Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ երկիրը, որն ապահովում է ԼՂՀ անվտանգությունն ու անկախությունը, ՀՀ-ն է

Նոյեմբեր 22,2013 14:25

«Առավոտ»-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

– Օրերս Վիեննայում կայացավ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը՝ տեւական ընդմիջումից հետո։ Հայտնի է, որ համանախագահները պետք է առաջիկայում կազմակերպեն աշխատանքային հանդիպումներ ԱԳ նախարարների հետ դեկտեմբերի 5-6-ը Կիեւում, ինչպես նաեւ նրանք ծրագրում են այցելել տարածաշրջան մինչեւ տարվա վերջ: Պարոն Մայիլյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ ԼՂ բանակցային գործընթացը, վերջապես, տեղից առաջ է շարժվել, թե՞ այլեւս դադարը չէր կարող ձգվել:

– Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ 2012թ. հունվարին Սոչիում կայացած հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման գործընթացը պասիվ փուլ էր մտել: Նման իրավիճակը պայմանավորված էր նրանով, որ 2012 եւ 2013 թվականները ընտրական տարիներ էին միջնորդ երկրների, ինչպես նաեւ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի համար:
Այս շաբաթ՝ շուրջ երկու տարվա ընդմիջումից հետո, տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամփոփիչ հայտարարության մեջ նշվեց, որ՝ «Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռք բերմանը, եւ հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»:
Այսպիսով կարելի է ակնկալել, որ ներքաղաքական խնդիրները լուծելուց հետո միջնորդ երկրները եւ հակամարտող կողմերը առավել ակտիվ կզբաղվեն ղարաբաղյան կարգավորմամբ:
Որոշակի ակտիվություն կարող են ցուցաբերել նաեւ հակամարտության կողմերի հասարակությունները: Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես եկավ վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցների ձեռնարկման կարեւորության օգտին: Նա ընդգծել էր, որ կարելի է վերականգնել ջանքերը «Track II»-ի ծրագրերի բոլոր ուղղություններով:

– Գաղտնիք չէ, որ պաշտոնական Բաքուն բանակցային տարբեր փուլերում նոր պահանջներ է ներկայացնում: Հնարավո՞ր եք համարում, որ երկու տարվա դադարից հետո Ադրբեջանի իշխանությունները նոր պահանջներով հանդես գան:

– Չի կարելի բացառել նման դեպքերի զարգացումը, քանի որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո այդ երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուները պահպանել են իրենց պաշտոնները:

– Պարոն Մայիլյան, վերջերս Գյումրիում գործող ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին հայտարարեց, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, ապա Գյումրիի ռազմաբազան կարող է ներգրավվել զինված հակամարտությունում: Ղարաբաղում ինչպե՞ս են վերաբերվում ռուս հրամանատարի հայտարարությանը: Այդտեղ է՞լ են համարում, որ ՌԴ-ն է Ղարաբաղի անվտանգության երաշխավորը:

– Ռուսական 102-րդ ռազմաբազայի ՌԴ Հարավային ռազմական օկրուգի գնդապետ Անդրեյ Ռուզինսկու վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ճանապարհով հավակնությունների դեպքում ռազմաբազան կարող է ներգրավվել ռազմական հակամարտության մեջ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում ՌԴ-ի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, համարում եմ «ոչ ստանդարտ»:
Դեռ վաղ է խոսել Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի կողմից քաղաքականության փոփոխության մասին՝ ԼՂՀ անվտանգության ապահովման մասով, քանի դեռ գնդապետի խոսքերը Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների կողմից չհաստատվեն:
Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանը, ապա միակ երկիրը, որն ապահովում է ԼՂՀ անվտանգությունն ու անկախությունը, Հայաստանի Հանրապետությունն է:

– ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ավագ օգնական, գեներալ-մայոր Վլադիմիր Նիկիշինը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ-ը չի կարող հակասության մեջ մտնել հետխորհրդային որեւէ երկրի հետ: «Ինչ վերաբերում է մեր աշխատանքին, այսպես ասենք, մի կողմից՝ մեր դաշնակիցն է՝ Հայաստանը, բայց մյուս կողմից էլ՝ մեր գործընկերն է: Մենք չենք կարող դե ֆակտո, անգամ դե յուրե հակասությունների մեջ մտնել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ: Դեռ ավելին՝ եթե մենք նման կերպ՝ զինտեխնիկայի վաճառքի միջոցով, կապերի մեջ լինենք պետությունների հետ, կարող ենք որոշակի ազդեցություն ունենալ նրանց քաղաքականության վրա»,- ասել էր նա: Պարոն Մայիլյան, Ձեր կարծիքով՝ ՌԴ-ի քաղաքականությունը ԼՂ կարգավորման հարցում կարո՞ղ է փոփոխվել, թե՞ ստատուս-քվոյի պահպանումը կշարունակվի:

– Գեներալ-մայոր Նիկիշինի խոսքերը հաստատում են, որ Ռուսաստանի վերջին ժամանակի քաղաքականությունը փոփոխությունների չի ենթարկվել: Կրեմլը չէր ցանկանա հայտնվել ոչ հարմար իրավիճակում, որի արդյունքում նա ստիպված կլիներ ընտրություն կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    ԼՂՀ չկա, կա ՀՀ ու հայի շահերից խոսող ցանկացած ոք, ով մտածում է, որ կա ՀՀ ու ՀՀ-ից առանձին մի հատ էլ ԼՂՀ, հաստատ պարտված է…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930