Քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանն անփոփոխ թողեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիս Սիսակյանի որոշումը՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ երկու ամսով կալանք ընտրելու մասին:
Սիրված մտավորականի, դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ ներկայացրել է առարկություններ, եւ որեւէ հիմք Վարդան Պետրոսյանին խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ չկա:
«Դատախազը որեւէ հիմք խափանման միջոցի հետ կապված չկարողացավ մատնանշել: Յուրաքանչյուր մարդ, այդ թվում Վարդանն իրավունքներ ունի սահմանադրությամբ և Կոնվենցիայով, որ եթե չկան հիմք մարդուն կալանավորելու,իրավունք չունեին կալանավորելու, անկախ հեղինակությունից»,-ասաց Ն.Բաղդասարյանը: Դռնփակ դատական նիստի ժամանակ խոսք էր գնացել նաեւ խոշտանգումների մասին, այդ կապակցությամբ Ն.Բաղդասարյանն ասաց. «Անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների մասին ներկայացրել եմ բողոք, մարդու իրավունքների պաշտպանին, կարծում եմ, եթե մարդը գտնվում է ստացիոնար բուժման մեջ, իր առողջական վիճակը չի թույլատրում մասնակցել դատավարական գործողությունների, իրավունք չունեին ոստիկանությունը հարկադրաբար տեղափոխել դատարան, այնտեղ վերցնեին բացատրություն, ներգրավվել դատավարական գործողությունների մեջ:Դա խոշտանգում եմ որակել եւ ՄԻՊ-ին դիմելով խնդրել եմ, որպեսզի արձանագրվի այդ փաստը»,-հավելեց Ն.Բաղդասարյանը:
«Aravot.am»-ի դիտարկմանը, թե Կոտայքի մարզի դատարանին ներկայացվել էր Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի մասին տեղեկանք, որ նա չի կարող մասնակցել դատական նիստի, սակայն նա բերվեց դատարան, այսօր էլ է ներկայացվել տեղեկանք, եւ սակայն Վարդան Պետրոսյանը այսօր չի մասնակցում, ինչու, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, պարտադիր չի մեղադրյալի մասնակցությունը վերաքննիչ դատարանում: Նա ֆիզիկապես հավատացնում եմ ձեզ ներկայանալ դատարան, ապարատ է միացված, այս պահին գտնվում է բուժման մեջ: Ցավոք, սրտի, քննիչները բանավոր պնդում են, որ իր առողջական վիճակը թույլ չի տալիս հարցաքննել, սակայն պարբերաբար այցելում են նրան, հարցաքննելու նպատակով»:
Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից արված հարցումներին, պարզվեց, որ հարցումներն արվել են պարզելու «Նիվա» մեքենան կարող էր շահագործվել, եթե չկային երկու հետդիտարկման կողային հայելիները, կարող էին շահագործվել,եթե ետեւում նստած են երկու, չորս հոգի, բալոն թույլատրվում էր տեղադրել, որը վթարի նպաստավոր պայման կարող էր լինել: Վթարի պահին ըստ պաշտպանի բալոնն առաջ է եկել, երեք անձը, որոնք գտնվել էին ետեւում, վնասվածքներ են ստացել, որը պատճառ է եղել նրանց մահվան:
Կարդացեք նաև
Դատարան էր ներկայացել «Նիվա». ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի ներկայացուցիչը` Ռուբեն Բալոյանը: Ըստ Ն.Բաղդասարյանի, իրենք հակված են ոչ թե պայքարելու տուժող կողմի հետ, այլ հաշտվելու. «Իմ անձնական ցանկությունն է փոքր-ինչ դադարեցվի, նպաստավոր վիճակ ստեղծվի, որ մեր կողմը կարողանա բանակցել իրենց հետ: Ես հարյուր տոկոսանոց օբյեկտիվ պատկերն ունեմ, գիտեմ, ինչպես է կատարվել, ավելին, ցավոք նախաքննական մարմինը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտումներ, դեպքի վայրի արձանագրությունների մեջ որոշ թվեր, չափագրելու ժամանակ չեն համապատասխանում իրականությանը, կան կասկածելի հանգամանքներ նաեւ Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի հետ կապված, նաեւ իր լույսերի հետ կապված…»:
Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հետ զրույցը կներկայացնենք վաղը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ