Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավորի ծանր աթոռը

Նոյեմբեր 22,2013 14:01
Merujan Ter-Gulanyan

Եվ երբ Նահապետը հարմար տեղավորվեց ջրաղացի եւ դարբնոցի միջեւ, նայեց, երկար նայեց իր դիմաց նստածներին ու ասաց. – Ես հիմա ձեզ կասեմ բաներ, որ հույս ունեմ՝ չեք մոռանա.
– Շնորհքը գնահատելու համար գնահատելու շնորհք պիտի ունենաս: Մշտական ընկեր չես կարող լինել, եթե քո խնդիրը օրվա հացի հետ է կապված: Ոչ մի իրականություն անշարժ չէ, քանի որ իրականությունն այդ ընդամենը մարդու թվացյալ ցանկությունների մեջ է:

– Հիշենք,- շարունակեց Նահապետը,- ձեզ ոչնչացնողն ու ձեզ թագավորեցնողը ձեր հայրենիքն է, չգիտեմ՝ ձեզանից ով ինչին կարժանանա, բայց դժվարը Դատավորի տեղն է, քանի որ մի օր, երբ նստեք Դատավորի աթոռին, բոլորը ձեզ հանկարծ մեղավոր կթվան: Թեեւ դատարանն ավելի բարձր է, քան դատավորը, իսկ դատարանից վերեւ օրենքն է, այնինչ դատավորն է դատողը, իսկ օրենքը ձեր վերացական կամքի արտահայտությունն է, եւ ոչ միայն օրենքով, այլ նաեւ ձեր խղճով է պայմանավորված, թե ո՞վ է արդար եւ ո՞վ է մեղավոր: Եվ ձեզ օրենքից առաջ կփրկի նաեւ դատավորի մեծահոգությունը, քանի որ ճշմարիտ ճանապարհն է՝ Մի դատիր արդար, դատիր գթությամբ, բայց պաշտոն շնորհելուց հետեւիր հավատքին: Այդպիսին պետք է լինի առաջնորդը երկրի…

Հետո Նահապետը երկար լռեց՝ շարունակ քրքրելով իր մաշված բաճկոնի գրպանները: Նա անընդհատ ինչ-որ բան էր փնտրում, բայց կարծես թե այդպես էլ չգտավ: Եվ ակնդետ նայելով լսողներին՝ ասաց.
– Մի օր, հերթական անգամ թագավորը գնում է որսի եւ ճանապարհին հանդիպում է յոթ զավակ ունեցող գյուղացի Սահակին, ով հանդից տուն էր վերադառնում: Սահակը խոնարհվում է թագավորի երթի առջեւ եւ շարունակում է իր ճանապարհը: Այդ օրը, սակայն, թագավորի որսը անհաջող է լինում: Թագավորը վերադառնում է պալատ ջղային ու հրամայում է կանչել Սահակին ու գլխատել: Սահակը լսում է իր դատավճիռը եւ թագավորին ասում.
– Տեր Արքա, դու որսի էիր գնում, ես՝ տուն, հիմա մեզանից ո՞ւմ օրը չստացվեց: Դուք կարող եք ինձ պատժել, բայց մինչ այդ մի խորհուրդ ունեմ տալու,- ասում է Սահակը:

– Ձեռքիդ նվագարանի լարը այնքան մի ձգի, որ կտրվի, եւ այնքան մի թուլացրու, որ չնվագի:
– Եվ որովհետեւ թագավորն իմաստուն էր,- շարունակեց Նահապետը, Սահակին ասաց.- Դու արդար հարց տվեցիր ինձ, ես վերադարձել եմ պալատ, իսկ դու տուն չես հասել: Այդ ես էի մեղավոր, որ իմ որսը չստացվեց, դու գնա տուն: Եվ քանի որ Նոր տարին մոտենում էր, թագավորը նվերներ շնորհեց Սահակին եւ նրա զավակներին՝ ասելով.
– Շնորհավոր քո եւ քո ընտանիքի նոր տարին, Սահակ արդարախոս մարդ, սակայն չմոռանաս, որ վաղը միասին ենք որսի գնալու:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930