Լրահոս
Օրվա լրահոսը

Բալետի պրեմիեր արտիստը հավատում է ՀՀ նախագահին եւ մշակույթի նախարարին

Նոյեմբեր 22,2013 13:40

Հայաստանյան բալետային աշխարհին անակնկալի բերեց «Առավոտի» հայտնած այն լուրը, թե Ազգային օպերային թատրոնի պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանը ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ից դեկտեմբերի 31-ը բաց պայմանագիր է կնքել Վրաստանի օպերային թատրոնի հետ: Ավելին, բալետային արվեստի երկրպագուներն ու նույնիսկ մասնագետներից շատերը համոզմունք էին հայտնում, թե «ռուսներին չհաջողվեց, բայց վրացիները մեր Սպարտակին տարան ու տարան»: Սա այն դեպքում, երբ Ռուբեն Մուրադյանը մեզ հայտնել էր բաց պայմանագրի առավելությունը, այն է՝ ըստ պայմանագրում նշված ժամկետում ապրելով ու ստեղծագործելով հրավիրող երկրում, միաժամանակ արվեստագետը կարող է ընդունել այլ հրավերներ եւս, ընդ որում՝ նաեւ «սեփական» երկրից:

Հիշեցնենք, որ մեր արտիստը հրավերը ստացել էր աշխարհահռչակ պարուհի, Վրաստանի օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլիից:

Նախօրեին հանդիպեցինք Ռուբեն Մուրադյանի հետ, ով Ազգային օպերային թատրոնում նոյեմբերի 23-ին հանդես կգա Սպարտակի դերապարով՝ Խաչատրյանի համանուն ներկայացման մեջ:

Արվեստագետից խնդրեցինք ներկայացնել իր աշխատանքը Թբիլիսիի թատրոնում: «Ավելի քան երկու ամսում պատրաստել եւ հանդես եմ եկել ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ու մոդեռն ներկայացումներում, այդ թվում՝ ճանաչված խորեոգրաֆներ Ալեքսեյ Ֆադեեւիչի «Լիզա Կոլեն», Չայկովսկու «Շչելկունչիկ», Ժիրի Կիլիանիի «Վեց պար», «Փոքր մահ»: Նինո Անանիաշվիլիի հետ հանդես եմ եկել Ադանի «Ժիզելում» եւ այլն: Մոտ օրերս վրացիների հետ կմեկնեմ Իսպանիա՝ հյուրախաղերի, որից հետո ես հրավիրված եմ Իտալիա»,- ասաց արտիստը:
Խնդրեցինք նաեւ ներկայացնել վերջին շրջանում այդքան շատ հոլովվող վրացական բալետի «պլյուսները»: Մեր զրուցակիցը ներկայացրեց ու համեմատություններ անցկացրեց ներկայիս վրացական եւ հայկական բալետարվեստի միջեւ: «Չեմ կարող ասել, թե կոնկրետ Վրաստանի թատրոնի բալետային խումբն իր պրոֆեսիոնալ մակարդակով բարձր է մերինից, բայց ակնհայտ է, որ թատերաշրջանի ընթացքում նրանք ունենում են միանգամից մի քանի հրավեր եւ իրենց թույլ են տալիս ընտրություն կատարել: Արտիստները ներկայացումներից ստանում են հավելավճարներ եւ պարգեւավճարներ… Վրացական թատրոնի բալետային խաղացանկը շատ հարուստ է… Բայց չի կարելի չնկատել վերջին շրջանի հայաստանյան մշակութային կյանքի, մասնավորաբար՝ բալետային արվեստի առաջընթացն ու աշխուժացումը,- հայտնեց Ռուբեն Մուրադյանը, շեշտելով,- հասկանում եմ, որ ուզում եք իմանալ վրացի արտիստների աշխատավարձի չափը: Ախր մեր երկիրը ոչ ծով ունի, ոչ գազ, ոչ նավթ… Բայց հավատում եմ մեր նախագահի խոսքին, թե պարողների աշխատավարձը կբարձրանա 50%-ով, իսկ մշակույթի նախարարի հետ զրույցում էլ, խնդրանքիս ի պատասխան՝ տիկին Պողոսյանը համակարծիք է եղել մեր թատրոնում վերականգնելու Մաքսիմ Մարտիրոսյանի խորեոգրաֆիայով Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» ներկայացումը…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Ռուբեն Մուրադյանը՝ երեւանյան «Սպարտակում»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930