Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյանն`ամենաանպաշտպան նախարար

Նոյեմբեր 22,2013 12:46

«Ստեփանավանի օդանավակայանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն է տրամադրված, եւ այնտեղ ՌԴ-ի ու ՀԱՊԿ անդամ երկրների կողմից լինելու է միայն տեխնիկան: Սպասարկումն ու անձնակազմը լինելու է մեր կողմից: Իրենց օգնություններն են լինելու, բայց ամբողջությամբ դա լինելու է մերը: Օֆիցիալ ես զեկուցում եմ` մենք դա չենք տրամադրելու ՌԴ-ին կամ ՀԱՊԿ անդամ երկրներին: Եվ այնտեղ, կարծում եմ, այն ծանր ուղղաթիռները՝ «ԻԼ26»-երը մեզ շատ պետք են անտառային հրդեհների ժամանակ»,- այսօր խորհրդարանում, պատասխանելով պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցին, ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Պատգամավորի հարցը վերաբերվում էր Ստեփանավանի օդանավակայանին, որը հանձնվել է ԱԻՆ-ի տնօրինությանը:
Այդ որոշումն Ալեքսանդր Արզումանյանը ճիշտ է համարում, բայց քանի որ իր ելույթում նախարարն ասել էր, թե ռուսաստանյան ուղղաթիռները պետք է աշխատեն, քանի որ մենք տեխնիկայի պակաս ունենք, պատգամավորն իր մտահոգությունները բարձրաձայնեց. «Դրանք ի՞նչ պայմանագրային հիմունքների վրա են լինելու: Արդյոք չի՞ սպառնում Ստեփանավանի օդանավակայանին Էրեբունի օդանավակայանի ճակատագիրը. այնպես չստացվի, որ մի օր պարզվի, որ դա ռուսական բազայի օդանավակայան է»:
Հարցուպատասխանը եղավ խորհրդարանում`պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված լսումների ժամանակ, որը վերաբերվում էր ՀՀ-ում աղետների ռիսկերի նվազեցման, աղետների վաղ ազդարարման եւ դիմակայման համակարգի ստեղծմանը եւ զարգացմանը:
Մի քանի ամիս առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանում հայտարարել էր պետական ռեզերվների ընդհանուր կառավարման մասին: Ալեքսանդր Արզումանյանն այս առիթով էլ մտահոգություններ ուներ, որոնք, ասաց, թերեւս տեղեկատվության պակասի հետ են կապված: «Ի՞նչ մեխանիզմներ են, ի՞նչ է դա նշանակում»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Արմեն Երիցյանը պատասխանեց. «Ռեզերվները, որ կունենանք երկու ամսվա, լինելու են ՀՀ-ի եւ ՌԴ-ի ռեզերվներ են եւ առանձին ՀԱՊԿ անդամ երկրների ռեզերվներ են, որը կարծում եմ, թե կլինի այնպիսի մի ռեզերվ, որն առաջին պարագայի օգնության ռեզերվներ են լինելու երրորդ երկրների եւ ՀՀ-ի: Դա հումանիտար կենտրոն է, եւ այդ հումանիտար կենտրոնը մենք ունենալու ենք, բացի առաջին պարագաներից, կլինեն տեխնիկական միջոցներ, որն օգտագործելու ենք ՀՀ-ում»:

Ի դեպ, քննարկմանը խորհրդարանական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն էին մասնակցում: Մասնավորաբար, պատգամավոր-գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Մհեր Սեդրակյանը եւ այլք, այնքան էլ չէին կարեւորել սույն լսումները:
Պատգամավորների այլ հարցերի համատեքստում անդրադառնալով փրկարարի կերպարին՝ Արմեն Երիցյանը սրտնեղեց, որ իր քայլերն այդ ուղղությամբ սխալ են ընկալվում եւ մեկնաբանվում: Մասնավորաբար, նա բերեց Կիեւյան կամուրջին իրեն ցած նետել պատրաստվող երիտասարդի դեպքը, որից հետո մամուլում հրապարակումներ եղան, թե դա «կազմակերպված սցենար էր»՝ ուղղված նախարարի PR-ին: «Ստացվում է, ամենաանպաշտպանը Հայաստանում նախարարներն են»,-ասաց նախարարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930