Մեկ տարի առաջ նոյեմբերի 20-ին ստեղծվեց Նախախորհրդարանը:
Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում Նախախորհրդարանի անդամները ամփոփեցին կատարված աշխատանքները:
Կառույցի համակարգող Գարեգին Չուգասզյանը իրենց աշխատանքները բաժանեց չորս փուլերի. մինչև նախագահական «չընտրություններ», երկրորդ փուլ, երբ հույս կար, որ ՀՀ-ում այլընտրանքային իշխանություն կստեղծվի՝ համագործակցելով Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, բայց հույսերը չարդարացան: Հաջորդ փուլը նախագահական «չընտրություններից» հետո ժամանակահատվածն էր և Մաքսային միության անդամակցության մասին որոշման հայտարարությանը հաջորդող փուլն է: Իշխանափոխությունը կառույցի համար ելքի ճանապարհ չէ: Պարոն Չուգասզյանն ասաց. «Իշխանափոխությունը չի լուծի ՀՀ-ի առջև կանգնած արմատական խնդիրները: Մենք ունենք դեկորատիվ, ժողովրդից օտարված պետություն՝ արտաքին հենարանի վրա հենված»:
Նախախորհրդարանի համակարգողի տեղակալ Սյուզան Սիմոնյանը նշեց. «Բացի փողոցային պայքարից, մենք կարևորել ենք հանրային իրազեկումը, քայլարշավների և երթերի միջոցով»: Տիկին Սիմոնյանը սփյուռքահայության արձագանքը դրական գնահատեց ու նշեց, որ մի շարք պետություններում ստեղծվել են կառույցներ՝ ազատագրական պայքարը վերջնակետին հասցնելու համար:
Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսիսյանը հավաստիացրեց, որ պատրաստ են համագործակցել բոլորի հետ. «Ինչքան ապօրինի շինարարություն, քաղաքացիական զարթոնք է եղել Հայաստանում, մենք եղել ենք ժողովրդի կողքին: Մենք կարող ենք համագործակցել ցանկացած օղակի, օջախի և կուսակցության հետ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ անգամ իշխող կուսակցության հե՞տ են պատրաստ համագործակցել, պարոն Չուգասզյանը պատասխանեց. «ՀՀ-ում քաղաքական դաշտը փոշիացած է, ունենք դեկորատիվ իշխանություն, իշխող կուսակցությունը ներկայացնում է խեղկատակային մի մարմին, որի հետ համագործակցությունը մեր կողմից ծիծաղելի կլիներ: ՀՀ-ում ազգային ազատագրական պայքարը, որ 1988-ից սկսվեց, կիսատ մնաց, ՀՀ-ի անկախության կայացումը կասեցվեց: Այժմյան կեղծ քաղաքական համակարգը վերահսկվում է արտաքին ուժերի կողմից, և այդ ուժերը ՀՀ-ում ունեն իրենց մանկլավիկները: Փակ շուկայի էպոպեան ցույց տվեց, թե ինչպես է իշխանությունն իրականացվում Հայաստանում, և բանդաներն են իրականում որոշումներ կայացնում: Նրանք հենց իշխող կուսակցության անդամներ են և ներկայացնում են ոչ թե իրենք իրենց, այլ ծառաներ են»:
Պարոն Չուգասզյանը հավելեց, որ ընդդիմության մեջ կան գործիչներ, որոնց հետ պատրաստ են համագործակցել:
Նա ասաց, որ ՀՀ-ն ուզում են ազատագրել արտաքին ուժերից: Մեր հստակեցնող հարցին՝ մասնավորապես Ռուսաստանի՞ց, պարոն Չուգասզյանը պատասխանեց. «ՀՀ-ում նոր գաղութատիրական համակարգ է ստեղծվել, որը ծառայում է արտաքին ուժերին: Արդյունքում մենք կարող ենք վասալի վասալի իրավիճակում հայտնվել: Հիմա մեզ պարտադրում են լեզու, և մանկլավիկները ծառայում են ավելի բարձր ուժերի: Այո, նաև Ռուսաստանն է դա, քանի որ Ռուսաստանն ինքը գաղութացված է, ժամանակի առաջնակարգ մետրոպոլիան չէ, բայց մյուս կողմից էլ ՌԴ-ում կան ուժեր, որոնք կարող են ՀՀ-ի նոր որակի պետության դաշնակցային հարաբերություններ ստեղծել»:
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 14-ից Նախախորհրդարանը կիրականացնի «Միացիր դիմադրությանը, ազատագրենք Հայաստանը» խորագրով երթեր, որոնք կկազմակերպվեն ամեն շաբաթ օր՝ ժամը 15.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ