Արդյո՞ք Եվրոմիության և Ռուսաստանի հակամարտությունը կոմերցիոն սառը պատերազմ է: «Եվրոնյուզ»-ը փորձել է գտնել հարցի պատասխանը՝ զրուցելով «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի, Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի վերլուծաբան Հրանտ Կոստանյանի և Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Գրիգորի Նեմիրյայի հետ:
Կոստանյանի կարծիքով, Արևելյան գործընկերության երկրներին ԵՄ առաջարկած ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրերը բարեփոխումների համար փորձարկված և հրաշալի նախագծեր են. «ԵՄ-ն ոչ միայն պայմանագիրն է տալիս, այլև [պայմանագրի] իրականացման փուլում պարտավորվում է աջակցել այդ երկրներին, քանի որ այդ բարեփոխումներին հասնելը բավական թանկ արժեն և նրանք պահանջում են ԵՄ տեխնիկական օգնությունը», – ասել է նա:
Նեմիրյան նշել է, որ թեպետ թվում է, թե կոմերցիոն պատերազմ է, սակայն սա երկու ինտեգրման նախագծերի մրցակցություն է. «Ինտեգրում՝ գրավչության և արժեքների հիման վրա, որը Եվրոմիությունն է, և հարկադրաբար ինտեգրում, որը Եվրասիական միությունն է», – ասել է Ռադայի Եվրոինտեգրման հանձնաժողովի ղեկավար Նեմիրյան:
Պողոսյանի կարծիքով, ամեն ինչ սկսվեց բարեփոխումներ իրականացնելու հեռանկարից. «Բայց ինչ-որ պահից այն վերածվեց աշխարհառազմավարական հետաքրքրությունների, ապա դարձավ քաղաքական բախումների առիթ», – ասել է Պողոսյանը՝ նշելով, որ Հայաստանի վրա մեծ ճնշում կար, ինչի պատճառով ստիպված էր փոխել իր ուղղությունը. «Բայց մենք պետք է դիմադրենք ու մտածենք մեր զարգացման մասին, որն, ինչպես ես եմ հասկանում, Եվրոինտեգրման ճանապարհն է»:
Կարդացեք նաև
Կոստանյանի ասելով՝ Ռուսաստանն է ստեղծել այս իրավիճակը, որտեղ ընտրության հարց է առաջ քաշվել. «Եթե որևէ երկիր անդամակցում է Եվրասիական միությանը, նշանակում է, որ այն կորցնում է իր հնարավորությունն ու իրավասությունը ղեկավարելու իր արտաքին առևտրային քաղաքականությունը: Պետք էր պարզապես ստորագրել ԵՄ պայմանագիրը և մեկ այլ առևտրային պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ, և սա ընտրության հարց չէր, Ռուսաստանն է, որ այն սարքել է աշխարհաքաղաքական խաղ», – ասել է նա, ևս մեկ անգամ բացատրելով, որ հնարավոր չէ լինել Մաքսային միության անդամ և միաժամանակ ստորագրել ԵՄ ԽՀԱԱԳ պայմանագիրը, – «Դուք չեք կարող լինել Մաքսային միությունում և բարձրացնել ձեր սակագները ու ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը և իջեցնել սակագները: Ես կարող եմ բազմաթիվ այսպիսի օրինակներ բերել: Ինչը հնարավոր է՝ ունենալ ազատ առևտրի գոտի և՛ Եվրոպայի, և՛ Ռուսաստանի հետ»:
Թևան Պողոսյանը համաձայնել է, որ Ռուսաստանը կայսերական նկրտումներ ունի և պարզապես ցանկանում է վերադարձնել մերձավոր արտասահմանի երկրները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ