Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների անկառավարելի ու անվերահսկելի տնօրենների մասին

Նոյեմբեր 22,2013 14:09

Երեւանի Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանի առեւտրային գործունեության մասին վերջերս ահազանգել եմ քաղաքապետին, որի արդյունքում տնօրենը ստացել է խիստ նկատողություն, իսկ 2011-2012 ուստարում դպրոցում հայտնաբերված խախտումների համար նախազգուշացվել է ԿԳ նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի կողմից: Ավելացնեմ, որ դպրոցի ուսուցիչների հայտարարության համաձայն՝ նրանց անկանոն տրվող աշխատավարձից պահվում են արհմիության գումարները, սակայն դրանք ամիսներ շարունակ չեն փոխանցվել Էրեբունի վարչական շրջանի ուսուցիչների արհմիության հիմնադրամին: Առաջարկում եմ Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության ու կրթության վարչության պետերին խոսել մանկավարժական անձնակազմի հետ, ովքեր ակնարկում են հանցակազմ պարունակող, դպրոցի գործունեության հետ չառնչվող տարբեր երեւույթների մասին:

Հիմա կրկին Երեւանի թիվ 27 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանի գործունեության մասին, որտեղ բազմաթիվ ֆինանսական խախտումների կողքին 2007 թվականից տեղի է ունեցել պարզապես կադրային ջարդ՝ դպրոցի կարող, աշակերտների համար ցանկալի ու սիրելի ուսուցիչներին փոխարինել են ոչ մասնագետ ու մանկավարժության մեջ չկայացած մարդիկ: Ներկայացնեմ վերջին տարվա փաստերը:

2012 թվականի սեպտեմբերի 1-ին կրճատման քողի տակ աշխատանքից ազատվեցին մայրենիի գիտակ, կայացած ուսուցիչներ Սուսաննա Էլոյանն ու Գոհար Ստեփանյանը, որոնք ոչ միայն ընդունված էին աշակերտների կողմից, այլեւ երեխաների լավագույն ավագ ընկերներն էին: Նշեմ, որ ըստ 2011-2012 ուստարվա տարիֆիկացիայի, դպրոցում աշխատել են 5 ուսուցիչներ՝ 106 ժամով, համապատասխանաբար 20, 22, 24, 23 եւ 17 ժամերով: 2012-2013 ուստարում 3 ուսուցիչ՝ համապատասխանաբար 30, 29, 25 ժամերով, իսկ 2013-2014 ուստարում 3 ուսուցիչ՝ համապատասխանաբար 30, 22 եւ 24 ժամերով; Ընդ որում՝ 24 ժամ տրվել է մի մարդու, ով չի ունեցել համապատասխան որակավորում, ավարտել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանն ու ստացել հայագետի, լրագրողի որակավորում: Իրավացի հարց է ծագում, ինչի՞ դիմաց է այս հայագետը ստացել 24 ժամ դաս պարապելու իր «չիրավունքը», իհարկե, ինչպես ժողովուրդն է ասում, ոչ իր սեւ աչքերի համար: Ընդ որում՝ նախկին տնօրենն այս քաղաքացուն մայրենիի 24 ժամ է տվել 2013թ. հունվարի 17-ի հրամանով, այն դեպքում, երբ 2012թ. դեկտեմբերի 25-ի դատական վճռով անվավեր է ճանաչվել գործող տնօրենի հրամանը, որով Գոհար Ստեփանյանին ազատել էր աշխատանքից: Նույնիսկ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը չկարողացավ վերականգնել Գոհար Ստեփանյանին, ով շարունակում է դատարաններում վիճարկել իր իրավունքը: Նշեմ, որ այս մասին Երեւանի քաղաքապետին ուղղված ԱԺ պատգամավորի նամակի պատասխանում քաղաքապետը, առանց վերոնշյալ փաստը ստուգելու, գրել է, որ Շենգավիթի դատարանի ուղարկած կատարողական թերթի պահանջը կատարված է: Տեսնում եք, չէ՞, ինչպես է կատարվել:

Փառք Աստծո, հայագետի մասին Ձեզ ուղղված իմ 11.11.2013թ. նամակի հետքով բացահայտվեց այս ակնհայտ կեղծիքն ու այդ մարդն ազատվեց պաշտոնից:
Հաջորդ փաստը, դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարի սույն թվականի հոկտեմբերի 10-ի հրամանով եւ, իհարկե, նախկին տնօրենի ցուցումով, ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն է նշանակվել մի մարդ, ում որակավորումը չի համապատասխանել այդ պաշտոնին եւ կրկին իմ նամակի արդյունքում նա ազատվել է պաշտոնից: Իհարկե, այստեղ հստակ երեւում է նախկին տնօրենի ձեռագիրը, ում լիազորությունները ս.թ. օգոստոսի 29-ից չնայած դադարեցված են, սակայն նա շարունակում է դպրոցում իր նախկին դերակատարումը: Դա երեւում է 2013-2014 ուստարվա տարիֆիկացիայից, որտեղ շարունակվում են նույն կեղծիքները: Դպրոցի լոգոպեդներից մեկը չունի բարձրագույն կրթություն, սակայն նրա անվան դիմաց կրթության մասին նշումը «բարձրագույն» է: Նկատել եմ նաեւ այլ փաստեր, սակայն սպասում եմ դպրոցի հաստիքացուցակի հաստատմանը:

Այս մասին շատ լավ գիտի քաղաքապետարանի կրթության վարչությունը, սակայն, այնպիսի տպավորություն ունեմ, որ կարծես անզոր է մեկուսացնել մեղադրյալ նախկին տնօրենին: Նշեմ, որ մեղադրյալի քույրը Երեւանի քաղաքապետարանի կադրերի վարչության պետն է:
Պարոն Մարգարյան, հիշեցնեմ, որ կրճատված ուսուցչուհի Գոհար Ստեփանյանը բաց նամակով դիմել էր Ձեզ, որին այդպես էլ չարձագանքեցիք եւ փաստեցիք, որ առաջին՝ մեր երեխաներին, ովքեր ունեն որակյալ կրթություն ստանալու սահմանադրական իրավունք, կարող են կրթել պատահական մարդիկ, երկրորդ՝ հովանավորվում է կեղծարարը: Ցավոք, նման կեղծիքներ միայն այս դպրոցում չեն, ուղղակի լինելով քաջածանոթ այս դպրոցին, բարձրաձայնում եմ այստեղ կատարվող կեղծիքների մասին, իսկ այս ամենի պատասխանատուն ՀՀ ԿԳ նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանն է:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
կրթության փորձագետ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930