Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարը` Վլադիմիր Պուտինի այցի մասին
Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը մի շարք դրական հետեւանքներ է ունենալու Հայաստանի, հատկապես Գյումրու զարգացման համար: Ըստ նրա՝ գյումրեցի իշխանավորներն ամեն ինչ անելու են հայ-ռուսական տնտեսական ֆորումի ռուս մասնակիցներին գործընկերներ դարձնելու ուղղությամբ: «Երեկվանից արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, ես էլ համակարգող խմբի մեջ եմ, ուզում ենք հավուր պատշաճի ներկայացնել նախ՝ ինչ ունենք, եւ ամենակարեւորը՝ ցույց տանք, թե ինչպիսի հնարավորություններ ունենք ներդրումների եւ արդյունաբերական ծավալներ հիմնելու ու ընդարձակելու համար: Այս ուղղությամբ երեկ՝ մարզպետի գլխավորությամբ, մեր ամբողջ արդյունաբերական կորպուսը մեզ հետ միասին համակարգում, պրպտում է, թե ինչ ունենք երեւելի, հանկարծ չլինի, որ մի բան բաց թողնենք, մոռանանք ու չներկայացնենք, որովհետեւ ՌԴ-ի ներդրումային պոտենցիալը բոլորիս քաջ հայտնի է: Ամբողջ աշխարհում մեր ռուս գործընկերները ներդրումներ են իրականացնում, այսինքն՝ պոտենցիալը կա, մենք եթե կարողանանք ճիշտ ներկայացնել մեր հնարավորությունները, հաստատ համոզված եմ, որ կունենանք շատ շուտ արձագանք ներդրումային ծրագրերին ներգրավելու մասով»,- համոզված է Սահակ Մինասյանը: Իսկ որքանո՞վ է ՀՀԿ ղեկավարը տրամաբանությանը մոտ համարում Վ. Պուտինի այցի նախաշեմին հնչող այն խոսակցությունները, թե ՌԴ նախագահը պատրաստվում է քննարկել Գյումրին փակ քաղաք դարձնելու թեման: «Խոսակցությունները փակ քաղաքի մասով աբսուրդ եմ համարում, որովհետեւ երբ փակ, խորհրդային գերտերության շրջանում Գյումրին, սահմանակից լինելով Թուրքիային, փակ քաղաք չի եղել, հիմա առավել եւս մեր քաղաքը օր օրի ավելի բաց է դառնում համայն աշխարհի համար: Ես, անկեղծ ասած, նման խոսակցության հիմքը չեմ տեսնում, եթե մենք րոպեներ առաջ խոսում էինք` ինչպես ներկայացնել մեր հնարավորությունները ներդրման առումով, որ առավել ունենանք, եւ ոչ միայն ռուսներին, այլեւ ամբողջ աշխարհին, հիմա մտածում ենք քաղաքը փակելու մասի՞ն, որի ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ ռազմաստրատեգիական անհրաժեշտությունը չկա: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ զորքերի տեղակայման առավել ակտիվացմանը, զինվորականների թվի աճին եւ այլն, ես, որպես գյումրեցի, գոնե վստահ կարող եմ ասել, որպես ականատես, որ մեր քաղաքում միշտ եղել են ռուս զինվորականներ, եւ երբեք Գյումրիում չի տարանջատվել կամ քննարկման թեմա դարձել, թե Գյումրիում ռուսներ կամ հրեաներ շատ կան: Այսինքն՝ Գյումրին ՀՀ այն քաղաքներից է, որը դեռեւս խորհրդային տարիներին ունիտար չի եղել»,- ասում է մեր զրուցակիցը:
Սահակ Մինասյանը նաեւ կարծիք հայտնեց, որ եթե մյուս գերտերությունների ղեկավարները, օրինակ` Բարաք Օբաման, մինչ օրս ցանկություն չեն հայտնել Գյումրի այցելելու, ապա իրենք են տուժել, քանի որ Գյումրին աշխարհի ամենաինքնատիպ քաղաքներից է` սկսած իր ճարտարապետությունից, Չերքեզ կոչվող ջրահեռացման համակարգից, վերջացրած իր նիստուկացով ու աղուհացով: Ըստ մեր զրուցակցի՝ Գյումրին այն քաղաքն է, որը Նիկոլայ ցար, Մարգարետ Թետչեր է հյուրընկալել ու նրանց ապշեցրել է: Ս. Մինասյանի բնութագրելով՝ գյումրեցիները այնքան պատվախնդիր են, որ սիրում են իրենց հյուրին ընդունել առավել լավ, քան իրենց կենցաղն է: Օրինակ` ՀՀԿ-ականը հիշում է, որ Գյումրի այցելած Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը գյումրեցիների ջերմությունից այնպես էր ոգեւորվել, որ հետդարձի ճանապարհին, անտեսելով պահակախմբի հորդորները, ավտոբուսի դիմապակուց, որը, ի դեպ, զրահապատ չէր, ձեռքերը թափահարելով` հրաժեշտ էր տալիս գյումրեցիների հոծ բազմությանը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ