Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանի կարծիքով` ստվերը Վարդուշ մորքուրի բիզնեսում է (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2013 18:01

Եկող տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված մոտ 90 միլիարդ դրամ լրացուցիչ հարկը կհավաքվի ստվերի հաշվին: Այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա դիտարկմամբ` եթե կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հարկ-ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնել, դա նշանակում է, որ սարսափելի դժվարությամբ պիտի ստվերային դաշտը սահմանափակենք. «Այսինքն, եթե հարկերի դրույքաչափերի բարձրացում չի եղել, նոր հարկատեսակներ չեն եղել, այդ հարաբերակցությունը մեծանում է, դա կարող է տեղի ունենալ բացառապես ստվերային դաշտի կրճատման շնորհիվ: Հիմա միտում կա ստվերը կրճատելու: Քաղաքական եւ հասարակական կամք է պետք, որպեսզի այդ հարաբերակցությունն ավելանա»:

Aravot.am-ի հարցին՝ քանի որ ստվերը տնտեսության բոլոր ոլորտներում` փոքր ու միջին, եւ խոշոր բիզնեսում էլ կա, արդյոք քաղաքական նման կամք կլինի՞, որպեսզի հենց խոշորից ստվերը հարկային դաշտ բերվի, թե կրկին բեռը փոքր ու միջինի վրա կընկնի, պարոն Բոստանջյանն ասաց. «Մենք չենք կարող վերջնական այդպիսի պնդում անել, ո՞ր մի քաղաքացին չէր ուզենա, որ մեր իշխանությունները հենց այդպիսի կամք դրսեւորեն: Ես էլ ձեզ հետ միասին մտածում եմ` կանե՞ն արդյոք»:
Մանրամասն` տեսանյութում:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն էլ, պատասխանելով մեր հարցին, ասաց. «Այս տեմպերով ավելացնելով հարկեր- ՀՆԱ հարաբերակցությունը, դա առաջին հերթին քաղաքական կամքի դրսեւորում է: 6 տարվա ընթացում` մոտ 3-4%, 5-6 %-ով ավելացնել հարկեր- ՀՆԱ հարաբերակցությունը, դա իր հերթին լուրջ բեռ է բերելու, նաեւ լուրջ մարտահրավերներ է տնտեսության մեջ»:
Պարոն Այվազյանը որոշ ցուցանիշներ բերեց, ըստ որի հարկերի հիմնական մասը` 99%-ը խոշոր ընկերություններն են վճարում: «Ստվերային տնտեսությունից ենք խոսում, որտե՞ղ է ստվերը, մի հատ կարո՞ղ եք ասել: Ստվերը, երբ Վարդուշ մորքուրը սիգարետը 100 դրամով առնում է, տանում է 105 դրամով հայաթում ծախում է, դա էլ է ստվեր: Այդ օլիգարխը Վարդուշ մորքուրի անվան տակ սիգարետը 120 դրամով ծախում է, ցույց է տալիս Վարդուշ մորքուրին»:
Մանրամասն` տեսանյութում:


Հիշեցնենք, որ 2014 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը կառավարության նիստին ներկայացնելիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել էր` «2014 թվականի հարկային բեռը. հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մենք ամեն տարի ավելացնում էինք 0.3-0.4 տոկոսային դրույքով, այս պահին մենք որոշում ենք ընդունում 0.3 տոկոսային կետով 2014 թվականին չավելացնել հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, որպեսզի բիզնեսի վրա ավելորդ ճնշում չլինի, դրանով փորձելով բարելավել բիզնես միջավայրը»: ՀՀ վարչապետը նաեւ նշել էր, որ լրացուցիչ 90 միլիարդ դրամը հավաքվելու է հարկային վարչարարության առանց խստացման, սակայն չէր պարզաբանել, թե այդ լրացուցիչ գումարները որտեղից են հավաքելու: Ուստի որոշ տնտեսագետներ կարծում են, որ այդ 90 միլիարդ դրամը հավաքվելու է հենց ստվերից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930