«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին՝ Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ մեր պատվիրակությունը Ուկրաինա կմեկնի նոյեմբերի 24-ին, իսկ 25-ին արդեն պարզ կլինի, թե որ համարի ներքո ելույթ կունենա Մոնիկա Ավանեսյանը:
Գոհար Գասպարյանը նկատեց, որ հայաստանյան կատարումը (“Choco Factory”) ոճային առումով մրցակից չունի: Իսկ, ընդհանուր առմամբ մրցակիցներ տեսնում է Գ. Գասպարյանը, բայց չցանկացավ անուններ տալ. «Վստահ կարող եմ ասել, որ մենք առաջատարներից ենք»,- հավելեց նա:
Մոնիկա Ավանեսյանն էլ ասաց, որ մեծ ցանկություն ունի մեր հայրենիքը լավ ներկայացնելու, բայց ամենից շատ ձգտում է գոհացնել իր վոկալի ուսուցչուհուն՝ Էմմա Ասատրյանին:
Գոհար Գասպարյանը տեղեկացրեց, որ այս տարի մրցույթի անցկացման կարգում մի շարք փոփոխություններ և նորամուծություններ են կատարվել. «Ներկայացվող երգերի առավելագույն թույլատրելի տևողությունը 3 րոպե է: Միավորներ հայտնող պատանիները քվեարկության արդյունքները կհայտարարեն ոչ թե տեսանյութի միջոցով, այլ հենց համերգային բեմից: Հայաստանյան քվեարկության արդյունքները կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ-2013»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի 2-րդ մրցանակակիր Դավիթ Վարդանյանը: Նորամուծություն է և այն, որ այս տարի նախորդ մեկի փոխարեն կլինի 3 մրցանակային տեղ»,- ասաց Գ. Գասպարյանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ մրցույթին այս տարի մասնակցում է 12 երկիր՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ռուսաստան, Սան Մարինո, Շվեդիա, Ուկրաինա և Ադրբեջան:
Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ