Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանն այսօր «Վարկած» ակումբում անդրադարձավ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ հայտարարված համաներման գործընթացներին:
Նա հրապարակեց նոյեմբերի 20-ի տվյալները, հայտնելով, որ գործընթացը շարունակվում է եւ դեկտեմբերի 25-ից հետո էլ կիրառելի կլինի Համաներման ակտը:
Ըստ Ն.Առուստամյանի, համաներում կիրառվել է 642 անձանց նկատմամբ, նրանցից 18-ը ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվողներն էին՝ կանայք, 2-ը՝ անչափահասներ էին:
5 անձի նկատմամբ նախաքննությունն իրականացնող մարմինն է կիրառել, 125 կալանավորվածների նկատմամբ դատարաններն են կիրառել, իսկ այլընտրանքային պատիժների կողմից համաներում կիրառվել է 920 անձի նկատմամբ:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին, թե համաներման հետ կապված բազմաթիվ բողոքներ են տպագրվել ԶԼՄ-ներում, մասնավորապես, մեր կողմից տպագրվել են «Արթիկ», «Սեւան» ՔԿՀ-ների դատապարտյալների բողոքները, եւ արդյոք ուշադրություն դարձվո՞ւմ է այդ բողոքներին, մասնավորապես այն հանգամանքին, որ չկա տուժողի կողմից քաղպահանջ, հայց, սակայն համաներումը չի կիրառվում, Ն.Առուստամյանն ասաց, որ ենթադրյալ բողոքաբերները հնարավորություն ունեն բողոքարկել դատական կարգով, իսկ իրենց ուղղված դիմումների քանակը 25-30 է եղել, որոնք քննարկվել են եւ դրանց պատասխան է տրվել:
Մեր հաջորդ հարցին՝ հաճախ ականատես ենք լինում դատական գործընթացների, որոնց ժամանակ նշվում է, թե հնարավոր համաներվողը մեկ անգամ արդեն իսկ համաներվել է, կրկնակի համաներում կիրառվո՞ւմ է, ԱՆ խորհրդականն ասաց, որ բացառվում է, սակայն հղում կատարեց Համաներման մասին որոշման 9 հոդվածի 2-կետին, որը սահմանափակում է համաներման կիրառումը: Այն կկիրառվի կրկնակի, եթե նախորդից անցել է առնվազն 10 տարի ժամանակ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.Ասուլիսը նոր էր ավարտվել, երբ ստացանք ԱՆ «Կոշ» ՔԿՀ 30 դատապարտյալների նամակ-բողոքը՝ հարցադրումը հետեւյալն էր. լավ, համաներում չեք կիրառում, պայմանական վաղաժամկետ ազատումն ինչո՞ւ տեղ չի «հասնում»: