Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարը մասնակցեց Գերմանիայի դեսպանության շենքի վերաբացմանը

Նոյեմբեր 22,2013 18:22

Նոյեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հայաստանում Գերմանիայի դեսպանատան վերանորոգումից հետո բացման արարողությանը, որին ներկա էին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանում գործող ընկերությունների և գերմանական հիմնադրամների ղեկավարներ:

Շնորհավորելով դեսպանին և դեսպանության աշխատակիցներին շենքի վերաբացման կապակցությամբ, նախարար Նալբանդյանը մասնավորապես ասաց.

«Գերմանիան առաջին երկրներից էր, որն իր դիվանագիտական ներկայացուցչությունը բացեց նորանկախ Հայաստանում:

Հիշում եմ, որ սկզբում այն տեղակայված էր Հրազդան հյուրանոցի համեստ հարկաբաժնում, այնուհետև այս գեղեցիկ առանձնաշենքում, որն այժմ լիովին հիմնանորոգված է: Գերմանիայի դեսպանատան կենսագրությունը բնորոշում է նաև մեր երկու երկրների միջպետական հարաբերությունների` այս երկու տասնամյակների ընթացքում անցած կարևոր ճանապարհը:

Գերմանիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, շատ կարևոր գործընկեր ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրոպական կառույցների շրջանակներում և միջազգային ասպարեզում: Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի կողմից Հայաստանին տնտեսական բարեփոխումների և զարգացման գործում ցուցաբերած կարևոր և շարունակական աջակցությունը:

Այսօր մեր երկու երկրների միջև հաստատված է սերտ քաղաքական երկխոսություն` ամրապնդված բարձր մակարդակի պարբերական փոխայցելություններով, առկա է արդյունավետ փոխգործակցություն` միջխորհրդարանական և տեղական իշխանությունների մակարդակով, ընդլայնվում է համագործակցությունը տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում:

Ընդամենը օրեր առաջ Բեռլինում կայացած հանդիպումները Գերմանիայի իմ գործընկերոջ` արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի և բարձրագույն իշխանության այլ ներկայացուցիչների հետ այդ երկխոսության արտահայտությունն են և այն առավել ամրապնդելու, խորացնելու և ընդլայնելու մեր երկուստեք ցանկության վկայությունը:

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանում Գերմանիայի դեսպանության այս գեղեցիկ շենքի վերանորոգման և վերաբացման կապակցությամբ:

Վստահ եմ, որ արդիականացված շինությունում, աշխատանքային այս նոր պայմաններում, Հայաստանում Գերմանիայի դեսպանության անձնակազմը` Ձեր ղեկավարությամբ, պարոն դեսպան,  առավել եռանդով կշարունակի իր կարևոր ջանքերը` ի նպաստ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման:

Նորանոր հաջողություններ եմ մաղթում Ձեզ և վերահաստատում Հայաստանի իշխանությունների ամենայն աջակցությունը Ձեր այդ կարևոր առաքելությանը»:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930