«2014 թվականին, ովքեր 37 միլիարդ դրամը գերազանցող ներդրում կկատարեն Հայաստանի տնտեսության մեջ, իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության հրապարակում կազինո բացել»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Փողը տալիս ես, ինչ ուզում անում ես՝ այդպես է մեր երկրում»,-ասաց պարոն Բոստանջյանը, հավելելով, որ հնարավոր է մեծահարուստ օտարերկրացիները, որոնց համար 100 միլիոն դոլարը մեծ գումար չէ, գան ու Երեւանը դարձնեն կազինո:
Խոսքը «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության մասին է, ըստ որի, եթե նախկինում Երեւանում արգելվում էր խաղատուն բացել, հիմա 100 միլիոն դոլարի ներդրում անողները կարող են մայրաքաղաքում էլ խաղատուն ունենալ:
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն էլ ասաց, որ մայրաքաղաքում կազինո կարող են բացել նման ծավալի ներդրում անողները, սակայն այդ խաղատները, ինչպես օրենքն ու կառավարության որոշումն է նախատեսել, կարող են լինել պետական հիմնարկներից 300 մետր հեռավորության վրա, իսկ պատմամշակութային օբյեկտներից` 500 մետր հեռավորության վրա:
Վարդան Այվազյանի ներկայացմամբ` Վրաստանի բյուջեի մուտքերի մոտ 500 միլիոն դոլարը խաղատներից է, իսկ Հայաստանի բյուջեում` մոտ 20 միլիոն դոլար. «Հիմա կիջնի, որովհետեւ այդ ոլորտը փոքր է»:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ