Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ողբերգության քրոնիկոն

Նոյեմբեր 22,2013 12:27

Անվանի ռեժիսոր ու դերասան Վարդան Պետրոսյանը հայտնվել է ահավոր ծանր վիճակում, և սա այն դեպքերից է, որոնց մասին ժողովուրդն ասում է` «դուշմանիս անգամ չէի ցանկանա»: Իսկ որ Վարդանը դուշման չէ, այլ, ընդհակառակը, սիրված է հազարավորների կողմից, դա ակնհայտ է: Շատ հնարավոր է, որ ժամանակին Վարդան Պետրոսյանի արվեստով հիացած լինեն նաև ողբերգական պատահարից տուժածներն ու նրանց գերդաստանի անդամները:

Ինքս էլ եմ համարում, որ Վարդանը փախչողներից չի, և նրա նախնական ու հապշտապ կալանքն ամենևին էլ պարտադիր չէր: Ավելի բնական էին Վարդանին պաշտպանողների ու մանավանդ Վարդանին պաշտպանող գործընկերների մղումները. նրանք (Միքայել Պողոսյան, Հրանտ Թոխատյան և ուրիշներ) ի սրտե կամենում են որևէ ձևով աջակցել հոգեբանական ահավոր վիճակում հայտնված իրենց ընկերոջն ու գործընկերոջը: Նույնը նաև Վարդանի այլ ընկերներից ու երկրպագուներից շատերն են անում, և շատ հնարավոր է, որ այսօրինակ աջակցությունն իսկապես բարերար ազդեցություն ունենա հոգեկան ահավոր վիճակում հայտնված Վարդան Պետրոսյանի վրա:

Բնական է, որ դաժանորեն տուժած մյուս կողմն էլ (Վարդանն էլ է, փաստորեն, լիարժեք տուժած կողմ) ի´ր մտերիմներից և ի´ր շրջապատից հոգեբանական որոշակի աջակցություն ստացած կլինի, բայց նրանց աջակցությունը հիմնականում «Նիվայի» անձնակազմի համար է լսելի ու տեսանելի եղել, քանի որ համացանցին տիրապետողը հիմնականում ու մեծամասամբ Վարդանի կողմնակիցներն էին, և համացանցում տիրապետողը Վարդանի կողմնակիցների աջակցությունն էր:

Դերասան ու դրամատուրգ Սերգեյ Դանիելյանի (Յոժ) աջակցությունը մի քիչ տարբերվում էր մյուսներից. նա փորձեց օբյեկտիվորեն ու հավասարապես մտնել երկու կողմերի վիճակների մեջ, և կարծես թե արդյունքը դրական էր ( եթե, իհարկե, այս բարդագույն իրավիճակում հնարավոր է որևէ դրական արդյունք ակնկալել):

Այս իրավիճակում միակ դրականն այն կլինի, եթե մեր խոսքով ու մեր կարծիքներով ավելի չխորացնենք տուժած կողմերի միջև ճակատագրով գոյացած անդունդը:
Այս իրավիճակում միգուցե լռելն ավելի ճիշտ է, քան` խոսելը: Բայց, ինչպես տեսնում եք, ինձ էլ չի հաջողվում լռել: Երևի սա այն դեպքը չի, երբ լռությունը ոսկի է:

Եթե գործն առավել ողջամիտ քննիչի հանձնված լիներ, և եթե Վարդան Պետրոսյանը նախնական կալանքի վերցված չլիներ, էլի լռելը դժվար էր լինելու: Ասածս ամենևին չի վերաբերում ֆեյսբուքյան ու ինտերնետային օգտատերերի մշտական ակտիվությանը: Սա այն եզակի դեպքն էր, երբ համացանցի կարիքն զգացին ու համացանցից օգտվեցին նաև համացանցի գոյությունից մշտապես դժգոհողները: Եվ սա այն դեպքն է, երբ դժվարանում ես գուշակել` լռողնե՞րն են ճիշտ, թե` խոսողները: Որովհետև տեղի ունեցածը ոչ թե երկու թշնամական կողմերի հակամարտություն է, այլ` ահավոր ու դաժան ճակատագիր: Եվ այս ընթացքում ամենից լսելին և ամենից սպառիչը, թերևս, իր` Վարդան Պետրոսյանի ի խորոց սրտի խոսքն էր, որի պահանջն իսկապես զգացվում էր, և որը, ըստ ամենայնի, իր արձագանքը գտավ տարբեր կերպ տրամադրված հոգիներում:

Ցավոք սրտի, երկու կողմերի համար էլ այս վերքը հեշտ ու արագ սպիացողներից չի, և եթե մեր խոսքը վերքն ավելի է խորացնելու, ուրեմն` փորձենք լռել, և եթե մեր լռությունն է վերքը խորացնելու, ուրեմն` խոսենք ու ինչ-որ բան բարբառենք, բայց` զգուշորեն ու խղճի մտոք, և միակ բանը, որն այս ողբերգական առիթով պարտավոր ենք ականջներիս օղ անել, հետևյալն է. դժվարին ու պարտադիր հաշտությունն այլընտրանք չունի, և եթե ի զորու չենք նպաստել դրան, գոնե չխանգարենք:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. «Եթե գործն առավել ողջամիտ քննիչի հանձնված լիներ».Այստեղ հեղինակը «մի քիչ»սխալվում է:Քննիչին,տվյալ դեպքում՝ ա՛յս,չեն նշանակել,որ նա մեղմացնի Վարդանի հետ,ասենք, կատարվածը: Ոչ մեկի համար նոր բան ասած չեմ լինի,եթե հիշեցնեմ,որ Վարդանը «ոսկոռ» էր իշխանությունների կոկորդում:Իսկ այդպիսի ոսկոռից ուղիներ են փնտրում ազատվելու համար եւ ահա առիթը կա:Այնպես որ քննիչը եկել է զինված պատրաստված «վիրաբուժական բոլոր գործիքներով»,որպեսզի իրեն նշանակողներին ազատի ՈՍԿՈՌԻՑ:Բայց կա մի բան,որ արդեն «1000» րդ անգամն եմ կրկնում Հայդ պարկում(ներողություն՝ ՖԲ-ում):Մեր գործողությունները պետք է մղվեն ոչ թե«Վարադանը անմեղ է»ճանապարհով(հիշենք՝ ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ-պատասխան պիտի տրվի) այլ,որ հետաքննությունը իր բոլոր գործողություններով հանդերձ կատարվի համաձայն ՕՐԵՆՔԻ:Սա կլինի մեր ամենամեծ օգնությունը:Ցավոք ՖԲ-ում շատ կան ուռա հայրենասերներ:

  2. Ինչքան հետևել եմ, երկու մասի բաժանված ժողովուրդ չկա:
    Ժողովուրդը ցավակցում է և զոհվածների հարազատներին և Վարդանին:
    Եթե նախաքննական մեթոդները պակաս անարդարացի լինեին Վարդանի նկատմամբ, քան մնացած բոլոր սովորական մարկանց, Վարդանի վրա խոսակցություններ շատ կլինեին:
    Պարզապես պետք է ստիպել, որ Վարդանը լիարժեք բժշկական օգնություն ստանա, եթե չի ստանում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930