Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրը պետք է առաջինը ճանաչի իր զավակին

Նոյեմբեր 22,2013 12:22

Հայաստանի Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ԼՂՀ ճանաչման մասին նախագիծը դարձյալ վայնասունի ալիք բարձրացրեց հատկապես իշխանագողերի շրջանում: Այնպիսի մեղադրանքներ հնչեցին հեղինակի հասցեին, որ բանից անտեղյակ մեկը լսելով` կմտածեր, թե այս որչափ մեծ հայրենասերներ ու խորաթափանց քաղաքագետներ են այդ հհկ կոչվածները, Բայց, փառք Աստծո, Հայաստանում վաղուց այլևս անտեղյակներ կամ դյուրահավատներ չկան, և բոլորը քաջ գիտակցում են` հհկականներն իրենց շեֆի միջոցով զբաղված են Արցախի առևտրով, ինչի վարձքը սեփական ողորմելի խմբակալափումը մի փոքր էլ երկարաձգելն է:

Այնինչ, իմ խորին համոզմամբ, Արցախի Հանրապետության ճանաչման հարցը (որը ոչ միայն ՀՀ խորհրդարանում, այլ նաև միջազգային հարթակներում հետևողականորեն բարձրաձայնում է իմ կողմից չափազանց հարգված Զարուհի Փոստանջյանը) ոչ միայն վաղուց է հասունացել, այլ նաև ներկայում դա, թերևս, միակ միջոցն է` իշխանազավթիչներին զրկելու Արցախի հաշվին իրենց մոլախոտային ամայացումը Հայաստանում երկարաձգելու հնարավորությունից:
ՀՀԿ-ն վաղուց է ապացուցել, որ իր հակահայ ու հակամարդկային ավերումը շարունակելու համար պատրաստ է ամեն ինչի, այդ թվում` տասը մարդկանց սպանողներին չհայտնաբերելու, մարդասպանին առանց դատարանի օրը ցերեկով արդարացնելու և ազատություն շնորհելու, երկիրն ու սերունդներին 5 մլրդ դոլար պարտքի տակ չոքացնելու, քաղբանտարկյալներ պահելու, քաղաքացիների ընդդիմանալը չհանդուրժելու, ամբողջությամբ կոռումպացվելու, բարոյական, հոգևոր և մշակութային արժեքները լկտիաբար պղծելու, ժողովրդի գրպաններն ամեն գնով մտնելու, բոլոր ընտրություններն արժեզրկելու և մշտապես բռնակեղծելու, հայ ժողովրդի և Հայոց պետականության համար մահացու արտագաղթը ամեն կերպ նպաստելու… Բոլորը հնարավոր չէ թվարկել: Եվ այդ ամենի «պսակը», ինչ խոսք, հանդիսանալու է Հայրենիքի վաճառքը: Այդ Գործարքի իրականացման մտադրությունը նույնիսկ արձանագրված է փաստաթղթերի տեսքով, որոնցից մեկն էլ կոչվում է «Մադրիդյան սկզբունքներ»:
Զլմ-ներում ժամանակին հրապարակվել են այդ փաստաթղթի հիմնական դրույթները` ազատագրված բոլոր տարածքների վերադարձ, միջանցիկ մեկ ճանապարհ` ՀՀ ներկայիս տարածքից դեպի նախկին ԼՂԻՄ, և մի քանի տարի հետո ինչ-որ հանրաքվեի անցկացում` Արցախում վերաբնակեցվելու ենթակա ադրբեջանցի փախստականների մասնակցությամբ: Եվ այս ամենին համաձայն են հհկ-ն ու իր նախագահը, իսկ Գործարքը դեռ չի կայանում, քանի որ ընդդիմանում է… Ալիևը, ով վստահ է, որ շատ հանգիստ Հայոց տարածքների հաշվին կարող է համաձայնության գալ Ռուսաստանի հետ, որն իր շահերը Թուրքիայի հետ հարաբերություններում մշտապես կարգավորել է հիմնականում հայերի և Հայաստանի հաշվին: Հակահայկական, հակաբնական և հակաարժեքային այդ Գործարքին անհապաղ, դեռ նրա երևան գալուց անմիջապես հետո կտրուկ «Ո՛չ» չասելն իսկ արդեն դավաճանություն է ամեն հայկականի հանդեպ, հատկապես` Եռաբլուրի…

Զարուհի Փոստանջյանի նախագիծը մերժելու` աշխարհացունց հհկականների և արտգործնախարարության սուվերենախառը ներկայացուցչի միակ փաստարկն այն էր, թե Արցախի Հանրապետության ճանաչմամբ կձախողվի բանակցային գործընթացը: Չնայած որ Զարուհին ԱԺ ամբիոնից իր ելույթում հերքեց նրանց այդ փաստարկի հիմնավորվածությունը` ի լրումն շեշտելով, թե նրանց իսկ ջանքերով արդեն վաղուց ձախողված է բանակցային ողջ գործընթացը, այնուամենայնիվ, իմ կողմից ևս ուզում եմ մի քանի հարցադրում հնչեցնել այդ հզորազոր քաղաքագետներին:

Այդ ինչպե՞ս է, որ ազերին ու Ալիևը չեն վախենում բանակցային գործընթացը ձախողելուց. երբ.
ա) ամեն օր խախտում են 1994թ. կնքված եռակողմ զինադադարը,
բ) այդ հրակոծությունների հետևանքով գրեթե ամեն անգամ հայկական կողմը մի նոր զոհ կամ վիրավոր է ունենում,
գ) պարզապես դիվերսիա է իրականացվում հայկական սահմանապահ դիրքերի վրա (հիշենք Չայլուի դիվերսիան, ինչի հետևանքով զոհվեցին չորս հայ զինծառայող, ևս չորսը վիրավորվեցին),
դ) Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս Ալիևի վարչակարգը վարում է բացահայտ հայատյացության պետական համակարգված քաղաքականություն,
ե) Ադրբեջանն օրենքի ուժով ամրագրել է, որ Արցախի հարցը պետք է լուծի միայն ռազմական ճանապարհով,
զ) ադրբեջանական դպրոցների դասագրքերում հայերը ներկայացվում են որպես իրենց միակ, արնախում թշնամիներ, իսկ Երևանը` ադրբեջանական քաղաք,
է) հայ սպային կացնահարած վիժվածքին Ալիևը շնորհում է ազգային հերոսի կոչում և այլ պատիվներ են տրվում,
ը) Ադրբեջանի պաշտոնյաներն ամեն օր ռազմական կամպանիա են քարոզում, և դա այն դեպքում, երբ համանախագահող երկրները հստակ և մի քանի անգամ են նշել ուժի կիրառման ու դրա սպառնալիքի հնչեցման անթույլատրելիությունը, իսկ Ադրբեջանն ուղղակի թքած ունի այդ վետոների վրա,
Այս թվարկումը դեռ կարելի է երկար շարունակել: Այնինչ Հայաստանն ի սկզբանե, զինադադարի կնքումից անմիջապես հետո, պետք է ճանաչեր Արցախը, այլ ոչ թե մինչ օրս Արցախի Հանրապետության ծնունդի օրինականությունը վիճարկեր հայատյաց թշնամու հետ: Վերոնշյալ քայլերի կիրառմամբ Ադրբեջանը, փաստորեն, բոլորովին չի մտահոգվում բանակցային գործընթացի ձախողումից, իսկ ահա մենք, որ ազգովի, հազարավոր զոհերի և անլուր զրկանքների շնորհիվ հերոսաբար դիմակայեցինք Ադրբեջանի և բազմագույն վարձկանների ագրեսիային, մինչ օրս չենք ճանաչել մեր Արցախը: Իսկ իշխանակեղծերը դեռ հանդգնում են դատապարտել Արցախը ճանաչելու վերաբերյալ նախաձեռնությունները` փաստացի նույն գծի վրա կանգնելով հայոց թշնամիների հետ …

Երբ Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը նետվում են դեպի Մաքսային` արդարանալով, թե ընտրեցինք այն` Արցախի անվտանգութունից ելնելով, ապա շատ հետաքրքիր է` այդ ի՞նչ վտանգի մասին է խոսքը, չէ՞ որ Արցախի ճանաչման մասին նախագիծը մերժելիս միաբերան բարբառում էիք, թե բանակցային պրոցես է ընթանում, ուրեմն` ի՞նչ վտանգ հանկարծ առաջացավ, որտեղի՞ց ծնվեց: Կամ էլ` Մաքսային միություն մտնելո՞վ չեզոքացվեց այդ վտանգը, չէ՞ որ Մաքսայինը տնտեսական կառույցի նման պետք է լինի՝ ինքնիշխանության հաշվին: Գուցե Ռուսաստա՞նը ինչ-որ վտանգ գտավ, և հանկարծ` Հայաստանի մաքսայնացմամբ վերացվե՞ց այն… Վախենամ, թե հհկականների մի փոքր իշխանաձգումից հետո Ռուսաստանի կողմից արդեն որպես գրոշային խաղադրամ կդիտվի Արցախը` Ադրբեջանի և Թուրքիայի հետ նրա հարաբերություններում: Չի կարելի բանը թողնել դրան` հհկականները լրջագույն վտանգ են դարձել հայկական երկու պետությունների և հայ ժողովրդի համար:

Ցավալի մի իրողության ևս անդրադառնամ: Զարուհու նախագծի վերաբերյալ արտահայտվելով` ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ասել էր, թե ճիշտ կլինի, որ Զարուհին այդ հարցը բարձրացնի ԵԽԽՎ-ում: Նախ նշեմ իմ այն համոզմունքը, որ Արցախի Հանրապետության ճանաչումը ողջ հայության հարցն է, և ոչ միայն` քաջակորով արցախցիների: Եվ ապա, պարոն Բաբայանի համար որպես հիշեցում` Զարուհի Փոստանջյանը նույն ԵԽԽՎ-ում ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ է կարողացել հասնել Արցախի համար այնպիսի հայանպաստ գրավոր հայտարարությունների ընդունմանը, ինչպիսիք մինչ այդ որևէ անգամ չեն եղել ոչ միայն այդ եվրոպական խոշորագույն հարթակում, այլ նաև` միջազգային այլ կառույցներում: Արցախի անկախությունն ու կայացվածությունը ամրագրող` Զարուհու հեղինակած ու նախաձեռնած այդ պաշտոնական փաստաթղթերին պետք է որ լավ ծանոթ լիներ հարգարժան խոսնակը, հատկապես որ` դրանց ժամանակին անդրադարձել են նաև Արցախի հանրային հեռուստատեսությունը և արտգործնախարարությունը:

Եվ այդ հռչակագրերը Զարուհու ջանքերով ընդունվել են մեր համար դժվարին այն ժամանակ երբ ԵԽԽՎ-ում նախագահում էին թուրք պաշտոնյաները, իսկ 2011թ. հունվարի 27-ի Արցախանպաստ հերթական հռչակագրի ընդունումից մեկ օր առաջ ԵԽԽՎ ամբիոնից ելույթ էր ունենում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, ում ծննդյան վերջին տարեդարձերը պատրաստակամորեն շնորհավորում է Սերժ Սարգսյանը, ով, ի դեպ, շնորհավորում է Գյուլին նաև… Թուրքիայի ազգային տոնի կապակցությամբ:
Ինչևէ, որպես վերջաբան նշեմ համոզմունքս: Հայաստանը, ի լուր ողջ աշխարհի և ի գիտություն մեր հարևան և ոչ հարևան թշնամիների` բացեիբաց պետք է հայտարարի Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին: Եվ այդ կերպ նաև կիմանա աշխարհը, որ Հայաստանն ու Արցախը մեկ միասնություն են` անբաժան և հայարմատ, և որ հայերը ոչ միայն հող չունեն հանձնելու, այլ նաև իրենց սեփական, հարազատ հազարամյա հողերն ունեն ազատագրելու և վերամիավորելու: Արցախի ճանաչմամբ` կլուծվի նաև Արցախի Հանրապետությունը ռեսուրսակեր ու իշխանագող հհկականների ճանկերից ազատելու հարցը: ԱրցաԽԻ Հանրապետության եռագույն դրոշի ծածանում ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև – որևէ հայ հավատո՞ւմ է, որ այդ գաղափարն է առաջնորդում Հայաստանը որպես սեփական կալվածք, իսկ հայերին` որպես իրենց ստրուկներ դիտարկող իշխանախմբակին:

Հայոց Հայրենիքի միակ և իրական տերը` այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից` ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է: Եվ իշխանաձեռ, աղերսանքով լի հիշողության Նամակներ գրելը` միտված Հայկական երկու պետությունների ինքնիշխանությունը վերացնելուն և ազգային ինքնությունը ռուսացնելուն, չեն կարող որևէ կերպ օգնել հայերենով խոսացող խուժանոիդներին – ժողովրդի սրտում և պատմության անսուտ էջերում ապահովված է սրանց անուններին տրվող անեծքը, նզովքը, անհետք անէացումը…

Հ. Գ. Երբ արդեն ազգովի կհասնենք Արցախի Հանրապետության ճանաչման մեկնարկին ՀՀ Ազգային ժողովում, ապա նախապես մի պահ կանգ կառնենք` խնդրելով Ալեքսանդր Արզումանյանին վերջապես բարձրաձայնել իր այն մի քանի տասնյակ թե 1500 պատճառները, ըստ որոնց` պետք չէ ճանաչել Արցախը: Գուցե նախկին արտգործնախարարն իրոք տիրապետում է հարյուրավոր այնպիսի պատճառ-գաղտնիքների, որոնք արժե նախապես հարցնել: Ո՞վ գիտե…

 
Արամ Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ճիշտ է Տեկկերեյի տատի խոսքն է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930