Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հարցում Արեւմուտքը կգնա՞ արկածախնդրության

Նոյեմբեր 22,2013 14:15

Պաշտպանության նախկին նախարար,
գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը չի բացառում այդ տարբերակը

– Երկու օր առաջ՝ երկու տարվա ընդմիջումից հետո, կայացավ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հերթական հանդիպումը: Երկամյա ընդմիջման ընթացքում Ադրբեջանի նախագահի շուրթերից բավականաչափ ռազմատենչ հայտարարություններ հնչեցին, սահմանային միջադեպեր եղան, մարդիկ զոհվեցին: Վերջին հանդիպմանը, որը ՀՀ նախագահը որակեց «նորմալ», կրկին միջադեպ հաջորդեց՝ Տավուշի մարզի հատվածում: Մի կողմից՝ կարծես, բանակցային գործընթացի շարունակականությունն է ապահովվում, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն իր ռազմական հռետորիկան պահպանում է. ինչպե՞ս սա հասկանալ: Որքանո՞վ է այժմ արդիական պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը:

– Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ պետք է հասկանալ, որ դրանք երկու գործընթացներ են, որոնք ունեն իրենց նպատակները: Բանակցությունների առումով պարզ է. նախագահական ընտրություններն ավարտվել են, եւ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, բնական է, փորձում են նոր մոտեցումներ ձեւավորել: Բանակցությունները միշտ էլ պատերազմից լավ են: Ինչ վերաբերում է միջադեպերին, ապա այստեղ էլ պետք է հասկանանք, թե ինչ նպատակ են հետապնդում հայ-ադրբեջանական սահմանում կատարվող գործողությունները: Ակնհայտ է, որ Ադրբեջանը որդեգրել է ռազմավարություն, որի նպատակն է ձեւավորել պատերազմի վերսկսման սպառնալիք, վախի մթնոլորտ եւ անկայունություն ստեղծել Հայաստանում ու Ղարաբաղում՝ դրանով խթանելով արտագաղթը: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այսօր չունի ռազմական այն ներուժը, որը իրեն թույլ կտա վերսկսել պատերազմը եւ այն ավարտել հաղթանակով կամ հասնել դրված նպատակներին: Իսկ այն սպառազինությունը, որ իրենք ձեռք են բերում, դա ռազմաքաղաքական բալանսի մի փոքրիկ մասն է:
Հայաստանը եւ Ղարաբաղն ունեն ավելի ամուր դիրքեր՝ այն առումով, որ ռազմաքաղաքական տեսանկյունից պատերազմի վերսկսումը չի բխում ոչ Թուրքիայի, ոչ Արեւմուտքի, ոչ էլ ՌԴ-ի շահերից: Ի դեպ, ՌԴ-ն այդ մասին միանշանակ հայտարարել է՝ Լավրովը՝ ՄԱԿ-ի ամբիոնից, Պուտինը, Մեդվեդեւը ասել են, որ թույլ չեն տա ռազմական գործողությունների վերսկսումը եւ ուժային տարբերակով ԼՂ հարցի լուծումը:

– Ստեղծված այս նոր իրավիճակում, երբ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու պատրաստությունների մեջ է, ի՞նչ հավանական սպառնալիքներ կան մեր երկրին ուղղված՝ ղարաբաղյան ճակատում:

– Ռազմական առումով պատերազմի վերսկսման որեւէ սպառնալիք չկա: Ավելի ճիշտ՝ այդ հավանականությունը չի բարձրանում, հակառակը՝ նվազում է: Որովհետեւ եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանում հնչող հայտարարություններին, ապա պատերազմում հաղթանակ տանելու հարցում իրենց խանգարում է ՌԴ-ի դիրքորոշումը: Այդ տեսանկյունից, երբ Հայաստանը դառնում է ՄՄ-ի անդամ, դա ավելի է խորացնում իրենց մտավախությունը:
Ղարաբաղյան հարցի կարգավորման խնդիրը հնարավոր է օգտագործեն որպես լծակ ՀՀ-ի վրա ազդելու համար՝ ՄՄ-ին չանդամակցելու եւ ՌԴ-ի հետ ավելի խորը չինտեգրվելու համար: Նման տարբերակ հնարավոր է, բայց դա ազդեցություն չի ունենա Հայաստանի ընտրած քաղաքականության վրա:

– Նկատի ունեք Արեւմուտքի՞ կողմից:

– Այո:

– Մաքսային միությանն անդամակցելու գործընթացում իշխանությունն անընդհատ առաջ էր մղում Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության հարցը: Ձեր կարծիքով՝ ՄՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը լուծո՞ւմ է հայկական պետությունների անվտանգության խնդիրը:
– Ընդհանրապես սխալ պատկերացում կա Մաքսային միության մասին: Այդ միությանն անդամակցությունը մի ամբողջ գործընթաց է, որի առաջին փուլը ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի ստորագրումն է, ապա ՄՄ-ին անդամակցությունը, որի վերջնակետն էլ Եվրասիական միությանն անդամակցությունն է: ՄՄ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել կամ հայտարարել են, որ դրական են վերաբերվում Տաջիկստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը: Այսինքն՝ ՄՄ-ի ներկայիս եւ ապագա անդամները ՀԱՊԿ-ի անդամ պետություններն են: Չի կարելի տարանջատել տնտեսությունն անվտանգությունից: Եվ սխալ կլինի ասել, որ միայն տնտեսական շահ ենք հետապնդում: Եթե ձեւավորվում է տնտեսական տարածք, ապա այն պետք է առաջին հերթին իր անվտանգությունն ապահովի: Եթե անվտանգությունն ապահովված չէ, ապա որեւէ զարգացման մասին խոսք լինել չի կարող: Այնպես որ՝ սրանք միմյանց հետ կապված, բնական հարցեր են, եւ Հայաստանը՝ մտնելով ՄՄ, լուծում է ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության լրջագույն հարցեր:

– ՄՄ-ին անդամակցության առումով բազմաթիվ քննադատություններ եղան հենց տնտեսական մասով, քանի որ եվրոպական շուկան առավել ազատ, հարուստ եւ գրավիչ է՝ բոլոր իմաստներով: Մի՞թե Եվրոպայում Հայաստանի զարգացման հեռանկարներն առավել լայն չէին:
– Գիտեք, եթե մենք հարցը դիտարկենք այն տեսանկյունից, թե որ շուկան է առավել զարգացած, ապա, իհարկե, եվրոպական. դա աքսիոմա է, այստեղ քննարկելու հարց չկա: Բայց ի՞նչ է տալիս այդ շուկան Հայաստանին՝ դա այլ հարց է, եւ այստեղ շփոթում են: Երբ Եվրոպայի մասին դատողություններ են արվում, խոսում են այն մասին, թե Եվրոպան ինչքա՛ն զարգացած է, ինչքա՛ն հարուստ, բայց ոչ մի անգամ չեն հարցնում, թե ի՞նչ է տվել մեզ Եվրոպան եւ ի՞նչ է տվել ՌԴ-ն, ինչ կտա ՄՄ-ն: Դրանք շատ տարբեր հարթություններ են՝ այն առումով, որ երբ խոսում ենք ՄՄ-ի մասին, դա կոնկրետ կազմակերպություն է՝ հստակ պայմանագրերով եւ տնտեսական արդյունքով: Մեզ ոչինչ չի խանգարում գնալ ԵՄ շուկա՝ որպես ՄՄ անդամ: Հայաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է: Հարցը՝ կամ ԵՄ, կամ ՄՄ, դրեց Եվրոպան: Ի վերջո՝ այսօր Հայաստանը նաեւ համաձայն է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց Եվրոպան ասում է՝ ոչ: Սա՝ քաղաքական մասով:
Իսկ տնտեսական առումով՝ այն, ինչ Հայաստանին տալիս են ՄՄ-ն եւ ԵՄ-ն, չի կարելի համեմատել: Տնտեսական շահին վերաբերող հարցին ես կպատասխանեմ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հաշվարկներով: Նա հայտարարեց, որ եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ Ասոցացման եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիրը, ապա մի քանի տարվա ընթացքում 150 միլիոն դոլարի եկամուտ կստանար: Միայն գազի գինը, որը ձեւավորվում է այսօր՝ նվազելով 30 տոկոսով, թույլ է տալիս Հայաստանին տնտեսել տարեկան 150 միլիոն դոլար: Էլ չեմ ասում այն մասին, որ հայկական արտադրանքի ազատ շարժ կլինի դեպի Մաքսային միության շուկա, որտեղ մեր ապրանքը մրցունակ է: Հայաստանն այսօր շատ քիչ ապրանք կարող է արտահանել եվրոպական շուկա, որը կլինի մրցունակ: Ասենք՝ հայկական խաղողը, ծիրանը եւ այլն, եթե առանց մաքսատուրքերի վաճառվեն Մաքսային միության շուկայում, ապա ավելի մրցունակ կլինեն, քանի որ ադրբեջանականն ու վրացականն ավելի թանկ են լինելու: Նույնը՝ մյուս ապրանքների մասով: Հայաստանը միանշանակ առավելություններ է ստանալու, ու դա չտեսնելն անհնար է:
ՄՄ-ին անդամակցելու պարագայում Հայաստանը պետք է միանա 19 պայմանագրի եւ 65 այլ ակտեր վավերացնի, որոնցից մեկն էլ գազին եւ այլ էներգակիրներին է վերաբերում, որոնք ՄՄ անդամներին վաճառվելու են առանց որեւէ հարկերի եւ մաքսային տուրքերի: Հայ միգրանտների կարգավիճակը սոցիալական եւ այլ հարցերում համարյա հավասարվում է Ռուսաստանի քաղաքացիների կարգավիճակին. միայն աշխատանքային պայմանագրով է մարդը կարողանում ազատ աշխատել ու տեղաշարժվել, սոցիալական օգնություններ են տրվում ընտանիքներին, երեխաները կարողանում են կրթություն ստանալ եւ այլն:
Բարձրաստիճան եվրաչինովնիկներից մեկը պատասխանելով հարցին՝ ի՞նչ է Հայաստանն արտահանելու Եվրոպա, ի՞նչ է ներկրելու, ի՞նչ է շահելու՝ պատասխանեց, որ Հայաստանն արտահանելու է տեքստիլ, ներմուծելու է գյուղատնտեսական ապրանքներ: Դա պարզապես ծիծաղելի է, եւ այդ ամենից հետո խոսել, թե ի՞նչ է ստանում Հայաստանը ԵՄ-ում կամ ՄՄ-ում, ակնհայտ եւ անիմաստ է:
Միշտ չէ, որ դեպի հզորի եւ հարուստի կողմը գնալն անհրաժեշտ արդյունք է բերում: Բերեմ օրինակ՝ 1992 թվականին՝ Ղարաբաղյան պատերազմի տարիներին, Ադրբեջանն ու Վրաստանն ընտրեցին դեպի հզոր եւ հարուստ Արեւմուտք ուղղություն, Հայաստանը գնաց դեպի քանդված, թույլ Ռուսաստան: Արդյունքում Հայաստանը հաղթեց պատերազմում, վերականգնեց իր տնտեսությունը, ՌԴ-ի օգնությամբ ատոմակայանը վերագործարկեց եւ կարողացավ հաղթահարել պատերազմի հետեւանքները:

Զրույցը՝  ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930