«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ֊
– Վերջերս Դուք հանդես էիք եկել ՀՀ երեք նախագահների համատեղ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։ Այդ համատեքստում ինչպե՞ս հասկանալ գործող նախագահին ուղղված հրաժարականի Ձեր կոչը։
– Այդ իմաստով ստիպված եմ ևս մեկ անգամ հստակ շեշտադրումներ կատարել։ Հայաստանի Հանրապետությունում առկա քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական իրավիճակը հասել է մի աստիճանի, որից այն կողմ կարող են սկսվել անկանխատեսելի գործընթացներ՝ վտանգելով անկախ պետականության գոյությունն ընդհանրապես։ Երեք նախագահների հանդիպման իմ նախաձեռնությունը բխում է հենց այս տրամաբանությունից, սակայն պարզվում է՝ բավականին դժվար է նույնիսկ այդ մակարդակում հաղթահարել անձնական ամբիցիաները և նստել սեղանի շուրջը՝ պետության առաջ ծառացած խնդիրները քննարկելու նպատակով։ Նույնիսկ եթե կա դրա հեռանկարը (որին ես հավատում եմ), ապա կյանքը շարունակվում է, ու բոլոր այն բացասական երևույթները, որոնց մասին բազմիցս նշել եմ, հասարակության մեջ առաջացրել են հեղափոխական տրամադրություններ։ Այժմ ևս մեկ անգամ հստակ առաջարկում եմ հանրապետության նախագահին անել այդ հեղափոխությունը վերևից, որի հնարավորությունը դեռ կա, և դրա համար պատրաստակամություն ենք հայտնում աջակցելու նրան։ Վաղն արդեն ուշ կլինի, և հեղափոխությունն անխուսափելի կլինի ներքևից, ինչը կլինի ցավոտ ու կորուստներով։
– Իսկը տեղին է անդրադառնալ շրջանառվող լուրերին, թե Դուք նախապատրաստում եք Քոչարյանի վերադարձը։ Ինչքանո՞վ է այդ տեսակետը համապատասխանում իրականությանը։
Կարդացեք նաև
– «Անապատում կանչողի ձայնը, պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը և հարթեցեք նրա շավիղները»։
Ես չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ ես ընկալվում եմ որպես Հովհաննես Մկրտիչ, իսկ Ռոբերտ Քոչարյանը որպես Մեսիա, որի շավիղներն եմ ես հարթեցնում։ Քավ լիցի, քանզի ոմանք շատ սուր են ընկալում աստվածաշնչյան մեջբերումները, այդ իսկ պատճառով ես՝ մեղավորս, անդրադարձ կատարեցի Ավետարանի այս տողերին։ Նաիվ են ու պրիմիտիվ նման պնդումները։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, եթե անկեղծ հարց է բարձրացնում ու որևէ խնդրի լուծում առաջարկում, պետք չէ դրա տակ այլ իմաստներ փնտրել։ Ես այսօր հավասարապես բարյացակամ եմ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի և թե Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Հավատացնում եմ վաղը (այդ երևույթը նախկին նախագահների նկատմամբ արդեն տեղի է ունեցել) գործող նախագահ Սերժ Սարգսյանին ես եմ պաշտպանելու (գուցե շատերը հեգնեն պնդելով, որ դրա կարիքը չի լինելու) իր այսօրվա մոլի «պաշտպաններից»։ Եվ ի՞նչ:
Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում