Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան վատ, այնքան լա՞վ. Քաղաքապետի խորհրդականը պարզաբանում է

Նոյեմբեր 22,2013 18:39

Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը 22.11.2013թ. բավական  մանրակրկիտ և պատկերավոր  ներկայացրել է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը կոլապսի բերելու ռազմավարական ծրագիրը։ Ընդ որում` ներկայացրել է ժամանակագրական առումով հստակ հերթականությամբ, բաշխված դերերով, անգամ երկխոսություններ ու պատճառաբանվող բառեր ներկայացնելով։  Մի խոսքով, այնքան պարզ ու մատչելի, որ թվում է, թե ծրագիրը հատուկ մշակվել է «ուղեղների կենտրոններից» որևէ մեկում և հրամցվում է հանրությանը, որպես ապագա գործողությունների ճանապարհային քարտեզ։ Տարօրինակ է սակայն, որ այդ ամենը փորձ է արվում վերագրել պետության ու Երևանի կառավարիչներին։ Մի փոքր մանրամասնենք խնդրի առնչությամբ դեպքերի ընթացքը և  թարմացնենք բոլոր նրանց հիշողությունը, ովքեր  պայքարի թոհ ու բոհի մեջ մոռացել են որոշ մանրամասներ և կոչեր ։

Ընդվզման, քաոսի և մասնավորապես հասարակական տրանսպորտի կոլապսի միտքն ամբողջ ամռան ընթացքում թևածում էր «սրտացավ ակտիվիստների» բառապաշարում։ Առիթը բաց չէր թողնվում պարբերաբար հայտարարելու ոլորտը կոլապսի հասցնելու մասին։ Այդ ամենն արվում էր բացեիբաց և նույն հայտարարողներն այսօր, ոլորտների մեջ տարբերակում չդնելով, շարունակում են իրենց «գործը»։ Ըստ երևույթին նշվածների կողմից տրանսպորտի ոլորտը կոլապսի հասցնելու ծրագրի պլանավորման փուլն ավարտվել է և  արդեն կետ առ կետ հանրությանն են ներկայացնում գործողությունների մշակված ծրագիրը, չխորշելով անգամ այնպիսի զազրելի  սցենարներից, որոնք հիվանդագին երևակայությամբ հասնում են մինչև անմարդկային ոճրագործությունների և ազգամիջյան սրացումների աստիճան։

Ամեն ինչ ավելի քան տեսանելի է ու պարզ, սակայն անհասկանալի է, թե ինչու է այս ամենը վերագրվում պետությանն ու, մասնավորապես Երևանի քաղաքապետարանին այն պարագայում, երբ արդեն ամիսներ շարունակ հենց քաղաքապետարանի կողմից է հիմնավորվում ոլորտը հնարավորինս կանոնակարգելու անհրաժեշտությունը։

Ցանկացած պայքար պետք է ունենա իր գաղափարական հենքը և միտումնավոր, մտացածին հորինվածքներն ու սուտը որևէ համախմբող արդյունքի չեն կարող հասցնել։ Մեր «սրտացավերի» մոտ այդպես էլ շարունակում է արդիական մնալ որքան վատ, այնքան լավ սկզբունքն ու այդ համատեքստում  նրանք անընդհատ ավելացնում են վատի կանխազգացողության խիստ վնասակար պաշարը։

Ցավալի է, բայց՝ փաստ։

 

Ա. Գևորգյան

Երևանի քաղաքապետի խորհրդական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930