Եվս մի բողոք իրացման գոտուց…
«Առավոտի» խմբագրությանը դիմած Պուշկինի 4 շենքի 19, 22 եւ 22 ա բնակարանի բնակիչներ Խաչատրյանները հավաստիացնում են, որ իրենք երկար տարիներ դատական քաշքշուկների մեջ են եւ չեն կարողանում վերականգնել իրենց` ոտնահարված սեփականության իրավունքները: Խաչատրյանների ընտանիքի մայրը` ազատամարտիկ Ջուլիետա Գյունաշյանը, կամ, ինչպես ազատամարտիկներն են կոչում, «ՀԱԲ-ի Ջուլիկը», պատմում է. «Սրանից մի քանի տարի առաջ, 2007թ.-ին, մի օր տանը նստած լսում եմ աղմուկ, դղրդյուն: Դուրս եմ գալիս բակ եւ տեսնում եմ, որ ինչ-որ տրակտոր քանդում է իմ տան պատերը, սկսում եմ գոռալ, աղմկել, օգնության կանչել հարեւաններիս: Չէի հասկանում` ինչ է կատարվում, մեկ էլ` տունս քանդող խմբի աշխատողներն ասում են` ինչ ես շուխուր անում, Մայրապետյանն է ասել, մենք էլ քանդում ենք, մենք բանից անտեղյակ՝ մեր գործն ենք անում: Խոսքը հայտնի Սամվել Մայրապետյանի մասին է, ով քաղաքի կենտրոնում շատերի տները քանդեց ու էլիտար շենքեր կառուցեց՝ հարստանալով ուրիշների օջախների քանդման հաշվին: Ես ասում էի` իմ տունը միայն իմ դիակի վրայով կքանդեք, եւ պատրաստ էի ինձ նետել տունս քանդող տրակտորի տակ, քանի որ դա իմ մեծ` 17 անձից բաղկացած ընտանիքի օջախն էր, որդիներիս ու թոռներիս անկյունը: Դադարեցրին քանդելը: Կանչեցի լրատվամիջոցների, մեծ աղմուկ բարձրացրի: Մի քանի օր անց Խարկով քաղաքից կանչեցի որդիներիս` Ժորա եւ Մարտուն Խաչատրյաններին, ովքեր նույնպես ազատամարտիկներ են, բայց սոցիալական ծանր պայմաններից ելնելով, մի երկու տարի առաջ մեկնել էին Հայաստանից եւ Խարկով քաղաքում են ապրում: Որդիներս եկան, հանդիպեցին Մայրապետյանին, ով նրանց ձեռքը մի պայմանագիր է տալիս եւ ասում, որ պետք է ստորագրեն, մեր տան համար են վճարում. այն պետք է քանդեն: Ես այդ ժամանակ ծանր հիվանդ պառկած էի, որդիներս անտեղյակ գործող օրենքներից, մյուս կողմից էլ՝ անհանգստացած, որ կարող է առանց այդ պայմանագրի էլ իրենց տունը կորցնեն, ստորագրում են այդ պայմանագրի տակ:
Երբ ես ապաքինվում եմ եւ իմանում եղելությունը, պայմանագրով նախատեսված տրամադրվող գումարի չափը, հասկանում եմ, որ որդիներիս ուղղակի մոլորության մեջ են գցել եւ մեզ հասանելիք ամբողջ գումարը չեն փոխհատուցում: Նրանց տված գումարը միայն տան վերեւի հարկի մակերեսի գումարի փոխհատուցումն է, մինչդեռ, ըստ համապատասխան օրենքի, մեզ է պատկանում նաեւ մեր տան հարակից 932, 0 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաեւ մեր սեփականությունն են նկուղը եւ պատերը` մոտ 80 քմ: Փաստորեն, որդիներս հապճեպության պատճառով, լինելով մոլորության մեջ եւ անտեղյակ օրենքներից, համաձայնել են կնքել մի պայմանագիր, որով մեզ ուղղակի խաբել են: Դրանից անմիջապես հետո որքան էլ ուզեցի հանդիպել Մայրապետյանին, չստացվեց: Այդ ժամանակից մինչ օրս մենք դատական քաշքշուկների մեջ ենք, եւ, փաստորեն, մեզ հասանելիք գումարը տվել են մեր հարեւան Կիլիկյաններին եւ դա պատճառաբանում են, թե իբր այդ տարածքը 1986-ից, սկզբում` օգտագործման, հետո` սեփականության իրավունքով պատկանել է իրենց` Կիլիկյաններին: Դա բացարձակ սուտ է: Կիլիկյանի տան մուտքը բակի կողմից է, եւ նա այստեղ սեփականություն չունի: Մենք անգամ Հայաստանի Ազգային արխիվ ՊՈԱԿ-ից հարցում ենք կատարել, եւ մեզ պատասխանել են, որ. «Երքաղխորհրդի գործկոմի 1986 թ. նիստերի արձանագրություններում Պուշկինի 4-րդ շենքի թիվ 15 հասցեի բնակիչներ Բարսեղ, Աշոտ, Վիկտոր եւ Անդրանիկ Կիլիկյանների հողօգտագործման կամ վարձակալության մասին տեղեկություններ չի հայտնաբերվել»: Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը 18.12.2012թ. անհիմն, կեղծ փաստերի հիման վրա որոշել է, որ այդ տարածքների սեփականատերերը Կիլիկյաններն են, եւ մեր սեփականության մեզ հասանելիք գումարն այդ սխալ որոշման հիման վրա տրվել է Կիլիկյաններին»: Այնուհետեւ տիկին Ջուլիետան իր վիրավորանքն արտահայտեց. «Անարդարությունից եմ վիրավորված: Կռվի տարիներին, երբ իմ ողջ ընտանիքը սահմաններում ու Արցախում կռիվ էր տալիս, Կիլիկյանները փախել էին Մոսկվա եւ փափուկ կյանք էին վարում, հիմա եկել են ու երկրին ու իմ տանը տեր դարձել»:
«Առավոտի» զրուցակիցը համոզված է, որ դատական անհիմն որոշման մեջ մեծ դերակատարում ունի նաեւ իրենց երբեմնի հարեւան Արկադի Տեր-Թադեւոսյանը. «Կոմանդոսը, որը մեր երրորդ հարեւանն է, նույն բակում ենք ապրել, իր ուսադիրներն օգտագործում է եւ դատական միջնորդություններ է անում, նա շատերի տներն է հիմնահատակ քանդել, այս անգամ էլ դատարանում օգտագործել է իր տարբեր կապերը եւ միջնորդել, որ վճիռը հօգուտ Կիլիկյանների կայացվի: Ես դրանում համոզված են, քանի որ ինձ ներսից են ասել այդ մասին»:
Կարդացեք նաև
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
ՀՀ վճռաբեկ դատարանը 2008 թվականից առ օրս անգործության է մատնվել, քանի որ առանց որեւէ հիմնավորման, նույնաբովանդակ որոշումներով, վարույթ չի ընդունում բողոքների մոտ 99 տոկոսը, ինչի հետեւանքով խաթարվել է ՀՀ դատական համակարգի գործունեությունը: Միշտ չէ, որ Հայաստանում կիրառվում են ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, քանի որ համանման իրավահարաբերության ժամանակ Հայաստանի վճռաբեկ դատարանը կիրառում է տարբեր մոտեցումներ: Հայաստանի վճռաբեկ դատարանը այնպես է խճճել Հայաստանի իրավական համակարգը, որ արդեն վերջինս չի իմանում, թե իր «նախադեպային» որոշումներից ո՞ր որոշումը կիրառի, քանի որ համանման գործերով ունի ընդունած իրարամերժ տարբեր որոշումներ: Ըuտ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` վերաբերմունքի տարբերությունը խտրականություն է, եթե առկա չէ oբյեկտիվ եւ պատճառաբանված արդարացում: Նշված խճճված իրավիճակից դուրս գալու համար ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների մեջ նշվում են նույնաբովանդակ մերժումներ, որ իբր բողոքաբերը չի հիմնավորել իր բողոքը, եւ իբր չեն նշվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, այն դեպքում, որ վճռաբեկ բողոքում նշված է լինում բազմաթիվ նախադեպային որոշումներ եւ հիմնավորումներ: Գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը պետք է ինքնուրույն կիրառի իր ընդունած այն նախադեպային որոշումները, որոնց փաստական հանգամանքները նույնական են: Եվրոպայի մարդու իրավունքների միջազգային դատարանը ինքնուրույն է կիրառում իր նախադեպային վճիռների եզրահանգումները, եթե գտնում է, որ տվյալ գործերի փաստական հանգամանքները նույնական են: ՀՀ Սահմանադրության եւ օրենքների մեջ չկա որեւէ դրույթ, որ եթե բողոքաբերը իր վճռաբեկ բողոքում չի վկայակոչում ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման եզրահանգումների նույնական լինելու փաստը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը իրավունք է ստանում չկիրառելու նշված նախադեպային որոշումը: Նման իրավական անկայուն վիճակում գտնվելու պայմաններում Հայաստանի քաղաքացիները զրկված են դատական պաշտպանության իրավունքից: Հետագայում կարող եմ Ձեզ ներկայացնել առանձին դատական գործեր, որտեղ ակնհայտ երեւում է Հայաստանի դատական համակարգի կողմից օրենքների եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումները, ինչը փոխկապակցված գործում է առաջին ատյանից մինչեւ վճռաբեկ դատարանի «Բերմուդյան եռանկյունում»: