Լրահոս
Օրվա լրահոսը

Միկրոբիզնեսին հարկերից ազատելով՝ արտագաղթն էլ կկանգնի

Նոյեմբեր 22,2013 14:11

Փոքր բիզնեսին արտոնություններ տալը, մինչեւ անգամ հարկերից ազատելը, տնտեսագետների ու այդ բիզնեսի ներկայացուցիչների կարծիքով՝ կփրկի ոչ միայն հազարավոր ընտանիքներին, այլեւ տնտեսության համար մեծ օգուտ կլինի: Փոքր բիզնեսին հարկերից ազատելը հատկապես կարեւոր է մարզերում, քանի որ այստեղ ծայրահեղ լուրջ է զբաղվածության, աշխատատեղերի խնդիրը, ու հենց մարզերից է արտագաղթի մեծ մասը:

Վերջերս լրագրողները պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ հենց մարզերում փոքր ու միջին բիզնեսին արտոնություններ չեն տալիս, ի պատասխան հարցին՝ պարոն Միրումյանը դա ռիսկային է համարել. «Արտոնությունների առումով լուրջ խնդիր կա. եթե մենք ասում ենք՝ այս տարածաշրջանին տալիս ենք արտոնություններ, բավականին հեշտ է բիզնեսը գրանցել այդ տարածաշրջանում, բայց գործունեություն իրականացնել այլ շրջանում: Սա առաջին խնդիրն է, որը թույլ չի տալիս տարածաշրջանային կտրվածքից ելնելով՝ սահմանել արտոնություններ, ու ամբողջ աշխարհն է այդպես անում»:

Մինչդեռ տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ճիշտ հակառակ կարծիքին է, եւ ըստ տնտեսագետի՝ փոքր բիզնեսին հարկերից ազատելը ոչ թե ռիսկային է, որը շատ հեշտ կարելի է վերահսկել, այլեւ բավականին մեծ օգուտ կտա եւ շատ փող կբերի մարդկանց ու տնտեսությանը:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Մակարյանն ասաց, որ մարզերում փոքր ու գերփոքր բիզնեսին անպայման պետք է, այսպես ասած՝ թողնել «ազատ շնչեն»: Այն, որ ՊԵԿ նախագահի տեղակալը կարծում է, թե Երեւանի գործարարները՝ հարկային արտոնությունից օգտվելու համար իրենց բիզնեսը փաստաթղթերով կգրանցեն մարզում, պարոն Մակարյանը գտնում է, որ այդ իմաստով էլ պետությունը կարող է որոշ չափանիշներ սահմանել՝ խուսափելու համար նման դեպքերից. «Պետք է չթույլատրել Երեւանում բիզնեսը փակել, կամ էլ կարելի է օրենքի դրույթ սահմանել, որ բիզնեսի հիմնական մասը, օրինակ՝ արտադրության, շրջանառության 51%-ը կամ 60%-ը մնա Երեւանում: Բայց քանի որ մարզերում զբաղվածությունը խթանելու, արտագաղթը կասեցնելու, սահմանամերձ վայրերում մարդկանց պահելու խնդիր կա, այս տեսանկյունից ես գտնում եմ, որ ճիշտ կլինի պետությունը նման քայլ անի: Պետությունը պետք է ասի՝ եթե դու ուզում ես մարզում բիզնես դնել, թույլատրում եմ, տալիս եմ արտոնություն, բայց մի պայմանով, որ բիզնեսիդ այսքան մասը պիտի պահպանվի Երեւանում, կամ Երեւանում պահպանելով՝ շարունակությունը տար մարզ ու օգտվիր արտոնությունից: Կարծում եմ՝ Միրումյանն այսօրվա եղած իրավիճակը վերլուծելով է ասել, որ Երեւանում կփակեն, կգնան կգրանցվեն ու կլցվեն մարզեր: Ամեն դեպքում սա շատ հեշտ վերահսկելի գործընթաց է»: Իսկ քանի որ մարզերում բիզնեսի համար պայմաններն ու ենթակառուցվածքներն այնքան էլ լավ վիճակում չեն, ուստի, ինչպես պարոն Մակարյանն ասաց՝ արտոնություններ տալն անհրաժեշտություն է, որպեսզի դրա հաշվին գործարարը կարողանա հաղթահարել եղած դժվարություններն ու շահագրգռված լինի մարզում գործ սկսելու:

Վերլուծելով բյուջեն լցնող ներկայիս ընկերությունների վիճակն ու քանակը՝ պարոն Գագիկ Մակարյանն ասաց, որ փոքր բիզնեսն առանձնապես մեծ հարկեր չի տալիս ու առանձնապես օգուտ էլ չի տալիս բյուջեին, եւ եւս մեկ անգամ ապացուցվում է, որ փոքրերին հարկերից ազատելն ուղղակի անհրաժետություն է, նույնիսկ՝ փրկություն: Այսօր Հայաստանում, ըստ տնտեսագետի, կան 78 հազար ակտիվ գործող ընկերություններ, որոնցից 68, 800-ը տարեկան 100 միլիոն դրամ շրջանառությունը չգերազանցողներն են, իսկ աշխատողների թիվն էլ չի գերազանցում 10 մարդը. «Սրանք միկրո եւ գերփոքր, ընտանեկան բիզնես ներկայացնող կազմակերպություններ են: Այս 68 հազարը մոտավորապես մուծում է ամբողջ հարկերի 9.7%-ը, իսկ գերփոքր բիզնեսները՝ 1.7%-ը: Այսինքն՝ գերփոքր բիզնեսին հարկերից ազատ թողնելը, որը մշտապես ասում ենք՝ շատ տեղին կլինի, քանի որ իրենց ներդրումը՝ հարկերի իմաստով, չնչին է, մեծ թիվ չէ: Իսկ եթե ազատ թողնեն, նրանք կաճեն ու հետագայում ավելի շատ փող կբերեն, մուլտիպլիկատիվ էֆեկտ կառաջացնի. հենց սկսեն ուժեղանալ, ընտանիքը փող կունենա, գործարարը փող կունենա, փողը պիտի ծախսի ոչ միայն իր բիզնեսում, այլ նաեւ այլ բնագավառներում»:

Ըստ պարոն Մակարյանի՝ 78 հազար ակտիվ գործող ընկերություններից 68 հազարը փոքր ու միկրո բիզնեսն է, մնացած 10 հազարի մեջ են մտնում խոշորներն ու փոքրերի որոշ տեսակները. «Այսինքն՝ մեր տնտեսությունը շատ կրիտիկական կառուցվածք ունի, 90%-ը՝ միկրո, գերփոքր բիզնեսն է: Հիմա 10 հազարի ուսերին է ամբողջ բեռն ընկնում, 10 հազարն էլ շատ վատ ցուցանիշ է, որովհետեւ եթե առանձնացնենք խոշորները, դրանք մի քանի հարյուր են, մի քանի հազար էլ ՓՄՁ-ն է, երկու բեւեռների է բաժանված տնտեսությունը: Ուստի ես միշտ ասում եմ՝ միկրոբիզնեսը սոցիալական ծրագիր պետք է դիտարկել, ոչ թե անունը դնել միկրոբիզնես ու նրանից հարկեր հավաքելու խնդիր դնել: Պետք է նրանց դիտարկել աղքատության հաղթահարման խնդիր, ազատել հարկերից: Իսկ 10 հազարի ուսերի վրա կառուցել տնտեսություն՝ շատ վատ է, ոչ մի երկրում նման փոքր ցուցանիշ չկա: Վրաստանում այսօր ռեֆորմների շնորհիվ միկրոբիզնեսը 5 տարվա ընթացքում 60 հազարից դարձել է 420 հազար, որոնք գործող ակտիվ ընկերություններ են: Միկրոբիզնեսին չպիտի հարկերի բեռի տակ պահեն, պետք է հնարավորություն տան մեծանալու»:

Հարկ հավաքելու հարցում, պարոն Մակարյանի դիտարկմամբ, ՊԵԿ-ը զգուշավոր է. այս համոզման է եկել տնտեսագետը, իր իսկ խոսքերով ասած՝ ՊԵԿ ղեկավարության հետ որոշ քննարկումներից, եւ ինչպես պարոն Մակարյանն ասաց՝ հարկ հավաքելն այնքան է հեշտ գործ չէ. «Հարկահավաքությունը քարտեզագրված է՝ որտեղից, որքան ու ումից հավաքել, ումից՝ չհավաքել, այդպես պրիմիտիվ չէ հարկահավաքությունը: Մենք բոլորս էլ գիտենք՝ ունենք օլիգարխներ, պատգամավորներ, պատգամավորների եղբայրներ, ղեկավարության հետ ինտեգրված գործարարներ: Այսինքն՝ անկողմնակալ չեն ստուգումները, երբեմն այդ ստուգումները պարզապես չեն կարողանում իրականացնել, որովհետեւ այդ դաշտ չեն կարողանում մտնել: Հետեւաբար հարկեր հավաքելը շատ կրիտիկական է դառնում, եւ եթե մի տեղից չպիտի հավաքի, այն մյուս տեղից պիտի հավաքեն: Այ, օրինակ, բյուջեով հարկերը չավելացրեցին, այսինքն՝ ասացին՝ ճնշումներ չեն լինի բիզնեսների վրա, ուրեմն քաղաքականությունն ուղղվելու է ստվերից ու խոշորից հանելուն: Եթե ՊԵԿ-ը կարողանա այդ բարդ խնդիրը օբյեկտիվորեն լուծել, մեծ գործ արած կլինի, որ իսկապես բեռը նորից չգցի փոքր ու միջինի վրա: Իսկ եթե չստացվի, ու նեղն ընկնի, պիտի գնա նորից ՓՄՁ-ից հավաքի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մեկնաբանության մեջ կա շատ դրական մոտեցումներ: Անցնենք՝ կոնկրետության:
    Յուրաքանչյուր հեռավոր գյուղական վայրերից սկսած, հարկավոր է շուտափույթ ստեղծել աշխատանքի տեղեր, կամ աշխատանք ունենալու հանարավուրություն՝ տեղի բնակչությանը:
    Քանի որ բացի Արարատյան դաշտավայրից, գրե թե մնացած վայրերը ունեն հիմնականում գյուղատնտեսական՝ անասնապահական ճյուղի զարգացման հեռանկարներ, ուստի պետք է սկսել հենց դրանից:
    Ելնելով յուրաքանչյուր գյուղական վայրի հնարավորություններից,՝ հաշվի առնելով անցիալի և ապագայի խոշոր եղջրավոր անասունների ,,ստույգ՝ կովերի,, պահման հեռանկարներից, առաջին հերթին ստեղծել կաթի մշակման արտադրամասեր, ,,կոպերատիվ հիմունքներով, որը իր տնտեսական գործունեության վերլուծության ծրագրում նշել է՝ Հրավտ Բագրատյանը,,: Չկատարելով ոչ մի հայտնագործություն, այլ հետևելով ՝ Եվրոպական երկրների իրականությանը՝ ըստ այդ նորմերի կառուցել յուրաքանչյուր գյուղական վայրում մի կաթի վերամշակման՝ կոնկրետ
    պանիրների արտադրության արտադրամաս, որը համապատասխանի նաև Ռուսաստանի պահանջներին: ,,Քանի որ ինչպես երևում է արդեն մտել ենք նրա վասալության տակ,,:
    Բոլոր Հայաստանում եկեղեցի կառուցող Ռուսաստանի հայրենակիցներին՝ խնդրել, աղաչել, որ այլևս եկեղեցի կառուցելու փոխարեն, անցնեն հայրենական արտադրանքները Ռուսաստանում իրացնելու գործին, առանց գերշահույթ ստանալու նպատակով:
    Համոզված եմ, որ բացի ազնվությունից, մեծ խելք չի պահանջվում, որպեսզի 3-5 տարում ծախսված մոտ 50-60 միլիոն դոլլարը ետ վերադարձվի այն անձանց կողմից, ում որ վստահվել է,՝ այդ գումարը՝ հենց գյուղական բնակչությանը,՝ շատ ցածր տոկոսադրույքներով:
    Գերմանիան ամեն տարի Ռուսաստան է արտահանում,՝10-12 հազար տոննա պանիր, և այլ մթերքներ՝ պանրի հումքի վրա, և մոտ այդ թվի կեսն էլ այլ երկրներից: Ծրագիրը աշխատատար է, բայց բոլորովին,՝ բարդ: Միակ բարդությունը՝ ազնվության մեջ է՝ տեղացու, գյուղացու հանդեպ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930