինակություններ չլինեն ոչ մի ոլորտում»

Նոյեմբեր 22,2013 21:53

«Այսօր մեր քաղաքական էլիտան ամեն ինչ անում է, որ Հայաստանում հեղինակավոր խոսք չլինի: Հեղինակավոր խոսք չլինի՝ նշանակում է հեղինակություն չլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը՝ անդրադառնալով Հայաստանում հեղինակությունների այսօրվա դերին: «Երբ հեղինակություններ չկան, հեշտ է թելադրել, հեշտ է անել այն, ինչ ուզում ես: Կարծում եմ՝ սա մի քաղաքականություն է, որը ձեռնտու է ինչ-որ մարդկանց, ձեռնտու է, որ հեղինակություններ չլինեն ոչ մի ոլորտում»,- ասաց դերասանը:

Հարցին, թե արդյո՞ք հեղինակությունների արժեզրկմանն ինչ-որ տեղ չնպաստեց և այն, որ որոշ մշակութային գործիչներ մուտք գործեցին քաղաքական դաշտ կամ ներգրավվեցին նախընտրական քարոզարշավներում, Տ. Ներսիսյանը պատասխանեց. «Երբ արվեստագետը լռում է, ասում են՝ լռեց, երբ խոսում է, ասում են PR է անում: Լռությունը, իհարկե, լավ չէ, երբ հատկապես քո երկրում տարաբնույթ իրադարձություններ են կատարվում: Պարզապես, մենք ծայրահեղ քաղաքականացված հասարակություն ենք, և ամեն ինչ կապում ենք քաղաքականության հետ»,- կարծում է դերասանը:

Նրա խոսքով՝ շատերը մտնում են քաղաքական դաշտ՝ դրանից որոշակի շահ  ակնկալելով, մյուսներն էլ մտնում են իրենց գաղափարներն առաջ տանելու համար: «Եթե իսկապես ազնիվ է նրա մղումը, եթե նա իրոք իրեն այս կամ այն կուսակցության մեջ է տեսնում, դա քննադատելի չէ: Ընդհանրապես, երբ մշակութային գործիչը հայտնվում է ԱԺ, նա հստակ պետք է իմանա՝ ինչի համար է այնտեղ: Եթե նա այնտեղ է միայն աշխատավարձ ստանալու համար, այդտեղ ամեն լավ բան վերջանում է:

Ես կարծում եմ, որ մշակութային գործիչը նախ և առաջ պետք է լինի իր ասպարեզում՝ միաժամանակ ունենալով որոշակի քաղաքացիական դիրքորոշում: Նրան պարտադիր պետք է հետաքրքրի՝ ինչ է կատարվում իր երկրում, որովհետև վաղը այդ երկրում իր երեխան է ապրելու»,- ընդգծեց պարոն Ներսիսյանը և նկատեց, որ կարևոր չէ՝ ով ինչպես է գործում, կարևորն արդյունքն է: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ մտավորականը, արվեստագետը ինչ-որ բան ասելու համար լինի որևէ հարթակում, նա դա իր տանը կամ արվեստանոցում էլ կարող է անել:

Հարց-դիտարկմանը, թե առաջ հենց մշակութային գործիչներն էին ընդդիմադիր դաշտում կանգնած, մինչդեռ այսօր այդ դաշտը Հայաստանում շատ պասսիվ է: Արդյո՞ք մշակութային գործիչների մեջ ցանկություն չի առաջանում միասին ձևավորելու ընդդիմադիր դաշտ, նոր ընդդիմություն, պարոն Ներսիսյանը պատասխանեց. «Եթե ես մտնեմ քաղաքական դաշտ, պետք է դուրս գամ մշակութային ոլորտից: Վլադիմիր Վիսոցկին ասում էր, որ եթե մշակութային գործիչ ես, արդեն ընդդիմադիր ես, բայց Վիսոցկին իր ապրելակերպով, իր քաղաքացիական կերպարով, էությամբ, դիրքորոշմամբ, իր ամեն ինչով էր ընդդիմադիր: Ես դժվարանում եմ պատասխանել՝ մշակութային գործիչը կարո՞ղ է արդյոք համատեղել մշակույթն ու քաղաքականությունը: Գուցե կարող է, բայց հազիվ թե կարողանա ձևավորել ընդդիմադիր դաշտ: Դա ռեալ չէ»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930