Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը հիասթափված է Ուկրաինայի որոշումից, ԵՄ-ն հիշեցնում է Հայաստանի բացթողումները

Նոյեմբեր 22,2013 16:38

«ԵՄ-ն հարգում է ՀՀ-ի՝ ինքնիշխան պետության իրավունքը՝ Մաքսային միության անդամակցման վերաբերյալ»,-այսօր «Վարշավայից դեպի Վիլնյուս. խաչմերուկներում՝ Հայաստան և Վրաստան» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Շարունակելով՝ նա շեշտեց. «ԵՄ-ն ՀՀ-ին շարունակում է աջակցել այն ոլորտներում, որոնք ուղղված են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովմանը, որոնց վերաբերյալ որոշ օրենսդրական նախաձեռնությունների իրականացման առումով կան թերություններ: ԵՄ-ն մնում է Հայաստանի հետ համագործակցող կազմակերպություն, և Վիլնյուսից հետո փորձելու ենք գտնել համագործակցության ուղիներ, որոնք համապատասխան են ՀՀ արտաքին քաղաքականության ուղղություններին»: 

Ներկայացվեցին Արևելյան գործընկերության ճանապարհային քարտեզի 2012-13թթ. Հայաստանում և Վրաստանում անցկացված մոնիտորինգի արդյունքները:
«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանն անդրադարձավ ընտրական ստանդարտներին. «Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ կա համակարգային կոռուպցիա և տրամաբանական էր, որ քաղաքական կոռուպցիան ի հայտ կգա ընտրությունների ժամանակ: Իշխող քաղաքական ուժի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը հիմնական կոռուպցիոն դրսևորումն է ընտրությունների ժամանակ: ՀՀ վերջին ընտրությունների ժամանակ որոշ վարիացիոն տարբերություններով տեսանք այդ դրսևորումները»:

«Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը նշեց. «Մենք կփորձենք ցույց տալ, որ ժողովրդավարության թերությունը և ինստիտուտների չկայանալը մեծ հնարավորություն և տեղիք են տալիս ճնշումների, և զիջելու արդյունքում որոշումներ են ընդունվում, որի ականատեսը մենք եղանք, երբ դրամատիկ ձևով այսպես փոխվեց ուղին»:

Aravot.am-ը Բաց հասարակություն- Վրաստան հիմնադրամի ներկայացուցիչ Վանո Չխիկվաձեից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում Ուկրաինայի որոշումը՝ չստորագրել ԵՄ-ի հետ պայմանագիր: Նա պատասխանեց. «Վրաստանի տեսանկյունից դիտարկելով՝ սա բավականին հիասթափեցնող որոշում է: Ուկրաինայի օրինակը կարող է վատ օրինակ ծառայել: Այստեղ ակնհայտ է Ռուսաստանի ճնշումը: Երաշխիք էլ չունենք, որ հաջորդը չի լինի Վրաստանը կամ Մոլդովան: Վրաստանը Հարավային Կովկասում միակ երկիրն է, որը շարունակում է մնալ իր որոշմանը՝ գնալ ԵՄ, ինչը բավականին դժվար է: Ինչ վերաբերում է ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցմանը, ապա դա Ձեր կառավարության որոշումն է: Բայց այդպիսով տարածաշրջանի եվրոպականացումն ավելի բարդանում է»:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/121348527″ width=”100%” height=”166″ iframe=”true” /]

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930