Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ

Նոյեմբեր 22,2013 13:48

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության ավագ դատախազ, մեղադրանքը պաշտպանող դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աֆանդյանը Կոտայքի մարզի դատարանում հրաժարվեց նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի մեղադրանքից, առաջադրեց նոր մեղադրանք, եւ ապա միջնորդեց, որ նրա կալանքը փոխարինվի քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժինն Առինջ գյուղի գերեզմանաքարի վրա փորագրող Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 26-ին, ժ. 24-ի սահմաններում, «ուրիշի գույքը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով» Առինջ գյուղի բնակիչ Գագիկ Հայրապետյանի հետ, բջջային հեռախոս գնելու պատրվակով, Երեւանի բնակիչ Արտյոմ Հակոբյանին հրավիրել էր իր տուն:

Ըստ գործի նյութերի, նրանք երկուսով կապել էին տուժողի ձեռքերը, ոտքերով հարվածել, տուժող Ա.Հակոբյանին պատճառել էին քթային շնչառական խախտումներով բարդացված, քթոսկրի փակ, քիչ տեղաշարժված կոտրվածք:

Մեղադրողը հրաժարվեց մեղադրանքի այս դրվագից նաեւ, որ իբր ամբաստանյալները կպչուն ժապավենով կապել էին Հակոբյանի ձեռքերն ու բերանը, դանակի գործադրմամբ, հափշտակել են նրանից 80 000 դրամ արժողության «Նոկիա» 6730 մոդելի բջջային եւ 6000 դրամ արժողության «Նոկիա» 5030 գ. մոդելի հեռախոսները:

Նշենք, որ մինչ այդ մեղադրանքը պաշտպանում էր մարզի դատախազներից մեկը, որին փոխարինած մեղադրող Ա. Աֆադյանն իր մասնակցությունն այս քրեական գործով նշանավորեց նրանով, որ երկրորդ դատական նիստին մեկ տարուց ավելի կալանավորված Գագիկ Հայրապետյանի մեղադրանքից հրաժարվեց, եւ Գագիկը նույն օրն էլ մեկուսարան չտարվեց, անհապաղ ազատվեց դատական նիստերի դահլիճից:
Հովհաննես Հովհաննիսյանի եւ Գագիկ Հայրապետյանի գործողությունները, ըստ մեղադրողի, չէին կարող որակվել որպես ավազակային հարձակում:
Մեղադրողը նշեց, որ նախաքննության մարմինն այն որակել էր «նախնական համաձայնությամբ» կատարված ավազակային հարձակում:
Մինչդեռ, ըստ մեղադրանքից հրաժարվելու որոշման, «սույն քրեական գործով չի բերվել որեւէ տվյալ, ապացույց այն մասին, որ մինչ հանցանք կատարելը Հովհաննես Հովհաննիսյանն ու Գագիկ Հայրապետյանը նախապես պլանավորել են եւ կատարել իրենց ավազակային հարձակումը»:

Ըստ վերջինի, Հովհաննիսյանի արարքը ենթակա էր գնահատման փաստացի կատարված գործողությունների գնահատմամբ, իսկ գործով ձեռքբերված ապացույցներով հիմնավորվել էր, որ Հովհաննեսի՝ դանակի գործադրման միջոցով սպառնալիքներ տալու դրվագի մասին հայտնել է միայն տուժողը՝ Ա.Հակոբյանը: «Դանակի առկայության մասին, բացի տուժողի ցուցմունքից, որեւէ ապացույց ձեռք չի բերվել, այն պարագայում, երբ դեպքից ժամեր անց կատարված դեպքի վայրի զննությամբ այդպիսի ապացույցներ չեն հայտնաբերվել, տուժողի կրծքավանդակին կամ ոտքի վրա ծակած բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել»,- ասում է մեղադրող Ա.Աֆանդյանը:

Ըստ նոր առաջադրված մեղադրանքի, նրանք կպչուն ժապավեններով կապելու եղանակով Ա.Հակոբյանին նստեցրել են աթոռին, 1 ժամ սահմանափակել են նրա ազատ տեղաշարժի իրավունքը, այդ կերպ ազատությունից ապօրինի զրկել:
Ի դեպ, Հովհաննես Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն ցուցմունք էր տվել, որ ցանկացել է երեխայի համար հեռախոս գնել:

Արտյոմ Հակոբյանին կանչել է իրենց տուն, իրենց ընդհանուր ծանոթ Գայանեի ներկայությամբ «ավտարիտների» հասցեին հայհոյանքներ տալու համար վիճել է Արտյոմի հետ, կպչուն ժապավենով կապել նրան, զանգել Գայանեին, ու երբ Գայանեն հաստատել է Արտյոմի կողմից տրված հայհոյանքների փաստը, հարվածել է վերջինին, սակայն դանակով չի հարվածել, հեռախոսը չի հափշտակել, քիչ անց բաց է թողել:

Վկա Գայանե Եդիգարյանը հաստատեց կատարվածը, ասաց, որ ինքն է հայհոյանքի մասին պատմել Հովհաննեսին, եւ նաեւ տեղեկացրել էր, որ «տուժողը» քաշքշել է իրեն, ծեծել անգամ մորը: Ի դեպ, տուժողն այս պահին կրկին ազատազրկված է, Շենգավիթի դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման՝ հափշտակության համար, եւ դատարան է բերվում քրեակատարողական հիմնարկից:
Դատական քննությունը շարունակվում է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930