Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Պատվիրակության անդամներին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահին շնորհակալություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին ընձեռված հնարավորության համար և շնորհավորել Եկեղեցիների համաշխարհային խորհրդում Գարեգին Բ-ի նախագահության կապակցությամբ:
Նահանգապետը նշել է, որ Էլ-Քուվեյթում գործում է հայկական եկեղեցի, և հայկական համայնքն իր ուրույն դերակատարումն ունի Էլ Քուվեյթի հասարակական ու տնտեսական կյանքում: Նա նաև հավելել է, որ Հայաստան կատարած իր առաջին այս այցը նպատակ ունի էլ ավելի խորացնելու և ամրապնդելու երկու երկրների միջև առկա կապերը, այդ թվում՝ հատկապես Երևան քաղաքի հետ համագործակցություն ձևավորելու և խորացնելու տեսքով: Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահին երկարակեցություն է մաղթել հայոց հոգևոր առաջնորդին` ի փառս հայ ժողովրդի բարօրության:
Իր հերթին ողջունելով հյուրերին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ հայ-քուվեյթյան հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ առաջընթաց են արձանագրում, և կան բոլոր նախադրյալները փոխգործակցությունն ավելի սերտացնելու համար: Ամենայն հայոց հայրապետը հակիրճ ներկայացրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դերն ու նշանակությունը աշխարհասփյուռ հայկական գաղթօջախների համար և ընդգծել, որ Մայր աթոռն ակտիվ գործակցել է նաև արաբական աշխարհի այն երկրների հետ, որոնցում կան հայկական գաղթօջախներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումից հետո Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև Մայր տաճար, շրջել և ծանոթացել է տաճարի թանգարանի և գանձատան բացառիկ ցուցանմուշներին:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն