«Լույս» հիմնադրամի շրջանավարտների 60%-ն աշխատում է Հայաստանի հանրային, մասնավոր և քաղաքացիական հասարակության հատվածներում, 25%-ը շարունակում է իր կրթությունը նույն կամ այլ բուհում՝ ամբողջական ֆինանսավորում ստանալով նրանից: Շրջանավարտների մյուս՝ 15%-ն աշխատանքի է անցել միջազգային այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը, Amazon-ը, HSBC-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը՝ ընդգծելով, որ սա մեծ հաջողություն է, որովհետև հիմնադրամն իր գործունեությունը սկսել է ընդամենը չորս տարի առաջ՝ 2009թ.:
Նշենք, որ «Լույս» հիմնադրամը մասնավոր, ոչ առևտրային հաստատություն է, որն իր քառամյա գործունեության ընթացքում աշխարհի առաջատար բուհերում ուսանելու կրթաթոշակ է հատկացրել 308 հայ ուսանողների:
Ժաքլին Կարաասլանյանի խոսքով՝ «Լույս»-ի շրջանավարտները չորս տարվա ընթացքում Հայաստանում հիմնել են 5 նոր ընկերություն:
«Լույս» հիմնադրամի գործառնությունների ղեկավար Գայանե Ղումաշյանն էլ ասաց, որ «Լույս»-ի ուսանողներն իրենց ուսումնառության տարիների ընթացքում աշխատում են Հայաստանի հետ՝ «Զարգացնենք Հայաստանը միասին» և այլ ծրագրերի շրջանակներում: ««Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրով «Լույս»-ի ուսանողներն իրենց կրտսեր գործընկերների հետ միասին աշխատում են Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում՝ տեսական գիտելիքը գործնականի վերածելով: Միայն 2013թ. «Լույս»-ի աշխատանքային թիմերը ՀՀ տարբեր համայնքներում նախաձեռնել և իրականացրել են մոտ 55 նախագիծ»,- ասաց Գ. Ղումաշյանը:
Կարդացեք նաև
«Լույս» հիմնադրամի շրջանավարտ, շրջանավարտների ցանցի անդամ Ստեփան Խզրթյանը, ներկայացնելով «Լույս»-ի կրթաթոշակային նոր զարգացումները, ասաց. «Այսուհետ հիմնադրամն իր կրթաթոշակառուներին կտրամադրի «Լույս» փոխառություն, որը կլինի առանց գրավադրման և առանց տոկոսադրույքի: Ուսանողը, դառնալով կրթաթոշակառու, ստանձնում է մի շարք պարտավորություններ, որոնց պատշաճ կատարման դեպքում փոխառությունը մարվում և վերածվում է դրամաշնորհի՝ կրթաթոշակի: Այսինքն՝ շեշտը դրվում է թոշակառուի նվիրվածության և պարտավորությունների լիարժեք կատարման վրա: Կարևոր է, որ «Լույսի» թոշակառուները, որտեղ էլ լինեն, նպաստեն և իրենց ներդրումն ունենան հայկական աշխարհի զարգացմանը: Սա նորարարական մի քաղաքականություն է, որը կգործի 2014-2015 թվականներից»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ