Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանդիպում նախարարի հետ

Նոյեմբեր 22,2013 17:44

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխդեսպան Վուդվարդ Փրայսին և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Սպառազինությունների նվազեցման գործակալության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես կողմերն անդրադարձան ՀՀ առողջապահության նախարարության կառուցվածքային և գործառնական վերջին բարեփոխումներին ու նոր գործառույթներին, ինչպես նաև Սպառազինությունների նվազեցման գործակալության ծրագրի շրջանակներում համատեղ միջոցառումների ներկա ընթացքին, առկա հարցերին և հետագա աշխատանքներին:

Այս ծրագրի շրջանակներում ամերիկյան կողմը առաջարկում է դիտարկել հատուկ վտանգավոր ախտածինների հետ աշխատող կենտրոնական կառույցի մի տարբերակ, որը կտեղակայվի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում` ամբողջությամբ այնտեղ մեկտեղելով Հատուկ վտանգավոր վարակների կանխարգեման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդգծեց, որ
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն ունենալու է կառավարման կենտրոնացված համակարգ և իր հիմնական գործունեությունը ծավալելու է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ` բացի լաբորատորից ունենալով նաև այլ գործառույթներ:

«Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ կառավարության աջակցությունը տարբեր ծրագրերի իրականացման հարցում` հատկապես կարևորելով հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման գործում ԱՄՆ ջանքերը»,-նշեց նախարարը` ակնկալելով հետագա համատեղ աշխատանքների արդյունավետ իրականացում, քանզի հատուկ վտանգավոր վարակների տեսանկյունից Հայաստանը գտնվում է էնդեմիկ գոտում և պետք է պատրաստ լինել հիվանդությունների արագ արձագանքմանը:

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառազինությունների նվազեցման գործակալության համատեղ սպառազինությունների նվազեցման գրասենյակի փոխտնօրեն Բրեդլի Կարնն իր խոսքում շեշտեց, որ ծրագրի հետ կապված յուրաքանչյուր առաջարկ պատրաստ են ուսումնասիրել` հստակեցնելով համագործակցության սկզբունքները:
Անդրադառնալով առողջապահական ոլորտի տեսչական բարեփոխումներին` նախարար Դումանյանը տեղեկացրեց, որ ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունների միաձուլումը նպատակ ունի բարձրացնել տեսչական գործառույթների արդյունավետ իրականացման որակը:

Նախարարը նշեց, որ Առողջապահական պետական տեսչությունը, որը ղեկավարվելու է կառավարման խորհրդի կողմից, ունենալով ներկայացուցիչներ ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարություններից, ստանձնելու է նոր գործառույթներ` վերահսկելով բժշկական օգնության որակը, լիցենզավորման պայմանները և պահանջների պահպանումը, դեղորայքային շրջանառությունը, այդ թվում` գովազդը ոլորտում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին տարբեր ծրագրերի միջոցով հետագա համագործակցության ամրապնդումը և զարգացումը:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930