Մասնագետի կարծիքով ինքնասպանության դիմող անձը ագրեսիվության վեկտորն ուղղում է ինքն իր դեմ:
«Վանաձորի հոգեբանական վերականգնողական կենտրոն» հ/կ նախագահ, հոգեբան Արծվի Հարությունյանի կարծիքով՝ մարդը դիմում է ինքնասպանության այն ժամանակ, երբ շրջապատը, իրավիճակը կամ մարդկանց փոխելն անզոր է:
«Այդ դեպքում ագրեսիվության վեկտորն ուղղում է իր դեմ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է հոգեբանը:
Նա նկատում է, որ ինչպես սպանությունների, այնպես էլ ինքնասպանությունների դեպքում հոգեբանական առումով մարդու մոտ առկա է հուսախաբություն:
Ըստ հոգեբանի` ինքնասպանության դիմող անձինք կարող են այդ քայլը պահի տակ որոշել եւ անել, բայց եւ կարող են երկարատեւ նախապատրաստվել այդ օրվան` անգամ իմանալով ինքնասպանության դիմելու տարին, ամիսը, օրը:
«Կարող են պահի տակ որոշել, անել, կարող են շատ հանգիստ թվալ, խաղաղ թվալ, բայց երկարատեւ նախապատրաստվել, նույնիսկ ամսով, տարով: Եթե փորձ է արվում ու չի ստացվում, ուրեմն դա համարվում է ոչ իրական ինքնասպանություն, այդ դեպքում մարդն ուղղակի ուզում է, որ իր հանդեպ լավ վերաբերմունք ցույց տրվի, ուզում է ուշադրություն գրավել»,-եզրափակում է Արծվի Հարությունյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ