Թուրքիայում ապրող հայ լուսանկարիչ Արա Գյուլերը այլ արվեստագետների հետ նոյեմբերի 19-ին իր աշխատանքներից է վառել՝ ի հիշատակ 1993թ. Սիվասի (Սեբաստիա) սպանդի զոհերի և որպես բողոք՝ մեղավորներին չբացահայտելու դեմ: Գրում է «Հյուրիեթ» թերթը:
Սեբաստիայի ահաբեկչությունից 35 մարդ է կենդանի այրվել, որոնց մեծ մասը ալեւի մտավորականներ են եղել: Նույն քանակի արվեստագետներ էին հավաքվել այս միջոցառմանը:
«Այս դեպքը մարդկության դեմ հանցագործություն է, եւ այն չպետք է անցնի վաղեմության ժամկետը: Մեզ համար սա պատասխանատվության ծրագիր է», – հայտարարել են արվեստագետները: Միջոցառման կազմակերպիչը Բուբի Հայոմն էր, որը նույնպես վառել է իր աշխատանքներից մեկը Բեշիկթաշի Աթաթուրքի անվան մշակութային տանը:
1993թ. հուլիսի 2-ին 33 մտավորական է այրվել, երբ ծայրահեղականները հրդեհել են Սեբաստիայի Մադըմաք հյուրանոցը, որտեղ ալեւիների փառատոն էր անցկացվում: Մահացածների թվում են նաև հյուրանոցի երկու աշխատակիցներ, ինչպես նաև շենքի վրա հարձակվողներից երկու հոգի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ