– Հարց. Պարոն նախարար, Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսի գագաթաժողովին և արդյոք հայտնի՞ է Հայաստանի պատվիրակության կազմը։
– Պատասխան. Բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում և պատշաճ կարգով կհայտնվեն։
– Հարց. Այսինքն անորո՞շ է …
– Պատասխան. Որոշված է, բայց կհայտնվի համապատասխան ժամկետներում։
– Հարց. Իսկ ի՞նչ է սպասվում, ի՞նչ պետք է կնքի Հայաստանը։
– Պատասխան. Ես արդեն ասացի, ինչ-որ լինելու է, կիմանաք պատշաճ ժամկետներում և կարգով։
– Հարց. Ի՞նչ եք կարծում, Ուկրաինայի հրաժարվելը կազդի Հայաստանի մտադրության վրա:
– Պատասխան. Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես է զարգացնում հարաբերությունները հարևան երկրների հետ, տարբեր տարածաշրջանային կառույցների հետ։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Եվրամիության հետ, մենք բազմիցս արտահայտվել ենք։ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով։ Դրա մասին ասվել էր նաև այն մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր Բրյուսելում Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո: Իսկ Քեթրին Էշթոնն իր կողմից հայտարարել էր, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Դրան հավելելու բան այս պահին չկա։
– Հարց. Պարոն նախարար, նախագա՞հն է գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը:
– Պատասխան. Ես ասացի, որ մենք կհայտնենք պատշաճ ձևով և պատշաճ ժամանակահատվածում։
– Հարց. Բայց ի՞նչ է լինելու, վերջ ի վերջո ինտրիգ է չէ՞ առաջանում:
– Պատասխան. Այցելությունների մասին, տարբեր մակարդակներով կազմակերպվող միջազգային համաժողովներին մասնակցության մասին, ինչպես դուք տեղյակ եք, սովորաբար հայտնվում է… քանի օրու՞մ: Երբեք չի եղել, որ տաս օր, կամ մեկ շաբաթ առաջ հայտնվի:
– Հարց. Պարզապես հարցը հուզում է հանրությանը, այդ պատճառով…
– Պատասխան. Ես ձեզ պատասխանեցի` կտեսնեք հաղորդագրությունը և կիմանաք:
– Հարց. Եվրամիության հետ զարգացման հեռանկարնե՞ր…:
– Պատասխան. Հեռանկարները լավ են, դրական են, մենք շարունակելու ենք համագործակցությունը:
– Հարց. Հնարավոր է, որ Ուկրաինայի հրաժարվելուց հետո Արևելյան գործընկերության շեշտադրումը Եվրամիության կողմից ավելի թուլանա, և որի մեջ է հենց Հայաստանը: Այսինքն Եվրամիության հայացքը թեքվի դեպի…
– Պատասխան. Այդ հարցը պետք է ուղղել Եվրամիությանը, իսկ ինչ-որ վերաբերում է Հայաստանին, ապա մեր մոտեցման մասին, ես ասացի:
– Հարց. Վահան Հովհաննիսյանի ագրեմանի մասով, քննարկումներ կան, ինչ կասեք։
– Պատասխան. Ագրեմանը խնդրվել է, չի խնդրվել, ինչպես է ընթանում գործընթացը՝ ըստ ընդունված կարգի այդ հարցերը հրապարակային քննարկման ենթակա չեն։ Երբ որ դեսպանի նշանակման հետ կապված գործընթացները ավարտվում են, ընդունվում է որոշում, որի վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն է հրապարակվում: Ես դա ասում եմ ոչ թե որևէ կոնկրետ նշանակման վերաբերյալ, այլ ընդհանրապես ընդունված կարգը դա է։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ