Արմեն ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ քսանիններորդ
Կարդացեք նաև
ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ
Եվ Արիկը մի քիչ մտածեց ու քմծիծաղով Անանիային ասաց՝ «քո անձնական պրոբլեմները թողած՝ երկրի ու իշխանությունների պրոբլեմների մասին ես մտածում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ երկրի ու իշխանությունների պրոբլեմներն էլ եմ իմ անձնականը համարում», եւ Արիկը քմծիծաղով ասաց՝ «մտքովս չէր անցնի, որ Անանիան Աստծուն հավատում ա», եւ Անանիան խղճահարությամբ նայեց Արիկին ու ասաց՝ «շատ իզուր» եւ մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ավելացրեց՝ «ես ոչ միայն Աստծուն եմ հավատում, այլեւ՝ մարդկանց», եւ Արիկը հարցրեց՝ «ո՞ր մարդկանց», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «անխտիր բոլոր մարդկանց», եւ Հայկունին փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «Արիկին էլ ե՞ս հավատում», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «անշուշտ», եւ Հայկունին փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «Արիկին ի՞նչ առումով ես հավատում», եւ Անանիան հիացմունքով նայեց Արիկին ու ասաց՝ «հավատում եմ, որ պարոն Մալխասյան Արիկը մի գեղեցիկ օր ինձ կօգնի, որ իրենց ամբիոնում հայցվոր ձեւակերպվեմ», եւ Արիկը փռթկացնելով Անանիային ասաց՝ «պարզվում ա՝ իմ մասին ահագին բարձր կարծիքի ես», եւ Անանիան ժպտալով Արիկին ասաց՝ «եթե, իհարկե, պարոն Հայկունի Հարությունյանը ձեզնից առաջ չընկնի ու իրենց ամբիոնում ձեւակերպի», եւ Հայկունին ժպտալով Անանիային հարցրեց՝ «ի՞նչ ձեւակերպեմ», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «հայցվոր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «պահանջներս առանձնապես մեծ չեն», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով Անանիային ասաց՝ «պարզվում ա՝ իմ մասին էլ ես ահագին բարձր կարծիքի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու փռթկացնելով Հայկունուն ասաց՝ «բայց եթե երկուսդ էլ իմ հարցում նախաձեռնություն հանդես չբերեք, պարոն Ալբերտ Սարգսյանը ստիպված կլինի ինձ դասաժամեր հատկացնել», եւ Աբոն փռթկացնելով Անանիային ասաց՝ «պարզվում ա՝ իմ մասին էլ առանձնապես ցածր կարծիքի չես», եւ Անանիան հիացմունքով Աբոյին նայելով ասաց՝ «ես ձեր մասին մշտապես եմ բարձր կարծիքի եղել, Ալբերտ Գուրգենիչ», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «պարզվում ա՝ Անանիան սաղիս մասին էլ բարձր կարծիք ունի», եւ Անանիան ինքնագոհ ժպտալով Արիկին ասաց՝ «ի գիտություն ձեզ, պարոն Մալխասյան, ես ոչ միայն Աստծուն եմ հավատում, այլեւ՝ մարդկանց», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ քո մեծահոգության մասին ա խոսում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Արիկին հարցրեց՝ «ի՞նչ մեծահոգության մասին է խոսքը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կխնդրեի՝ ձեր միտքն առավել հստակ ձեւակերպեիք», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Անանիային ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ մարդիկ էնքան էլ արժանի չեն, որ իրանց էդքան հավատաս», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով Արիկին ասաց՝ «վերստին ձեր միտքն անհասկանալի կերպով ձեւակերպեցիք, պարոն Մալխասյան», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Անանիային ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ մարդիկ քո հանդեպ վատ են վարվում, բայց դու էլի մարդկանց հավատում ես», եւ Հայկունին ժպտալով ավելացրեց՝ «ընդ որում՝ չափից ավել ա հավատում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով Հայկունուն ասաց՝ «ի՞նչ ա նշանակում՝ չափից ավելի հավատալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ավելացրեց՝ «կամ հավատում ես, կամ էլ՝ չես հավատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ էլ հատուկ նպատակ ես դնում, որ հավատաս կամ չհավատաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքնիրան ա ստացվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ուզելով կամ չուզելով չի», եւ Արիկը ժպտալով Անանիային ասաց՝ «դու մարդկանց հավատում ես, բայց մարդիկ քեզ չեն հավատում», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «ինձ ո՞վ չի հավատում, այ Արիկ», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չհավատացողները», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «արդյոք ովքե՞ր են», եւ Արիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մեր պես անհավատ մարդիկ», եւ Անանիան ժպտալով հարցրեց՝ «ո՞ւմ պես», եւ Արիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «իմ ու Հայկունի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էրկուսդ էլ հավատում եք», եւ Արիկը ժպտալով Անանիային հարցրեց՝ «ո՞ւմ ենք հավատում», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «համ Աստծուն եք հավատում, համ էլ՝ մարդկանց», եւ Արիկը ժպտալով Անանիային հարցրեց՝ «ո՞ր մարդկանց ենք հավատացել», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «օրինակ՝ ինձ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ ինձ չհավատայիք, հայցվոր չէիք ձեւակերպի», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «քեզ ո՞վ ա հայցվոր ձեւակերպել», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «պարոնայք Արիկ Մալխասյանն ու Հայկունի Հարությունյանը», եւ Արիկը փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «հիմի մեր ամբիոնում ե՞ս հայցվոր ձեւակերպված, թե՝ Հայկունի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ընտրությունը իմն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարեւորն էն ա, որ էրկուսդ էլ ինձ վստահում ու հավատում եք», եւ Արիկը ժպտալով Անանիային հարցրեց՝ «ինչի՞ց ես ենթադրում, որ քեզ հավատում ու վստահում ենք», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հայացքներիդ մեջ ա գրված», եւ Արիկը ժպտալով Անանիային հարցրեց՝ «հայացքներիս մեջ ի՞նչ ա գրված», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «գրված ա, որ վստահում ու հավատում եք Մաղաքյան Անանիային», եւ Հայկունին փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «հայերեն ա՞ գրված», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մաքուր գրական հայերեն» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մաքուր գրական լեզվով եւ չափազանց ընթեռնելի ձեռագրով», եւ Արիկը փռթկացնելով Անանիային ասաց՝ «Հայկունի անճոռնի ձեռագիրը ոնց էլ կարում ես կարդաս», եւ Հայկունին փռթկացնելով Արիկին ասաց՝ «քոնն էլ պակասը չի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես լուրջ բան եմ ասում, դուք հանաքի եք տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չեք ուզում՝ չեմ ձեւակերպվի», եւ Արիկը փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «ի՞նչ չես ձեւակերպվի», եւ Անանիան թախծոտ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հայցվոր», եւ Արիկը փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «բա ասում ես՝ արդեն ձեւակերպվե՞լ ես», եւ Անանիան խղճահարությամբ նայեց Արիկին ու քմծիծաղով ասաց՝ «ձեզ էի փորձում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ուզում էի պարզեմ՝ սրտա՞նց եք կամենում, թե՝ ձեւական», եւ Հայկունին փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «պարզեցի՞ր», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մոտավորապես», եւ Արիկը փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «մոտավորապես ի՞նչ պարզեցիր», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մոտավորապես պարզեցի, որ էրկուսդ էլ հավասարապես եք կամենում», եւ Հայկունին փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «ի՞նչ ենք հավասարապես կամենում», եւ Անանիան ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հայցվորությունս», եւ Հայկունին ժպտալով Անանիային հարցրեց՝ «հիմի երբվանի՞ց ես սկսում», եւ Անանիան ժպտալով հարցրեց՝ «ի՞նչն եմ երբվանից սկսում», եւ Հայկունին փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «հայցվորությունդ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «արդեն սկսել եմ», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ես արդեն սկսել», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հայցվորությունս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հիմա, փաստորեն, ձեզնից հայցվորություն եմ հայցում», եւ Հայկունին հիացած նայեց Անանիային ու ժպտալով ասաց՝ «չտեսնված բառախաղ արեցիր» եւ մի քիչ մտածեց ու հիացմունքով ավելացրեց՝ «վռազ էրեւում ա, որ գրող ու բանաստեղծ ես», եւ Արիկը փռթկացնելով Անանիային ասաց՝ «օրենքով դու պիտի գրողների միության նախագահից հայցվորություն հայցես», եւ Անանիան բավական երկար մտածեց ու ասաց՝ «ես հազվագյուտ մարդկանցից եմ որեւէ բան հայցում», եւ Հայկունին հիացմունքով նայեց Անանիային ու ասաց՝ «իսկական գրող ես» եւ մի քիչ մտածեց ու հիացմունքով ավելացրեց՝ «բառերի հետ իսկական գրողի պես ես վարվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դո՛ւ պիտի գրողների նախագահն ըլնեիր», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «գրողների նախագահն իրա տեղում ա»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ