Այսօր «Փաստարկ» ակումբում ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին, մասնավորապես, պարտադիր կուտակային համակարգին, ասաց, որ Հայաստանում երբեք չի ընդունվում մի օրենք, որն ի նպաստ մեր ժողովրդի է:
«Մենք մշտապես ականատես ենք եղել, թե ինչպես է մեր բյուջեն թալանվում, իսկ հիմա արդեն քաղաքացու միջոցով են դա անում` այն էլ օրենքով պարտադրված, այսինքն, ժողովուրդը այսօր էլ չի մտածում, թե ինչ է լինելու իր հետ 63 տարեկանից հետո, այլ մտածում է այսօրվա գոյատեւման մասին: Մենք այս օրենքին դեմ ենք արտահայտվել, եւ մեր պայքարը չենք դադարեցնելու ու ստիպելու ենք իշխանություններին չանտեսել ու հաշվի նստել մարդկանց կարծիքի հետ, եւ կառավարությունն էլ պարտավոր է վերանայել իր մոտեցումը»:
Լյուդմիլա Սարգսյանը նաեւ վստահեցրեց, որ ամբողջ ընդդիմադիր պատգամավորական թիմը ընդվզելու է այս օրենքի դեմ, նա ավելացրեց, որ դադարեցնել պայքարը այս օրենքի դեմ՝ ճիշտ չի լինի, ու առաջարկեց փողոց դուրս գալ դժգոհությունը բարձրացնելու համար:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ